ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Խանջյանում կրճատվում են խաղողի այգիները 

Արմավիրի մարզի Խանջյան գյուղում գյուղացիները խաղողի այգիները սկսել են փոխարինել դեղձի ու սալորի պտղատու այգիներով: Պատճառը նախորդ տարիներին խաղողի մթերման ցածր գինն է ու իրացման դժվարությունները:

Այգետերերը թեպետ ափսոսանքով, բայց սկսել են քանդել այգիները: Երկար տարիներ իրացման կայուն պայմանագրեր են ունեցել Երևանի կոնյակի գործարանի հետ, որն աստիճանաբար կրճատել է մթերման քանակն ու պայմանագրերը:

Խանջյան գյուղի խաղողի այգիներում նկատելի են արևից շողշողացող ողկույզները, որոնք օր օրի ծանրանում են ու քաղցրանում: Գյուղում մշակում են կոնյակի սպիրտի հումք հանդիսացող տեխնիկական ռկածիթելի ու կանգուն սորտերը: Խաղողի այգիների մշակության համար այգետետրերը զգալի աշխատանք ու ծախս են անում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, իսկ հիմնական մտահոգությունը բերքի իրացումն է: Էդիկ Հարությունյանը 2500քմ խաղողի այգուց այս տարի շուրջ 6.5 տոննա բերք է ակնկալում:

«Վրացական ռկածիթելի սորտն է, բերքը նորմալ է, միջին չափի: Դեռ գարնանը իրացման պայմանագիր եմ կնքել Երևանի կոնյակի գործարանի հետ՝ 140 դրամով»:

Այգու խնամքի համար Էդիկ Հարությունյանը մի քանի անգամ բուժում է, հողը՝ պարարտացնում: Ասում է՝ իր այգու հողի որակը լավն է, 2-րդ կարգի, բայց անպայման  սնուցում է գոմաղբով ու ազոտական պարարտանյութով: Խաղողի այգիներում ձեռքի աշխատանքը շատ է:

«Գյուղերում հավաքված գոմաղբերն ենք բերում, անվճար են տալիս: Գարնանը, երբ էտի աշխատանքները վերջացնում ենք, հենց այդ ժամանակ պարարտանյութ ենք տալիս, հետո սկսում վարել»:   

Վազերը տարվա մեջ մի քանի անգամ բուժում են, թունաքիմիկատների որակից  չի դժգոհում, գործընկեր կազմակերպությունն է տրամադրել:

«Վեց անգամ բուժել եմ, բուժանյութերը թանկ են, բայց կոնյակի գործարանի բուժանյութերը որակյալ են: Իրենք տալիս են, երբ բերքը հանձնում ենք՝  կշեռքից պահում են գումարը: Կոնյակի գործարանը հուսալի ընկեր է համարվում, գումարը ժամանակին տալիս  է ժողովրդին՝ երրորդ աշխատանքային օրը, քարտի միջոցով»:  

Սակայն Երևանի կոնյակի գործարանը հուսալի գործընկեր չէ երկարաժամկետ համագործակցող այգետերերի հետ՝ տարիներ առաջ խզելով նրանց պայմանագրերը: Վանիկ Ամիրխամյանն ասում է, որ 20 տարի շարունակ իր այգու բերքը հանձնել է ԵԿԳ, բայց արդեն մի քանի  տարի բերքի իրացման ճանապարհներ է որոնում:

«Գյուղի 90 տոկոսի հետ են դադարեցրել: Հինգ տարի ես գործարան չեն կարողանում ճարել, որ իմ խաղողը հանձնեմ: Ես ունեմ 1 հա այգի, 25 տոննա հանձնում եմ: Ամեն տարի, 17-20-25 տոննայի պայմանագիր եմ կնքել, իրենք էին քանակն ասում, թե ինչքան տանեմ, ոչ թե իմ առաջարկն են ընդունել: Ավելցուկ լինում էր՝ 5-10 տոննա, դա էլ ուրիշ գործարան էի տանում, բայց հիմա այդ ուրիշն էլ չկա»:

Այգեբացի աշխատանքները սկսելուց արդեն խաղողագործները մտահոգվում են բերքի իրացման խնդրով ու սկսում են խաղող վերամշակող ձեռնարկությունների դռները թակել: Անցած տարիներին կառավարությունը խաղողի բերքի իրացման հետ կապված որոշակի քայլեր ձեռնարկեց, բայց դա չգոհացրեց այգեգործներին՝ մթերման գինն էր ցածր:

Վանիկ Ամիրխանյան. «Հոկտեմբերի 20-ին խաղող կմնա՞ր 5 օր անձրև գալուց հետո: Քանի տարի է չգիտեմ, թե որ գործարանին ոնց եմ հանձնում, ի՞նչ գնով: Մասնավոր տնտեսվարողի եմ տվել, 2020թ-ին ՄԱՊ-ի հետ էի պայմանագիր կապել՝ 140 դրամով, բերքի գրեթե կեսը հանձնել: Պատկերացրեք, որ այստեղից տարել եմ Աշտարակի «Հայասա» գործարան հանձնել,իսկ անցած տարի մասնավորի եմ տվել»:

Խաղողի իրացման դժվարությունները նաև այգիների քանդման պատճառ են դարձել: Խաղողագործներից շատերը չեն ափսոսում իրենց տարիների տանջանքն ու քանդում են՝ փոխարինելով պտղատու ծառերով: Կորիզավոր պտղի այգիներում համեմատաբար քիչ են չարչարվում, քան խաղողի:

«Խաղողի վազերի մի մասն անցած տարի քաշել, հանել ենք՝ 16 շարքից կեսը քաշել ենք, սալորի տնկիրներ ենք դրել: Նորատունկ է, դեռ բերքի չի: Խաղողից հիասթափությունը հիմնականում եղավ այն ժամանակ, երբ Երևանի կոնյակի գործարանը տարեցտարի կրճատեց պայմանագրերը: Մթերման քանակը կրճատելով մինչև 5 տոննա՝ սկսեց պայմանագրեր չկապել: Մարդիկ բերքը տանում էին տարբեր տեղեր ու չէին կարողանում իրացնել կամ էլ հանձնելուց հետո տարիներով չէին կարողանում գումարը ստանալ, իսկ այդ ընթացքում դեղձ լավ էր ծախվում»:

Զրուցակիցս ասում է, որ երկու տարի առաջ այգեբացի ընթացքում այգիների մի մասում  հիվանդություն տարածվեց ու որթը չկանաչեց, դրա հետևանքով հաջորդ տարի բերք չունեցան, որը ևս այգիների քանդման պատճառ դարձավ: Սեպտեմբերին սկսվելու է այգեկութը: Անցած տարի կառավարության սուբսիդավորմամբ մթերման ամենաբարձր գինը 110 դրամ էր:

«Այս տարի անցած տարիների հետ համեմատած բոլոր գործարանները պայմանագրեր են կապել: Մթերմնան հետ կապված գրեթե խնդիր չպիտի լինի: Սեպտեմբերին պարզ կլինի: Եթե այս տարի էլ խաղողը չկարողացան լավ իրացնել, հաստատ խաղողի հետ կապված լուրջ խնդիրներ կլինեն»:

Այգեգործները հիմա հետևում են խաղողի հասունացմանը, շաքարայնության բարձրացմանն ու սպասում վերամշակող գործարանների մթերման մեկնարկին՝ հույս ունենալով, որ նրանք ինքնարժեքից ավելի բարձր գին կառաջարկեն:

Back to top button