Նոր հեռանկարներ և համագործակցության հնարավորություններ․ Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կանցկացվի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը։ Հրավիրվել են նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները։ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանը կմասնակցի այդ միջոցառմանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբներին Երևանում անցկացվեց «Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ» համաժողովը, որի շրջանակներում պաշտոնապես բացվեց «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնը: Կենտրոնի նպատակն է նպաստել բիզնեսի զարգացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը:
Հայաստանը մասնակցելո՞ւ է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին. «Այո, մասնակցելու է», — ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ԱԺ–ում պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր հայտնել, որ ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության`Կազանում կայանալիք գագաթնաժողովին։
Այս պահին հայտնի է, որ ԲՐԻԿՍ-ի անդամ չհանդիսացող որոշ երկրների առաջնորդներ արդեն ընդունել են այդ կազմակերպությունում այս տարվա հունվարի 1-ից նախագահող ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հրավերն ու հաստատել մասնակցությունը: Մասնավորապես, հաստատվել է Թուրքիայի նախագահի մասնակցությունը։ Գագաթնաժողովին կմասնակցի նաև Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը։ Վերջին շրջանում տնտեսական դաշինքին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Թուրքիան պաշտոնական հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին միանալու համար։ Այս տեղեկությունը միայն այսօր են հաստատել Անկարայից։Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ին միանալու շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն դեռևս առաջընթաց չկա։ Նշենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացրել է նաև Ադրբեջանը՝ այս տարվա օգոստոսին, որի մասին հայտարարվեց այդ երկիր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից օրեր անց։
Որոշ փորձագետների կարծիքով՝ Հայաստանը, մասնակցելով այս գագաթաժողովին, փորձում է ամրապնդել իր դիրքերը միջազգային հարթակներում՝ գտնելով նոր դաշնակիցներ և բացահայտելով նոր հնարավորություններ։ Ըստ այս տեսակետի՝ սա ևս մեկ քայլ է դեպի Հայաստանի ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն։
«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Թաթուլ Մանասերյան.
«Առաջին հերթին պետք է նկատել, որ Հայաստանն ուղղակի այլընտրանք չունի, քան մասնակցել այդ գագաթնաժողովին, և նախկինում, մեղմ ասած, այն երկչոտությունը՝ քաղաքական, որ դրսևորվում էր պաշտոնական Երևանի կողմից, պարզապես անտեղի էր։ Ուրախ եմ, որ նման որոշում կա»։
Փորձագետների շրջանում, սակայն, միանշանակ չէ տեսակետը, որ ԲՐԻԿՍ-ի հարթակներին Հայաստանի մասնակցությունը՝ հետագայում անդամակցելու հեռանկարով, երկրի համար լուրջ ապագա է բացում։ Թե ի՞նչ կարող է այդ առումով կորցնել Հայաստանը, ըստ քաղաքագետ Արեգ Քոչինյանի, ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ մակարդակով է Հայաստանը մասնակցելու այդ միջոցառմանը։
«Եթե խոսքը գնում է երկրի ղեկավարի մակարդակով մասնակցության մասին, ապա ես կարծում եմ, որ դա կլինի կոպտագույն սխալ Հայաստանի կողմից, որովհետև մինչև այս պահը տեղի ունեցած ինտեգրացիոն գործընթացները, համագործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի և Արևմուտքի միջև, մեծագույն հարված կապրի Հայաստանի և, ըստ էության, հակաարևմուտքի միջև նման հանդիպման պարագայում, որովհետև ԲՐԻԿՍ-ը ձևավորվել է ի սկզբանե որպես հակաարևմուտք։ Ուրիշ ոչ մի այլ բան իրար հետ կապող պետությունները չունեն, որոնք որ մասնակցում են այդ միջոցառումներին, այդ ինտեգրացիոն գործընթացներին։ Եթե խոսքը գնում է արտաքին գործերի նախարարի կամ որևէ այլ մակարդակով մասնակցության մասին, ապա, կարծում եմ, դա հնարավոր կլինի, էսպես ասած, աշխատեցնել և ընկալելի դարձնել մեր արևմտյան գործընկերների համար»։
Թաթուլ Մանասերյանը հիշեցնում է, որ միավորմանն անդամակցում են Հայաստանի բարեկամ երկրներ։ Ըստ նրա, որպես ռազմավարական դաշինք, ԲՐԻԿՍ-ն արդեն կայացել է և շարունակում է ընդլայնվել, ուստի ինտեգրումը և մասնակցությունը համատեղ նախագծերին չափազանց կարևոր են: Տնտեսագետի ձևակերպմամբ՝ Հայաստանը պետք է ակտիվորեն ինտեգրվի ԲՐԻԿՍ-ին` հատկապես հաշվի առնելով կազմակերպության մասնակիցների հետ արդեն գոյություն ունեցող ամուր տնտեսական կապերը։ Մանասերյանը նկատում է նաև, որ ԲՐԻԿՍ-ը բազմիցս հայտարարել է՝ այս միավորումն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ՝ հակառակը, լրացնող նշանակություն ունի։
«Ի հավելումն դրան, Հայաստանի Հանրապետությունը ավելի պետք է խորացնի հիմնադիր մյուս անդամների հետ կապերը, մասնավորապես՝ Չինաստանի, Հնդկաստանի, և պետք է ասեմ, որ այս գերտերությունները հենց այդպես էլ դիտարկում են համագործակցությունը Հայաստանի հետ, որովհետև Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում է մեր երկիրը, էնպիսի ձևաչափ է ներկայացնում, որը հնարավորություն է ընձեռել Հայաստանին էապես բարելավել տնտեսական ցուցանիշները, ներառյալ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով»։
Կազմակերպությունը կոչվում է BRICS՝ հիմնադիր երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի անգլերեն սկզբնատառերով։ Ներկայումս կազմակերպությունը ներառում է 9 երկիր՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։