«Երևանյան երկխոսություն»․ Հայաստանը պատրաստվում է դիվանագիտական առաջին ֆորումին
Սեպտեմբերի 9-ից 11-ը Երևանում տեղի կունենա առաջին դիվանագիտական մեծ ֆորումը՝ Yerevan Dialogue-ը։ Եռօրյա հավաքի ընթացքում Հայաստանը կհյուրընկալի տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաների ու դիվանագետների։ Հրավիրյալների թվում են միջազգային կառույցների ներկայացուցիչներ, գործող ու նախկին նախագահներ, վարչապետեր ու նախարարներ։ Քննարկումները կծավալվեն թեմատիկ լայն օրակարգի շուրջ՝ հակամարտություններից ու աշխարհաքաղաքական խնդիրներից մինչև թվային կառավարում ու կանաչ տնտեսություն։
«Երևանյան երկխոսությունը»` որպես հարթակ, կմիավորի քաղաքականություն մշակողներին, գիտնականներին, գործարարներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Սեպտեմբերի 9-ից 11-ը Երևանում նրանք կքննարկեն մեր ժամանակների մարտահրավերները՝ հակամարտություններից մինչև կլիմայի փոփոխություն, թվային կառավարումից մինչև հաղորդակցություն։
Պաշտոնական Երևանը մեկ տարի պատրաստվել է այս համաժողովին` հայտնում է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
Եռօրյա ֆորումը կընթանա թեմատիկ հինգ սյուների շուրջ, կհյուրընկալի տարբեր երկրների նախկին ու ներկա մի քանի տասնյակ պաշտոնյաների ու դիվանագետների։
Հրավիրյալների թվում են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը, Լյուքսեմբուրգի փոխվարչապետը, Լիտվայի նախկին նախագահը, Թունիսի նախկին վարչապետը, Իրանի արտաքին գործերի փոխնախարարը, Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախկին նախարարը։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը կարծում է՝ համաժողովը լավ հնարավորություն է տարածաշրջանային հարցերի շուրջ հայկական մոտեցումները ներկայացնելու համար։
«Ստացվում է, որ առաջին անգամ իր մասշտաբով եզակի երկխոսություն է լինելու, Երևանում միջազգային հարթակ է տրամադրվելու դիվանագիտական մեծ անձնակազմի մի շարք հարցերի քննարկումներ անցկացնելու համար՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային։ Պետք է հասկանանք որ օրակարգում ներառվելու են կոնֆլիկտներ, դրանց լուծման տարբերակներ։ Կարծում եմ սա լավ հարթակ կարող է ծառայել ի լուր աշխարհի ցույց տանք թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ինչպիսի քաղաքական որոշումներ են կայացվել ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ֆոնին»։
Տարբեր երկրների ներկա և նախկին պաշտոնյաների մասնակցությամբ դիվանագիտական ֆորումի անցկացումը Երևանում լավ հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու տարածաշրջանային հարցերում առկա իրական պատկերը՝ կարծում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Խաղաղության օրակարգը, տարածաշրջանային հարցերը և տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում թե՛ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը, թե՛ Ռուսաստանի, թե՛ արտաքին քաղաքական մանևրը ենթադրում են, որ քննարկման առարկա են լինելու։ Ենթադրում եմ, որ կառավարությունը փորձում է ստեղծել որոշակի ինստրումենտներ, որպեսզի դիվանագիտական ազդեցություն ունենա Ադրբեջանի վրա։ Թեև ՀՀ կառավարությունը ուզում է հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը դրան չի գնում, կեղծ տեղեկատվություն է տարածում և ստեղծում է որոշ պատրանքներ, որ Հայաստանը օրինակ հրադադարի ռեժիմ է խախտում»։
Երևանյան ֆորումի պանելային քննարկումներից մեկն էլ կվերաբերի Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Հայկական կողմը դիվանագիտական միջազգային լսարանին կներկայացնի, թե ինչպես կարող է նախագիծը նպաստել Հարավային Կովկասի և նրա սահմաններից դուրս խաղաղությանն ու տնտեսական զարգացմանը։