
«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնի այս տարվա վերջին կանգառը Եղեգնաձորն էր։ Վայոց ձորի արտադրողները «Ֆեստիվառի» տաղավարներում ներկայացրել են իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև անցկացրել են խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր։



ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ տեղական արտադրանքի տոնավաճառին ծանոթացել են նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Նրանք Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում նաև մասնակցել են Վայոց ձորի արվեստագետների և հատուկ հյուրերի ընդունելությանը:



Փառատոնի շրջանակում գործել է նաև անվճար երթուղի դեպի հուշարձաններ՝ Մագելանի քարանձավ և Նորավանք։
Փառատոնի երեկոն կայացել է Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում՝ Լադանիվա խմբի համերգով։


«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։




