ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյան. Թուրքիայի հետ խոսելու շատ բան չունենք

Արգենտինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում հանդիպել է տեղի առաջատար լրագրողներից մի քանիսի հետ: Այսօր մենք Թուրքիայի հետ խոսելու շատ բան չունենք: Մենք երկար ժամանակ բանակցել ենք արձանագրությունների ստորագրման համար, սակայն Թուրքիայի խորհրդարանը դրանք չվավերացրեց: Այդպիսով, ինչի՞ մասին պետք է խոսենք»,-արգենտինական «América economía» հանդեսի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահը:

«América economía» հանդեսի թղթակից Թելամին գրել է. «Ծանրաբեռնված օրվա ավարտին Բունեոս Այրեսի հյուրանոցներից մեկում Սարգսյանն ընդունեց ինձ և երկու այլ արգենտինական լրատվամիջոցների ներկայացուցիչների: Հանգիստ, առանց կոստյումի և փողկապի, անփոփոխ և հանդարտ ձայնով Հայաստանի նախագահը չի ստեղծում ռազմական հերոսի այն կերպարը, որպիսին նրան շատերն են ճանաչում իր երկրում: Ավելի քան քսան տարի առաջ Սարգսյանը Հայաստանի ռազմական առաջնորդներից մեկն էր Լեռնային Ղարաբաղի տարածքի համար Ադրբեջանի դեմ պատերազմում: Այս հակամարտությունն ավարտվեց միջազգայնորեն չճանաչված հայկական պետության ձևավորմամբ, որն, ըստ Սարգսյանի, Հայաստանի պաշտպանության և անվտանգության առավելագույն դերը ունեցող ցատկահարթակ է:

«Մենք չենք ընտրում ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան: Մենք ընտրում ենք երկուսին էլ»,-պատերազմական դրամատիզմից և ռազմական կյանքի ծայրահեղական մոտեցումներից հեռու, ավելի քան վեց տարի նախագահի պաշտոնն զբաղեցնող վաթսունամյա առաջնորդը խուսափում է հնչեղ հայտարարություններից: Սակայն իր գործողություններում Սարգսյանն առավել քիչ զիջողականություն է ցուցաբերում: 2013 թվականին ՀՀ նախագահն անակնկալի է բերել ԵՄ-ը՝ հայտարարելով, որ կասեցնում է ասոցացման համաձայնագիրը կնքելու շուրջ բանակցությունները, այն նույն ազատ առևտրի համաձայնագիրը, որն Ուկրաինայում  քաղաքական ճգնաժամի առաջացման պատճառ հանդիսացավ, ինչն էլ հանգեցրեց զինված հակամարտության:

Այս որոշման հայտարարմանը զուգահեռ, կառավարությունը սկսեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը. միություն, որն առաջնորդում է Ռուսաստանը և որին անդամակցում են Բելառուսն ու Ղազախստանը: Սարգսյանը պարզաբանում է, որ չի ցանկանում թուլացնել կամ խզել ԵՄ-ի հետ հարաբերությունները եւ որոշում կայացնելիս առաջնորդվել է «պարզ տնտեսական հաշվարկով»:

«Տասնամյակներ շարունակ մենք Ռուսաստանի հետ ամուր հարաբերություններ ունենք, որոնք չենք կարող խզել», — նշել է նախագահը:

Թուրքիայի հետ Հայաստանի արևմտյան սահմանը փակ է արդեն երկու տասնամյակից ավելի, նույն իրավիճակն է նաեւ հայ-ադրբեջանական սահմանում: «Եվրոպացիների հետ մենք կշարունակենք բանակցությունները այն տարբերակով, որը չի խանգարի մաքսային միությանը մեր ինտեգրվելուն»,- ասել է նախագահը «América economía» հանդեսին:

Back to top button