
Հանրակրթության ոլորտն անցումային շրջանում է. դպրոցներում վարչատնտեսական կառավարման նոր մոդել է ներդրվում, փոխվում է դպրոցների տնօրենների նշանակման կարգը: Հանրապետության ավելի քան 300 դպրոցներ այս պահին չունեն տնօրեններ: Կամավոր ատեստավորում անցած միջին-մասնագիտական ուսուցիչները համահավասար իրավունքներով կարող են մասնակցել ուսուցչի մրցույթին: Պետությունը հոգալու է նրանց վերապատրաստման ծախսը: Կրթության ոլորտի փոփոխություններն Արմավիրի մարզում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Կրթական գործընթացի պլանավորման ու կազմակերպման հարցում մարդկային ռեսուրսների պակաս կա: Գործադիրը փորձում է բացը լրացնել օրենսդրորեն: Նախատեսվող փոփոխությամբ կարգավորվում է հավաստագրեր ունեցող տնօրենների պաշտոնավարման ժամկետը՝ ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը.

«Քանի դեռ տնօրենը շարունակում է պաշտոնավարել, իր հավաստագիրը շարունակում է ուժի մեջ լինել: Նոր համակարգի անցման դեպքում, եթե տնօրենը հնգամյա շրջափուլը ավարտելուց հետո, իր կատարողականի համաձայն ատեստավորվում է, ապա առանց մրցույթ հայտարարելու՝ իր պայմանագիրը երկարացվում է ևս 5 տարի: Այսինքն՝ այնքան, ինչքան տնօրենը աշխատում է, իր հավաստագիրը շարունակելու է գործել»:
Հավաստագրման պահանջ կարող է լինել այն դեպքում, եթե տնօրենի պաշտոնավարումն ընդմիջվել է ու լրացել է հավաստագրի ժամկետը: Հանրապետությունում շուրջ 300 դպրոց չունի տնօրեն, թեկնածուները չեն հաղթահարում հարցազրույցի փուլը: Նորավանի դպրոցի տնօրեն, ԿԶՆԱԿ փորձագետ Հովհաննես Ստեփանյանը տնօրենների հավաստագրերի վերապատրաստման մենթոր է:

«Հավաստագրման վերապատրաստումներ ենք իրականացնում, բացի այդ ԿԶՆԱԿ-ը ձեռնարկել է հանրակրթական դպրոցի տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստումներ, որոնք արդեն իրականացվել են, չափորոշիչների վերապատրաստումներ, իսկ այս պահին՝ ուսումնական պլանի վերապատրաստում: Զարգացման պլանները չեմ կարծում, որ կրկնօրինակներ են, որովհետև եթե արտագրությունները համընկնում են 30 տոկոսով, ապա ծրագիրը հետ է վերադարձվում մասնակցին, հետո ուղարկվում փորձաքննության: Այս պարագայում, չեմ կարծում, որ արտագրություններով պետք է գնան փորձաքննության, քանի որ դրանք հետ են վերադարձվում»:
Արաքսի Սվաջյանը փաստում է՝ այս տարի 543 ծրագիր է փորձաքննվել, որից միայն 50-ն է հաստատվել, նախարարությունում իրականացվել է 87 հարցազրույց, որից 32-ն է թեկնածուի համար դրական ելքով ավարտվել: Այս պատկերը բացառելու նպատակով ԿԳՄՍՆ Եվրամիության ֆինանսավորմամբ «Այբ» կրթական հիմնադրամի հետ նախաձեռնել է դպրոցի տնօրենների հավակնորդների պատրաստման ծրագիր, որտեղ թեկնածուները նաև կսովորեն զարգացման ծրագրեր կազմել:

«Ծրագրի ընթացքում մի շարք կարևոր բաներ են ուսումնասիրելու, ամենակարևորներից մեկը՝ զարգացման ծրագիր գրել են սովորելու և ընթացքում գրելու են: Մենք նրանց կտանք այս 300-ից ավելի դպրոցների ցանկը, որտեղ տնօրեն չի նշանակվել, և իրենք կարող են ընտրել այդ դպրոցներից մեկն ու դրա համար գրել: Ծրագիրը բարեհաջող պաշտպանելու դեպքում իրենք անմիջապես կնշանակվեն այդ դպրոցի տնօրեն՝ առանց փորձաքննության»:
Հերթական ու կամավոր ատեստավորման կարգում ևս փոփոխություններ կան. երկրորդ տարին կամավոր ատեստավորում չանցած ուսուցչի աշխատանքային պայմանագիրը կխզվի:
«Մենք ունենք օտար լեզվի ուսուցիչներ, որոնք ոչ մի բառ խոսել չգիտեն այդ լեզվով»:
Կխզվի նաև հերթական ատեստավորումը կրկնակի չանցած 2-րդ մակարդակի ուսուցչի աշխատանքային պայմանագիրը:
«Եթե ավելի բարձր մակարդակի ուսուցիչ է, չատեստավորվեց, մյուս տարի նորից է 4-րդ մակարդակի ատեստավորմանը մասնակցելու, չանցնելու դեպում՝ 3-րդ մակարդակին կմասնակցի, նորից չանցնելու դեպում՝ 2-րդ: Մի խոսքով, մի 5 տարի տևելու է և հուսով եմ չենք ունենա այդպիսի ուսուցիչներ, ովքեր 4-րդից կիջնեն 2-րդ ու այդպես էլ չեն ատեստավորվի»:
Կամավոր ատեստավորմանը մասնակցելու նպատակով հնարավորություն է տրվել միջին-մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին պետության հաշվին վերապատրաստվել կամ բուհ ընդունվել: Նրանք կարող են նաև համահավասար իրավունքներով մասնակցել ուսուցչի մրցույթին ու անցնել աշխատանքի, եթե կամավոր ատեստավորվել են:
Այս տարի դպրոցներում վարչատնտեսական կառավարման նոր մոդել է ներդրվում, տնօրենին զուգահեռ կառավարման առանձնացված գործառույթներ են իրականացնելու վարչատնտեսական համակարգողները: Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյան.
«Դպրոցների մի մասն արդեն ունի նշանակված վարչատնտեսական համակարգողներ, վարչատնտեսական պատասխանատուներ, որոնք կրթականին զուգահեռ այլ գործառույթներ են իրականացնում: Կարծում եմ, որ վարչատնտեսական համակարգողների նշանակմամբ պետք է բարձրանա բուն տնտեսական կառավարչական գործընթացի արդյունավետությունը»:
Դպրոցների հաշվապահական ծառայություններն ու գնումներն ապապատվիրակվելու են: Աշխատանքից դուրս մնացած հաշվապահները, ըստ գործադիրի, կարող են ներգրավվել այդ ծառայություններում:




