ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Շատ փոքր է այս պահին մեր հայրենիքը, գոնե այդ փոքրը պետք է պահել ու պահպանել․ Վաչե Վարդանյան․ «Կյանքին ասել  այո՛»

Վաչե Վարդանյանը ծնվել է 1999 թվականին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը։  Մինչ բուհ ընդունվելը 2017-2020 թվականներին աշխատել է Հանրային հեռուստաընկերության «Եթե բոլորը» նախագծում որպես համակարգող։ 2022-ից մինչ օրս  Հայ կրթական հիմնարկության հանրային կապերի պատասխանատուն է։ Աշխատում է նաև Երգի պետական թատրոնում որպես համակարգող։ 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց մեկնեց Արցախ ապրելու։ «Մարդիկ մտածում էին, որ պատերազմի 44 օրով ամեն ինչ ավարտվեց, բայց 45-րդ օրը ինձ համար սկսվեց ամենադժվար փուլը։ Գնացի Արցախի Սարուշեն գյուղ, որն այդ շրջանում ամենավտանգվածներից էր։ Գյուղի ճանապարհը երկու կողմից շրջափակված էր։ Երբ գնում էի Ստեփանակերտ, շատ վարորդներ գյուղ չէին բերում, վախենում էին»,-պատմում է Վաչեն։

Տասնյակ կիլոմետրեր ոտքով քայլել է, հասել առաջնագծի տարբեր զորամասեր, որպեսզի օգնի հայ զինվորին, գյուղերում իրականացրել  է բարեգործական մի շարք ծրագեր, այդ թվում ՝ արցախցի փոքրիկների համար հիմնել «Խոխա» կենտրոնը, որն Արցախի հայաթափումից հետո վերաբացվել ու գործում է Երևանում։ Արցախ տեղափոխվելուց երկու ամիս անց աշխատանքի առաջարկ է ստանում  Արցախի հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունում, Հանրային կապերի բաժնի պետն էր։ Այդ ընթացքում ծնվում է զոհվածների ընտանիքներին օգնելու գաղափարը, որի արդյունքը  «Հայորդի» նախաձեռնությունն էր։ Ծրագրի շրջանակում գործող «Հայորդի» ամենամյա ճամբարն այսօր միավորում  ու աջակցում է պատերազմի հետանքով տուժած ընտանիքների երեխաներին: «Իմ ամենամեծ նպատակներից մեկն այն է, որ գոնե հինգ-տասը տարի հետո այդ երեխաները հպարտությամբ ասեն, որ իրենց հայրերը կյանքը նվիրել ու զոհվել են հանուն Արցախի՝  հասկանալով, որ իրենք  հայրենիքում  գնահատված ու սիրված են։ Շատ փոքր է այս պահին մեր հայրենիքը, գոնե այդ փոքրը պետք է պահել ու պահպանել  շատ ամուր»,-ասում է Վաչեն։

Back to top button