ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Որոշումների կայացումը պետք է լինի մասնակցային՝ հանրության լայն ներգրավմամբ

Ալավերդի խոշորացված համայնքում անցկացվել է «Միայն մասնակցային որոշումներ» ֆորումը՝ համանուն ծրագրի շրջանակում։ Քննարկման առարկան ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքների շրջանակներում հանրային քննարկումներին, լսումներին համայնքի բնակիչներին ներգրավելու կարգերի կիրառման բացերն ու խնդիրներն են եղել։ Ֆորումի նախաձեռնող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» թիմը ներկայացրել է շուրջ 1 տարվա դիտարկումների արդյունքները։ Բանախոսները շեշտել են հանրային քննարկումներին բնակչության լայն ներգրավման կարևորությունը։ Հավաքագրվել են նաև առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման և Շրջակա միջավայրի նախարարություններին, ինչպես նաև ՏԻՄ-երին։

«Միայն մասնակցային որոշումներ» ծրագրի թիմը շուրջ 1 տարի Լոռու մարզի Ալավերդի, Լոռի Բերդ և Թումանյան խոշորացված համայնքներում դիտարկել է հանրային լսումների իրականացման կարգը, վեր հանել բացերն ու խնդիրները՝ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքների շրջանակներում։ Դիտարկումներն ամփոփվել են հետազոտության մեջ։ 3 համայնքների ընդհանուր թվով 30 հարցվածներից 56 %-ը երբևէ չի մասնակցել լսումների, 58 %-ն էլ պաշտոնական կայքը չի դիտարկել որպես լսումների մասին տեղեկանալու աղբյուր։

Ծրագրի փորձագետ Արթուր Վարդազարյանը հիմնական բացթողումները կապում է իրազեկման ու անցկացման կարգի հետ․«Խնդիրներ ունենք և՛ իրավական դաշտում, որտեղ կարելի է բարելավել այն կարգերը որոնցով դա իրականացվում է, նաև կիրառման մեթոդները՝ հանրության ներգրավումը, հանրության մոտիվացիան, բոլոր փուլերում կան այս խնդիրները։ Ունենք մոտ 10-15 առաջարկներ։ Կարևոր առաջարկ է, որ ՏԻՄ- ՔՀԿ -ԶԼՄ համագործակցությունը հանրային լսումներին ներդրվի, ձևավորվի լսումներին մասնակցելու մշակույթ»։

Եթե բնակիչների և ՏԻՄ-ի միջև եղած անջրպետը վերանա, համայնքներն ավելի լավ կզարգանան՝ ասում է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը, կարևորելով լսումներին բնակիչների մասնակցության խթանմանն ուղղված ՏԻՄ-երի քայլերը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ավագանու ինստիտուտի մասին է խոսում։ Ավագանին, ասում է, պետք է միջնորդ լինի համայնքի ղեկավարի և բնակիչների միջև։ Խոշորացման ազդեցության մասին անցկացված հետազոտության Լոռու մարզի արդյունքներից է մեջբերում․ «Լոռու պարագայում հարցվողների 378 %-ը չի ճանաչում ընդհանրապես իրենց ավագանուն, 304 տոկոսը ճանաչում է 1-2 հոգու, 189%-ը կեսից քիչն է ճանաչում, 96 %-ը կեսին է ճանաչում, բոլորին ճանաչում են 37 %-ը, Լոռվա մասին է խոսքը։ Եթե քաղաքացին ավագանուն չի ճանաչում, ավագանու խնդիրն է։ Ավագանին պիտի աշխատի քաղաքացու հետ։ Սովորաբար էդ լսումներին, եկեք խոստովանենք, որ մասնակցում են ՀՈԱԿ-ների աշխատողները, համայնքային ծառայողները»։

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյան․«Մշակույթները շատ տարբեր են ըստ համայնքների, մի տեղ բավականաչափ մասնակցային է, թափանցիկ, մյուս տեղերը քաղաքացիների կարծիքը հաշվի էլ չեն առնում, մյուս տեղն էլ փորձում են իրենց կարծիքը ժողովրդին փաթաթել, դա գալիս է խոշորացումից»։

Կարծիքներ հնչեցին, որ հանրային լսումներին բնակիչների նվազ մասնակցությունը տեղական ժողովրդավարության ցածր մակարդակի, ՏԻՄ-երի կողմից ոչ  պատշաճ իրազեկում ապահովելու և լսումների՝ օրենքով սահմանված կարգը խախտելու հետևանք է։ Սրան զուգահեռ՝ առանձնացվեց նաև Լոռի Բերդ խոշորացված համայնքի օրինակը։ Այստեղ փորձարկել են հանրային լսումների մասին բնակիչներին ՍՄՍ հաղորդագրություններով ծանուցելու տարբերակը։

Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անկախ անդամ Համլետ Մազմանյանը հիշատակում է օգոստոսի սկզբին համայնքի Շենավան, Սարահարթ և Գոգարան բնակավայրերում հրավիրված լսումները, երբ օրեր անց Գոգարանում բնակիչների ստորագրությամբ վավերացված արձանագրության բովանդակությունը փոխվել էր՝ իբր լսումները կայացել են։

Ավագանու անդամն առաջարկում է օրենքով պատժիչ մեխանիզմներ սահմանել․ «Չգիտեմ գիտակցաբար, թե անգիտակցաբար այրվող կրակի վրա բենզին լցրեցին, կրքերն ավելի բորբոքեցին։ Եթե սկզբում ակտիվ մասան մի 15-20 հոգի էր, հիմա մի քանի անգամ ավելացել է։ Ուզում ա 60 նոր արձանագրություն կազմեն, իրողություն է և փաստ, տեսաձայնագրություն կա, որ լսումները չեն կայացել։ Պետք է լինի օրենսդրական փոփոխություն։

Եթե լինում են նման վարչարություններ, իմ կարծիքով, լավագույն տարբերակը ծանր ֆինանսական տույժերի ենթարկելն է, ընդ որում՝ պատասխանատու անձանց սեփական միջոցներից, ոչ թե համայնքի»։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ անդամ Արբակ Սարգսյանը, կիսելով ավագանու անդամի կարծիքը, ասում է՝ որոշումների ընդունումը հաճախ հենց ՏԻՄ մակարդակով էլ սահմանափակվում է, ոտնահարելով միջազգային փաստաթղթերով ստանձնած մի շարք պարտավորություններ։

«Օրհուսի կոնվենցիայ»ի ազգային համակարգող Մարի Չաքրյանը հիշեցնում է, որ Հայաստանը միացել է մի շարք միջազգային փաստաթղթերի, որոնցից միայն 28-ը՝ բնապահպանական ոլորտի, այդ թվում և «Օրհուսի կոնվենցիան»։ Դրանցում հստակ ամրագրված է որոշումների կայացման մասնակցային լինելու սկզբունքը․«Հիմնական 2 փաստաթուղթը, որոնք վերաբերում են հանրային իրազեկմանն ու մասնակցությանը, բաց կառավարման գործընթացն է, որին մեր կառավարությունը միացել է, նաև մի շարք համայնքներ՝ կամավոր։ Ինչ վերաբերում է շրջակա միջավայրին, ունենք «Օրհուսի կոնվենցիան»։ Այս փաստաթուղթը առաջնահերթ մասնակցության մասին է»։

Ֆորումին հավաքագրվեցին նաև հանրային լսումներին համայնքների բնակիչների ներգրավումն ավելի բարելավելու, մասնակցությունը մոտիվացնելու նոր մեխանիզմների ներդրման և կիրառման առաջարկներ։ Ծրագրի թիմը դրանք կմշակի և կներկայացնի ՀՀ տարածքային կառավարման և Շրջակա միջավայրի նախարարություններին և ՏԻՄ-երին։

Կարդացեք նաև

Back to top button