Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Տղերքին մաս-մաս հավաքել ենք․ Ավագ Դալլաքյան․ «Կյանքին ասել այո՛»

Ավագ Դալլաքյանը ծնվել է 2002 թվականին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո 2020-ի ամռանը զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախի հանրապետության Հադրութի շրջանում։ Երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ 

Կռվել է Հադրութում, ավելի ուշ՝ Շուշիում, որտեղ էլ նոյեմբերի հինգին հրազենային վիրավորում է ստացել զստոսկրի, ողնաշարի ու ձախ ոտքի հատվածներում։ Արդյուքում՝ ոտքն այսօր անզգայացած է, առանց ձեռնափայտի առայժմ չի կարող քայլել։ Պատերազմի ծանր դրվագներից Ավագն առանձնացնում է սերժանտի մահը․

«Մեր աչքի առաջ մահացավ, նայում էինք ու ոչնչով չէինք կարողանում օգնել։ Շատ ծանր վիրավորում էր ստացել կոկորդի հատվածում։ Տղաներից մի քանիսն անգամ վատացել էին այդ տեսարանից, ահավոր էր, հնարավոր չէր նայել։ Շատ ծանր դրվագներ կան, որոնց մասին ուղղակի չեմ ուզում խոսել։ Տղերքին մաս-մաս հավաքել ենք, որ հարազատներին գոնե մի բան հասներ հուղարկավորելու համար»,-պատմում է Ավագը։

2021 թվականին Ավագն ընդունվեց Վանաձորի պետական համալսարան, «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող է։ Ուսմանը զուգահեռ մասնակցել է «ՀԵՆՔ» համազգային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «ՄՏՔԻ ԶԱՐԿ» ՀԿ-ի կողմից իրականացվող դասընթացներին՝ ձեռք բերելով նոր մասնագիտություն արդեն ՏՏ ոլորտում։ Նկարահանման օրը Հայ-ռուսական համալսարանում Ավագը ստացավ ավարտական դիպլոմը, որը նրա համար մասնագիտական նոր հեռանկարի հնարավորություն է։

Back to top button