ԿարևորՀասարակություն

Սկսած 1990-ականներից՝ հայկական կողմն ունի շուրջ 1000 անհետ կորած․ ԿԽՄԿ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին  համապատասխան ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ սկսած 1990-ականներից ներկայումս տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում հայկական կողմից 1000 հոգի և մոտ 4000 ադրբեջանցի։

700 հայաստանցի անհետ կորած է համարվում 1990-ականների Արցախյան պատերազմի, 300 անձ՝ 2020-2023 թթ. Արցախյան պատերազմների հետևանքով, ասել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Այսօր՝ օգոստոսի 30-ին, նշվում է Անհետ կորածների միջազգային օրը։ ԿԽՄԿ-ից նշում են, որ ամեն տարի այս օրը ևս մեկ հնարավորություն է զորակցություն հայտնել անհետ կորածների ընտանիքներին։ Կարևոր է, որ այս ընտանիքներն իմանան, որ միայնակ չեն, որ նրանց հարազատները չեն մոռացվել, և որ արվում է հնարավորը՝ օգնելու նրանց անհրաժեշտ պատասխաններ ու աջակցություն ստանալու համար:

«Այստեղ մենք գործ ունենք ինչպես ընտանիքների, այնպես էլ պատկան մարմինների հետ, որոնք պատասխանատու են ընտանիքներին հասցնել այդ հարցերի պատասխանները, որպեսզի կարողանանք պատկան մարմինների հետ աշխատելով և իրավիճակը պարզաբանելով՝  աջակցել նրանց ավելի պրոֆեսիոնալ գործել և հետագայում փոքրացնել նման դեպքերի թիվը», — ասել է Ամատունին՝ շեշտելով, որ խոսքը կարող է վերաբերել ինչպես ռազմական սրացումների, այնպես էլ տարերային աղետների հետևանքներին, ուստի շատ կարևոր է, որ նման հաստատությունները կարողանան լիարժեք կազմակերպել իրենց աշխատանքը։

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը վերահաստատել է որ կազմակերպության ներկայացուցիչներն այցելում են բոլոր այն անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։

«Ընտանիքներն առաջինն են իմանում այցելությունների մասին։ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են գերիներին՝ անկախ կարգավիճակից։ Այցելում ենք բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են իշխանությունները։ Սակայն մեր կազմակերպությունը չի տեղեկացնում այցելվող անձանց թվի մասին», — հիշեցրել է Զառա Ամատունին։


Կարդացեք նաև

Back to top button