
Արցախցիներն ահազանգում են, որ եվրոպական երկրների մի շարք դեսպանատներ հրաժարվում են մուտքի արտոնագիր՝ վիզա տրամադրելու համար ընդունել իրենց դիմումները։ Դեսպանատները, արցախցիների պնդմամբ, պատճառաբանում են, որ չեն կարող սպասարկել 070 ծածկագիր ունեցող անձնագրերը։ Բռնի տեղահանվածները կարծում են՝ այսպիսով խախտվում են իրենց իրավունքները ու երկրները խտրական վերաբերմունք են ցուցաբերում ծագման հիմքով։ Արտաքին գործերի նախարարությունը «Ռադիոլուրին» տված պարզաբանման մեջ ընդգծում է՝ նախարարություն այս խնդիրը եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ շփումների ժամանակ պարբերաբար բարձրացնում է, իսկ երկրների մի մասը հավաստիացրել է, որ իրենց կողմից վիզայի դիմումներն ընդունվել և շարունակում են ընդունվել՝ անկախ դիմողի անձնագրի կոդից:
«Վիզա կենտրոն եմ դիմել, մասնավորապես Լիտվայի դեսպանատուն, իսկ այնտեղ իմ թղթերը ուղղակի չվերցրին»։
Լիզա Մաթևոսյանին վիզաների կենտրոնում բացատրել են, որ ինքը 070 կոդով անձնագիր ունի, իսկ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը որոշում ունի չսպասարկել այդ կոդով, այսինքն՝ Արցախում տրամադրված անձնագրերով քաղաքացիներին։
«Ու ստացվեց, որ ես թղթերս ուղղակի չկարողացա հանձնել, որ քննարկվի մերժեն կամ չմերժեն իմ վիզան ուղղակի թղթեր չվերցրին»,– ասում է տեղահանված արցախցին։
Լիզան միջազգային համաժողովի է մասնակցում, հրավեր ունի, ասում է՝ նախկինում էլ՝ մինչև տեղահանվելը պարբերաբար վիզաներ ստացել ու ճամփորդել է, բայց հիմա անելանելի վիճակում է։ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասում է՝ Լիզան նման խնդրով միակ արցախցին չէ․ պարբերաբար նման ահազանգեր են ստանում, հարցն ավելի է սրվել վերջին ամիսների ընթացքում։

«Նախ կբաժանեի դեսպանատների մոտեցումները երեք մասի․ դեսպանատներ, որոնք առանց որևէ խոչընդոտի տրամադրում են շենգենյան վիզա, օրինակ Ֆրանսիայի դեսպանատան մասին է, չի եղել մի դեպք, որ մերժեն ընթացքավորել դիմումը՝ պատճառաբանելով, որ անձնագիրը 070 կոդով է․ մյուս խումբը՝ դեսպանատներ, որոնք պարբերաբար տարբերակված մոտեցում են ցուցաբերում, օրինակ գիտեմ, որ նույն անձին Գերմանիայի դեսպանատունը մերժել է, հետո հրավիրող կողմն է դիմել դեսպանատուն և ընդունել են այդ անձի դիմումը ու վիզա տվել։ Եվ դեսպանատներ, որոնք որևէ կերպ չեն ընդունում դիմումները ու չեն ընթացքավորում, այդ շարքում Լեհաստանը, Լիտվան, Չեխիան»,– ասում է Ստեփանյանը։
Ստեղծված իրավիճակը նաև մարդու հիմնարար իրավունքների խախտում է․ ստացվում է, որ երկրները մարդկանց ծագման հիմքով են մերժում մուտքի արտոնագիր տրամադրել՝ շեշտում է Արցախի նախկին պետնախարար «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Ծագման հիմքը հանդիսանում է 070 կոդը, իրենք ասում են եթ այս անձնագիրն ունես հետևաբար քո ծագումը Լեռնային Ղարաբաղից է, կամ փախստական ես, հետևաբար մենք քեզ վիզա չենք տրամադրում։ Այստեղ նաև վարչարարության խնդիր կա․ ոչ ոք իրավունք չունի դիմում չվերցնելու, պարտավոր են դիմումը վերցնել ընթացքավորել ինչպես կարգն է ու հետո դիմումին պատասխանել։ Մենք գոնե պետք է պնդենք հասնենք նրան, որ ընթացքավորեն ու պաշտոնական մերժում ու հիմնավորում տան թե ինչու են մերժում։
Հայաստանի կառավարությունը 2023թ հունվարի 26-ին ընդունած որոշմամբ Արցախից բռնի տեղահանվածներին՝ 070 ծածկագրով անձնագիր ունեցողներին, ժամանակավոր պաշտպանության տակ է վերցել ու ճանաչել նրանց փախստական՝ տրամադրելով համապատասխան վկայական։ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է՝ 070 ծածկագրով անձնագիրը հանդիսանում է ճամփորդական փաստաթուղթ ու վավեր է միայն ժամանակավոր պաշտպանության վկայականի հետ, իսկ դրանք ունեցող անձինք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

«Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության անդամ պետությունների միջև առկա երկկողմ և բազմակողմ իրավապայմանագրային բազան առնչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այնուամենայնիվ, թիվս այլ հարցերի, նախարարությունն այս խնդիրը բարձրացնում է տարբեր ձևաչափերով և մակարդակներով եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչների հետ շփումների ժամանակ և երկրների մի մասը հավաստիացրել է, որ իրենց կողմից վիզայի դիմումներն ընդունվել և շարունակում են ընդունվել անկախ դիմողի անձնագրի կոդից»,– կարդում ենք ԱԳՆ գրավոր պարզաբանման մեջ։
«Իմ անձնագիրը ոչ մի բանով, արտաքին տեսքով չի տարբերվում ձեր անձնագրից, նույնիսկ անձնագրիս մեջ քաղաքացիություն տողի տակ նշված է՝ հայաստանի Հանրապետություն։ Այսինքն անձնագրով ես համարվում եմ քաղաքացի, բայց պետությունը ինձ որպես քաղաքացի չի ընդունում»,– ասում է արցախցի Լիզան։
Իրավապաշտպանները նամակով նաև միջազգային կազմակերպություններին, այդ թվում ՄԱԿ–ին են դիմել ու ներկայացրել իրենց մտահոգող խնդիրը։ Պատասխան առայժմ չեն ստացել։




