
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Ոռոգման սակավաջուր տարում բերքի կորուստ չունենալու նպատակով Արմավիրի մարզում ապավինելու են ընդերքի ջրային պաշարին: Արդեն վերագործարկվել է 40 խորքային հոր: Սարդարապատ համայնքում երեկ Աբասներ կոչվող տարածքում շահագործվեց ևս մեկը, որը ոռոգելու է մոտ 90 հա հողատարածք: Խնդիրը բարձրացվել էր 1 շաբաթ առաջ, և դրան լուծում է տրվել:
Արմավիրի մարզում ներկա պահին գյուղացիներին հուզող խնդիրը ոռոգման ջրի կանոնավոր մատակարարումն է, որից էլ կախված է բարձր բերքատվությունը: Մարզի բանջարեղենի և բոստանի ցանքատարածքներից գրեթե ամեն օր բերք են հավաքում: Ոռոգման ջրի եռօրյա դադարը անհանգստացրել ու խուճապ էր առաջացրել գյուղացիների շրջանում:
Արմավիրի մարզի գյուղատնտեսության ոռոգման աղբյուները Ախուրյանի ջրամբարն է, Արաքս և Սև ջուր գետերը, մասամբ էլ Սևանա լիճը: Ախուրյանում ջրի պաշարը քիչ է, Արաքսում` նույնպես, Սև ջուրը ցամաքել է, ուստի հույսը դարձյալ դրվել է խորքային հորերի վրա: Բացը լրացնելու նպատակով կառավարությունը որոշակի միջոցներ է տրամադրել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հետևում է խնդրի կարգավորմանը:
Ոռոգման ջրի անտեղի կորուստներ չունենալու և խնայողաբար ծախսելու նպատակով մարզում ոռոգումը կազմակերպվում է ջրաշրջանառության կարգով, այսինքն` եռօրյա ջրամատակարարմամբ: Սարդարապատ (նախկին Հոկտեմբեր) գյուղի շուրջ 1100 հա մշակովի հողատարծքներից գրեթե 80 հա-ը Աբասներ կոչվող տարածքում է, որտեղ ոռոգումը կազմակերպվում է ինքնահոս եղանակով, սակայն սակավաջրությունից ելնելով տարածքի բազմամյա տնկարքներն ու մյուս մշակովի տարածքները չէին ոռոգվում: Բերքահավաքի ընթացքին հետևելու ժամանակ մի տարեց հողագործ խնդրել էր մարզպետին լուծել ոռոգման ջրի խնդիրը:
Սարդարապատում գործում է մոտ 13 խորքային հոր, որից 2-ը խմելու ջրի խորքային հորեր են և սահմանված ժամանակացույցի համաձայն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով: Խոստացված ջուրը մեկ շաբաթ անց սարդարապատցիներն ունեցան: Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ Արաքս ջուրօգտագործողների ընկերությունը վերագործարկեց խորքային հորը, որը վայրկյանում մատակարարում է 40լ ջուր։
Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը հույս հայտնեց, որ ոռոգման ջրի խնդիր չեն ունենա: Մարզում արդեն վերագործարկվել է 40 խորքային հոր: Գործընթացը շարունակվում է, վերագործարկված խորքային հորից էլ գոհ էր խնդիրը բարձրաձայնած պապիկը` Սիրո Հարությունյանը:




