ԿարևորՄիջազգային

Սերգեյ Սմբատյանը կբացի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-25թթ. համերգաշրջանը

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-25թթ. համերգաշրջանի բացման համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Սեպտեմբերի 6-ի համերգին կհնչի Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը՝ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մեկնաբանությամբ, ինչպես նաև Յոհաննես Բրամսի՝ «Հովվերգական» անվանումով հայտնի 2-րդ սիմֆոնիան։

Վալետայի նախագահական պատմական պալատի Նեպտունի այգում կայանալիք համերգով կնշանավորվի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի համատեղ համերգային գործունեության նոր փուլը։

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Որպես դասական երաժշտության ժողովրդականացման ակտիվ ջատագով՝ դիրիժորը ծավալում է հագեցած միջազգային գործունեություն, ինչպես նաև մեծ կարևորություն է տալիս դասական երաժշտության լսարանի երիտասարդացմանը և համաշխարհային ժամանակակից դասական երաժշտության հանրաճանաչմանը։

Դիրիժորը մի շարք ամենամյա երաժշտական փառատոների, ինչպես նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է: Նրա նախաձեռնությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում է կրթամշակութային ծրագրեր՝ ուղղված երիտասարդ սերնդի մշակութային զարգացմանը։ Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) 2019 թվականից աջակցում է պատանի երաժիշտների մասնագիտական առաջընթացին:

Back to top button