ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գետառը բացելու հարցին ինչ–որ պահի կանդրադառնանք․ Ավինյանը՝ գետի ապագայի ու մաքրման նոր համակարգի մասին

Քաղաքապետարանը Երևանի գետերը՝ Գետառն ու Հրազդանը, կենցաղային աղբից մաքրող կայան և աղբաորսիչ համակարգ է կառուցում։ Դրանք կսկսեն գործել տարեվերջին։ Գետառի վրա կառուցվող կայանը տեսակով առաջինն է, արժե ավելի քան 246 միլիոն դրամ։ Բնապահպանները, մինչդեռ, կարծում են, որ Գետառի մեխանիկական մաքրումն անարդյունավետ է, քանի դեռ գետը բետոնապատված է ու կտրված բնական միջավայրից։ Քաղաքապետին այս խնդիրը մտահոգում է, Ավինյանը չի բացառում, որ հետագայում անդրադարձ լինի նաև գետը գետնի տակից հանելուն։

Մայրաքաղաքով հոսող Գետառը կմաքրվի կենցաղային աղբից, բայց արևի լույս կտեսնի, թե ոչ, առայժմ պարզ չէ։ 2000–ականների սկզբին բետոնապատված ու ասֆալտի տակ անցած գետը մաքրելու համար քաղաքապետարանը նոր կայան է կառուցում․ գետի հունի վրա գտնվող կայանը ոչ միայն ջուրը կմաքրի կենցաղային աղբից, այլև թթվածնով կհարստացնի այն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասում է՝ գուցե հետագայում անդրադարձ լինի Գետառը գետնի տակից հանելուն։

«Ես շատ ցավում եմ իրականում, որ ժամանակին որոշում է կայացվել բնական գեղեցիկ միջավայրը ավելի բարեկարգելու ու մաքրելու փոխարեն ուղղակի փակելը, որը միշտ ամենահեշտ տարբերակն է: Բնության մասնիկ ունենալ Երևանի նման ակտիվ քաղաքում՝ կարծում եմ շատ կարևոր է։ Քաղաքով անցնող Գետառը համարժեք է մի քանի խոշոր այգիներ ունենալուն։ Վստահաբար, ինչ–որ մի կետում այդ հարցին նորից անդրադարձ ենք ունենալու։ Բայց, ինչպես ասում են, մի բան է էշի վրա նստելը, հետո իջնելն էլ մեկ այլ խնդիր է, հետևապես հիմա պետք է մտածենք, թե ինչպես ենք ճիշտ իջնում այդ էշի վրայից»,– ասում է Ավինյանը։

Հատիսի լանջից սկիզբ առնող, մայրաքաղաքով անցնող ու Երևանի ծայրամասում՝ Շենգավիթում Հրազդան թափվող գետը գետնի տակն է անցել 2007-ին։ Այդ տարիների քաղաքային իշխանությունը որոշեց Գետառը բետոնապատել՝ տարածքի կառուցապատման ու ճանապարհաշինության համար։ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը կարծում է, որ Գետառի աղտոտվածության ամենամեծ պատճառներից մեկը հենց փակ լինելն ու բնական կենսամիջավայրից, այսպես ասած, թունելի տակ անցնելն է։ Գետառի մեխանիկական մաքրումն անարդյունավետ կլինի, քանի դեռ գետը չունի ինքնամաքրման հնարավորություն՝ պնդում է բնապահպանը։

«Ընդհանրապես, գետը խողովակի մեջ վերցնելը մեծ սթրես է գետի համար։ Եվ պատահական չէ, որ Գետառն ունի ամենավատ, ամենածանր աղտոտվածության 5-րդ աստիճան։ Տարբերություն չկա՝ Գետա՞ռն է, թե՞ մեկ այլ գետ, այդ ինքնամաքրման գործընթացը տեղի է ունենում, բայց դա հնարավոր է նորմալ գետերի պարագայում, իսկ գետը, որը վերցված է խողովակի մեջ, արդեն գետ չէ, պարզապես ջրատար է»։

Գետառը մաքրող կայանը կառուցելու համար քաղաքապետարանն ու կառավարությունը 246 միլիոն դրամ են ծախսել։ Այս կայանն իր տեսակի մեջ առաջինն է մայրաքաղաքում։ Այն ոչ միայն աղբաորսիչներ, այլև ջրավազաններ ու շատրվաններ ունի, որոնք կապահովեն ջրի կենսաբանական մաքրումը։ Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ինժեներ Ռուբիկ Ադամյանը մանրամասնում է․

«Առաջին հերթին նախատեսված է 4 մետր լայնությամբ խոշոր ճաղավանդակ, որով բռնում ենք գետի բերած խոշոր մարմինները։ Դրանից հետո արդեն ջուրը անցնում է մեխանիկական ճաղավանդակներով, որոնց ճաղերի բացվածքը 30մմ է, այսինքն մինչև 30մմ խոշորության բոլոր բերվածքները մենք հնարավորություն ունենք այս սարքավորումների միջոցով բռնել և հեռացնել։ Այսպիսով աղբը հեռացվում է հատուկ նախատեսված աղբամանների մեջ և կռունկի միջոցով արդեն աղբը հեռացվում է դեպի աղբավայր»,– բացատրում է գլխավոր ինժեները։

Այս տարի 122 միլիոն դրամ արժողությամբ աղբաորսիչ երկու կայան էլ կկառուցվի Հրազդան գետի վրա․ մեկը՝ Շենգավիթում, մյուսը՝ Կիևյան կամիջի հարևանությամբ։ Սա նշանակում է, որ թե՛ Գետառից, թե՛ Հրազդանից աղբը կմաքրվի ու արդեն «պարզաջրված» գետերը լցվեն Երևանյան լիճ։ Տիգրան Ավինյանն ասում է՝ Հրազդան գետի վրա նախկինում էլ աղբաորսիչ ցանցեր են եղել, որոնք, սակայն, այդքան էլ արդյունավետ չէին։

«Կարծում եմ, որ մեր ամենակարևոր ու առաջնահերթ խնդիրը պետք է լինի երևանցիների հետ խոսելը, որովհետև այս աղբը, որի հեռացման վրա այսքան ռեսուրս ու էներգիա ենք ծախսում, հենց մենք ենք գեներացնում։ Առաջնային խոսակցությունը հենց դրա մասին պետք է լինի, որ աղբը գեներացնողը Հրազդանում, Գետառում ու Երևանյան լճում մենք ենք»։

Քաղաքային իշխանությունը նախատեսում է՝ առաջիկայում լուծումներ գտնել նաև կոյուղաջրերի՝ գետեր թափվելը բացառելու համար։ Ավինյանն ընդգծում է՝ այս խնդրի լուծման համար վերջին երկու տարիներին արդեն շուրջ 30կմ կոյուղագիծ է կառուցվել։

Կարդացեք նաև

Back to top button