Դպրություն

Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը` միակը տարաշարջանում․ «Դպրություն»

Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը ծառայում է ձայնային տվյալներ ունեցող երեխաների բազմակողմանի պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստանալու համար։ Այստեղ առանձնահատուկ  ուշադրության կենտրոնում են փոփոխման  շրջանում (մուտացիա) գտնվող աշակերտները: Աշակերտներին բացի վոկալ առարկայից դասավանդվում են  նաև դաշնամուր, տեսական առարկաներ, խմբավարություն, երգչախումբ:

«Մեր դպրոց եկած երեխաները, եթե ձայն ունեն, երաժշտական են, կարողանում են երգել, կարելի է և չխառնվել, չմիջամտել այդ ձայնի մեջ։ Բայց գալիս է մի տարիք, դա արբունքի շրջանն է, որը շատ անհատական է, հատկապես տղաների մոտ, տեղի է ունենում մուտացիա՝ փոփոխություն։ Այդ շրջանում, երբ ձայնը փոխվում է՝ շատ վտանգավոր է։ Երեխան կարող է ձայնը կորցնել։ Լինում են նաև հոգեբանական պահեր, երեխաները հուսահատվում են։ Այդ պահին արդեն գալիս են մասնագետները, ուսուցիչները՝ օգնելու իրենց ճիշտ ուղղորդելու, ձայնը ճիշտ զարգացնելու։ Սա շատ պատասխանատու և բարդ աշխատանք է», – ասում է Ձայնի պահպանման վոկալ–երգչախմբային մասնագիտական դպրոցի վոկալի բաժնի վարիչ, վոկալի ուսուցչուհի Նունե Բադալյանը։

«Դպրոցն ունի կայուն ավանդույթներ։ Իր ստեղծման օրվանից ամենակրևորը եղել է՝ չփնթփնթալ։ Երբևէ չենք խոսել նրա մասին՝ ինչ չունենք։ Միշտ սիրում ենք խոսել նրա մասին, ինչ ունենք և ձգտում ենք ունենալ ավելին։ Իսկ մենք ունենք աշխատանք և որակ։ Այդպես եղել է դեռևս Դավիթ Զալյանի տարիներից։ Հպարտորեն կարող եմ ասել, որ մեր երեխաները միշտ տարբերվում են։ Սովորելով մեր դպրոցում, առաջին հերթին նրանց մոտ ձևավորվում է աշխարհայացք, հոգեվիճակ, իսկ երաժշտական դպրոցի ուսուցչի առաքելությունը պետք է միանշանակ լինի մեկ բան՝ երեխայի մեջ դաստիարակել դրականը, լավատեսությունը, բարին»,–  ասում է Ձայնի պահպանման վոկալ–երգչախմբային մասնագիտական դպրոցի փոխտնօրեն և խմբավար Էմմա Առաքելյանը։

Back to top button