
Արմավիրի մարզի դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրումը փոփոխություններ է բերել դպրոց։ Արդյունքներն ամփոփվել են «Արմավիրի կրթության էքսպո 2024»-ում. աշակերտները ներկայացրել են իրենց գործնական աշխատանքներն ու կիսվել բացահայտումներով: Կրթության էքսպոյին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և շնորհակալագրեր հանձնել լավագույն ուսուցիչներին:
Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները կենսաբանության դասին ընտրել են «Սնկեր» թեման ու զարգացրել գործնական աշխատանքով: Սյուզաննա Հակոբյանը համադասարանցիների հետ կախասունկ և շամպինիոն է աճեցրել։

«Հումքը ստանալու համար վերցրել ենք ցորենի ծղոտն ու փայտի թեփը, խառնել իրար, եռացրել, որպեսզի հումքից դուրս գան բոլոր միկրոբները, լցրել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ծայրամասերում լցրել սպորները: Այնուհետև տոպրակի վրա բացել ենք 20-30 հատ անցք, որտեղից ջրել ենք: Պոլիէթիլենային տոպրակն ամուր փակելով՝ կախել ենք դպրոցի նկուղում, ապահովել՝ ջերմություն, խոնավություն և լուսավորություն»:
Արդյունքում՝ ստացել են կախասնկերը, այլ տեխնոլոգիայով նաև՝ շամպինիոններ: Թեմայի զարգացմանն ուղղորդել է կենսաբանության ուսուցչուհի Ազատուհի Գալստյանը։ Նա գործնական աշխատանքով երեխաներին բացատրել է նաև հորած պանրի ստացման տեխնոլոգիան։

«Նոր չափորոշիչների հիման վրա խթանելով երեխաների հետաքրքրությունը կոնկրետ «Կենսաբանություն» առարկայի հետ կապված, երեխաները բավականություն են ստանում, որովհետև այս բոլորն իրենք են անում: Մենք ընդամենը ուղղորդող դեր ենք կատարում և ես գտնում եմ, որ դա շատ լավ նախագիծ է, արդիական է, երեխաներին ոգևորող , և ես կասեմ, որ արդեն շատ աշակերտներ ցանկանում են կենսաբանության ուսուցիչ դառնալ»:

Վերջին տարիներին համալրվել են քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության լաբորատորիաները, որտեղ ակադեմիական գիտելիքները զուգորդվում են փորձերով: Լաբորատոր պայմաններում էլ Լեռնագոգի 5-րդ դասարանցիները հետևել են իրենց բանջարանոցներում աճող բույսերի աճին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը զրույցի է բռնվում 5-րդ դասարանցու հետ, թեման՝ սերմերի կառուցվածքն է: Անոթներում լոբու չոր և խոնավ սերմերն են։
«Սերմերը տարբերվում են իրարից, որովհետև մի մասը դրել ենք ջրի մեջ: Այստեղ սերմերի քաշն ավելացել է, որովհետև մեջը ջուր է ներծծվել: Աճեցնելու համար կարող են երկուսն էլ ցանել: Ավելի արագ կարող է աճել, երբ սերմերը դնեն ջրի մեջ, ծլեն, հետո ցանեն»:

Արաքսիա Սվաջյանը նկատում է, որ գործնականում փորձարկած գիտելիքները զարգացնում են հմտություններն ու կարողությունները: Նոր չափորոշիչների ներդրմամբ փոխվում է առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, զարգանում են քննադատական մտածելակերպն ու ստեղծագործական մոտեցումները:

«Շատ կարևոր է, որ մենք միայն գիտելիքահեն կրթությունից և ակադեմիական չոր գիտելիքներ երեխաներին փոխանցելուց զատ, հենց չափորոշչի առանցքային խնդիրն է դա, սովորեցնենք այդ գիտելիքները կյանքում կիրառել, սովորեցնենք այդ գիտելիքները վերածել կարողությունների և հմտությունների, արժեքային համակարգի: Երեխան պիտի ցանկացած յուրացրած գիտելիքի հանդեպ ունենա վերաբերմունք: Վստահ եմ, որ այս տարի ուսուցիչներն ավելի ստեղծագործաբար են մոտենալու, ավելի մեծ հնարավորություններ են տալու աշակերտներին»:

Նոր չափորոշիչներով ամեն տարի 10 անվանակարգում հայտարարվում է ամսվա լավագույնների մրցույթ: «Հայոց լեզու և գրականություն» անվանկարգում ամսվա լավագույն ուսուցիչ է ճանաչվել Արմավիրի մարզի սահանամերձ Բագարան գյուղի ուսուցչուհի Նարինե Խշոյանը:
«7-րդ դասարանում ներկայացրել եմ Մամփրե արքայի դասը և դասի արդյունքում երեխաների մոտ զարգացրել եմ քննադատական մտածողություն»:
Դալարիկի միջնակարգ դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նազիկ Կարապետյանը նույնպես «Ամսվա լավագույնները» անվանակարգի հաղթող է, ներկայացրել է նաև նախագծային աշխատանք:

«Թատրոնի հիմնումն է դպրոցում, որին աշակերտները շատ սիրով են մասնակցում ու անընդհատ համալրվում է մեր թատերական խմբակը: Ես եմ հիմնել, այդ ժամանակ այսպես տարածված չէր, հիմնական ու նպատակային չէր նախագծային ուսուցումը, բայց ես լինելով պրպտող ուսուցիչ և գնալով արդիականացման հետևից, թեմաները ներկայացրել եմ աշակերտներին, իրենք ըստ փուլերի հասել են նպատակին: Իրականացնում են այնպիսի միջոցառումներ, որտեղ անպայման համայնքի անդամները, մեծահասակները ներկա են լինում»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վերջում շնորհակալագրեր հանձնեց «Ամսվա լավագույնները» անվանակարգի հաղթողներին: Հաջորդ ուսումնական տարում նախագծային աշխատանքներին կներգրավվեն ևս 3 դասարաններ: Կրթության էքսպո ցուցադրություններ են կազմակմերպվել նաև հանրապետության 4 մարզերում:




