ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման Կանոնակարգը նոր պահանջներ է առաջացրել

Կառավարության առաջիկա նիստում արդեն ընդգրկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների ստորագրած Կանոնակարգի հարցը։ Այսպիսով՝ մինչ Ադրբեջանում դեռ ձևավորվում է խորհրդարանը, Հայաստանում արդեն սկսում են փաստաթղթի վավերացման ներպետական ընթացակարգերը։ Կառավարության e-gov.am կայքում արդեն տեղադրված է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ստորագրած փաստաթուղթը։ Սահմանազատման կանոնակարգին զուգահեռ զարգացումներ կան նաև «Խաղաղության պայմանագրի» նախագծի ուղղությամբ։

6 էջ, 7 հոդված և մոտ 30 կետ է սահմանում կարգը, որով այսուհետ պետք է աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։ Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Էլչին Մուստաֆաևի ստորագրությունները դրված են բոլոր 6 էջերի վրա, փաստաթուղթը բաղկացած է երկու բնօրինակից։

Հայաստանի կառավարությունն արդեն սկսել է սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգի վավերացման ներպետական ընթացակարգը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կառավարության սեպտեմբերի 5–ի նիստի օրակարգում է արդեն։ Այդ օրը ստորագրված փաստաթղթին կտրվի հավանություն և կորոշվի դիմել ՍԴ՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։ Դատարանի դրական պատասխանի դեպքում սահմանված կարգով փաստաթուղթը կներկայացվի ԱԺ վավերացման։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի մեկնաբանություններով՝ այս ամենը առաջին հերթին կարևոր է ոչ թե բովանդակության, այլ՝ Ադրբեջանից հնչող շահարկումներին պատասխանելու տեսանկյունից։ Նա վստահ է, որ Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն է տալու փաստաթղթին։

«Դա նշանակում է, որ դրանով իսկ դուրս է գալիս այն պրետենզիաները Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ ըստ որոնց, իբր մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, որովհետև դա կնշանակի, որ մեր Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում ընդդեմ Հայաստանի Սահմանադրության, եթե նայենք Ադրբեջանի տրամաբանությամբ։ Իսկ եթե դա այդպես չէ, ուրեմն Ադրբեջանի պրետենզիաները մեր Սահմանադրության վերաբերյալ ուղղակի սուտ են»։

Սկզբունքային հարցերի տեսանկյունից Կանոնակարգում ամրագրված է 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագրին հղումը։

Սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգի ստորագրումn ադրբեջանական կողմն այժմ նորովի է մեկնաբանում։ Ադրբեջանից հնչող մեկնաբանությունների համաձայն՝ սրանով կորչում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետագա աշխատանքի իմաստը։ Հայաստանում այդպես չեն կարծում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանի ներկայացմամբ՝ Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի հարց չկա․

«Անկախ՝ ինչպիսի մեկնաբանություններ են նրանք տալիս, ԵՄ դիտորդական առաքելությունը մեր հրավերով է այստեղ, բացառապես հայկական սահմանին է տեղակայված։ Սա նախ և առաջ Հայաստան–ԵՄ որոշելիքն է, երկկողմ մեր օրակարգն է։ ԵՄ մեր գործընկերները, լինելով սահմանին, քանիցս հերքել են ապատեղեկատվությունը, որ Հայաստանի կողմից կրակոցներ են եղել կամ կուտակումներ և այլն։ Այս իմաստով առաքելության ներկայության անհրաժեշտությունը ես դեռ տեսնում եմ, որովհետև այս վերջին շաբաթներին էլ մենք պարբերաբար լսում ենք ապատեղեկատվություն, որ հայկական կողմը զորքեր է կուտակել։ Սա ամենևին Ադրբեջանի որոշելիքը չի կարող լինել և չի»։

Սահմանազատման հարցերով հանձնաժողովների Կանոնակարգի ստորագրմանը զուգահեռ զարգացումներ կան «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ։ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել փաստաթղթի 10–րդ խմբագրումը։ Ինչպես մինչ այդ հայտարարել էր Հայաստանի վարչապետը՝ 17 կետից 13–ը ամբողջովին համաձայնեցված են։ Հայաստանը Ադրբեջանին նաև առաջարկել էր ստորագրել այդքանը, հետո շարունակել հետագա քննարկումները։

Ադրբեջանը թեև դեռ չի պատասխանել Հայաստանի առաջարկներից և ոչ մեկին, արդեն դժգոհում է փաստաթղթի 10–րդ խմբագրումից։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ ներկայացրած տեքստի նախագծից դուրս են մնացել մի քանի կարևոր կետեր։

Մինչդեռ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Պրահայում անցկացվող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը: Կոստանյանն անգամ ժամկետ է նշել, հայտարարելով, որ Հայաստանում հավատում են՝ փաստաթուղթը հնարավոր է ստորագրել մինչև նոյեմբեր, մինչև Ադրբեջանում COP29–ի անցկացումը։

Հայաստանից հնչող այս ազդակների ֆոնին Ադրբեջանից շարունակում են պահանջել սահմանափակել Հայաստանի սպառազինության ծավալը։ Այս առումով Բայրամովը դժգոհել է, որ Հայաստանի ռազմական բյուջեն աճել է մոտ 50%-ով։ Ադրբեջանի այս անհանգստություններին Հայաստանի վարչապետը պատասխանել է իր վերջին ասուլիսի ժամանակ՝ այդ մեղադրանքները համարելով անարդար․

 «Որովհետև ցանկացած պետություն ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք։ ՄԱԿ–ի կանոնադրությունը զինված ուժեր ունենալու, ինքնապաշտպանվելու իրավունքը, ըստ էության, համարում է անօտարելի։ Այսինքն՝ ցանկացած երկիր ինքը իրեն պաշտպանելու իրավունք ունի, չի կարող վիճարկվել։ Մեզ քննադատում են նրա համար, որ մենք օրինակ, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, և Ադրբեջանում ընդունված է խոսել, որ արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին։ Բայց Ադրբեջանը զենք է ձեռք բերում Իտալիայից։ Ֆրանսիայի կողքի երկիրն է, ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից։ Ասում են, որ ԵՄ–ն, Արևմուտքը զինում է Հայաստանին։ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից։ ԵՄ առնվազն երեք երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ»։

Այն, որ Հայաստանն իր սպառազինությունը ագրեսիվ նպատակներով չի օգտագործում, ըստ վարչապետի, փաստում է նաև իրականությունը, որ ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետրի մաս են մինչ այսօր օկուպացված 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածքները, որոնք Հայաստանը չի փորձում ուժով հետ բերել։

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին և փաստաթղթին, ապա Նիկոլ Փաշինյանը նշում է՝ Հայաստանի հանրությունը այդ փաստաթղթին կծանոթանա, երբ այն ստորագրվի։ Սակայն անակնկալներ փաստաթղթում, ըստ վարչապետի, չեն կարող լինել, որովհետև տարբեր զրույցներում և հարցազրույցներում աստիճանաբար բացվում են փաստաթղթի դրվագներն ու էությունը։

Կարդացեք նաև

Back to top button