ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մրգաշատում գիտեն գինձի ու մաղադանոսի, սամիթի ու ռեհանի մշակման բոլոր նրբությունները

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ամենատարածվածը կանաչիների մշակությունն է: Գյուղի բնակիչները մասնագիտացել են այս մշակաբույսի աճեցման գործում  ու գիշերը ցերեկ դարձրած՝ գինձ ու մաղադանոսը, սամիթ ու ռեհան են խնամում: Գյուղում  կանաչիները հիմնականում մշակում եմ բաց երկնքի տակ և օրվա մեծ մասն անցկացնում մարգերում, որպեսզի  դրանք մոլախոտերով չծածկվեն:

Մրգաշատի գյուղամիջով անցնելիս աչք են ծակում խնամքով մշակված կանաչու մարգերը՝ մաքուր, առանց մոլախոտերի կողք կողքի աճում են մաղադանոսը, գինձն ու սամիթը, ծիտրոնն ու ռեհանը: Թվում է, թե կանաչին հենց այդպես էլ աճում է, ու գյուղացին մեծ ջանք չի դնում դրա մշակման մեջ:

«Մենք գիշերը ժամը 2:40 վեր ենք կացել ու կապել կանաչիները, որ հարսս տանի շուկա: Քաղել ենք դրա նախորդ օրը, նորից գիշերը ժամը 5-ին: Մենք միայն կանաչի ենք մշակում: Մեր տնամերձը 2500 քմ  է»:

Մարո Թարոյանն է, որի ձեռքերը հող մշակելուց կոշտացել են, դեմքն արևից խանձվել: Կիզիչ արևի տակ, մեջքը թեքած կանաչու մարգերում քաղհան է անում, մոլախոտերը վերացնում, այլապես իր մշակած հողամասը նկարչի կտավի պես գեղեցիկ ու մաքուր չէր լինի:

«Գինձ է, ռեհան, բայց ռեհանը հիմնականում առնում ենք շուկայից, քանի որ ռեհանի մարգերը շուտ են փչանում, ռեհան չի լինում: Չգիտենք ինչից է, ջրից չի: Դրա դեմ դեղ կա, պիտի սրսկենք, բայց սրսկելուց հետո նորից չի լինում: Մենք խառը կանաչիներ ենք կապում, առանձին՝ մի քանի կապ էլ  համեմ ու ծիտրոն: Դա է հիմնականում»:

Կանաչիները գիշերով են կապում, այդ օրը 170 կապ խառը կանաչի էին կապել  ու լուսադեմին  մեծածախ շուկա տարել: Օրվա գինը տարբեր է՝ գնորդները սակարկում են, էժան գնում, թանկ վաճառում: Մարոն ասում է՝ հիմա իրենց կերակրում է միայն 2500 քմ  տնամերձ հողատարածքը:

«Ուրիշ ոչ մի եկամուտ չունենք, սեփականաշնորհված հողերը վաճառել ենք: Եղբորորդուս վիրահատության կարիք կար և ինչ ունեինք ծախել ենք: Ծիրանի այգի ունեինք ու վարելահողեր, որտեղ առվույտ ենք մշակել: Հետո եղբայրս քանդեց, մի երկու տարի ցորեն ցանեց, նրա մահից հետո այդ հողերը վարձակալությամբ տվեցինք: Երբ փող էր պետք՝ ստիպված ծախեցինք»:

Տնամերձ հողամասում, բացի կանաչիներից, նաև բանջարեղեն են մշակում: Ասում են՝ 1976 թ.-ից այստեղ միշտ նույն մշակաբույսերն են ցանում, թեպետ հողը պարարտացնում են, բույսերը ժամանակին բուժում, բայց հիվանդություններից խուսափել չի լինում: Ենթադրում են, որ հողի որակը փոխելու համար պետք է ցանքաշրջանառություն անեն, բայց դա արդեն ձեռնտու չէ իրենց, եկամուտը կանաչին է: Տնամերձ միակ հողամասը միայն  հորերի միջոցով են ոռոգում, էլեկտրական պոմպերով:

«Այդ պոմպն ենք միացնում ու ջրում հողամասը, ինչ անենք, ինչ ուզում է լինի, պետք է ջրենք, հո չենք թողնի հողամասը չորանա: Պոմիդոր ենք դրել, լրիվ չորանում է, բայց ոչ թե միայն մերը, այլ համատարած: Բիբար ու սմբուկ ունենք, բայց տան օգտագործման համար է, դրանք չենք ծախում, միայն կանաչին»:

Մարո Թարոյանը բաց երկնքի տակ  կանաչիները տարվա մեջ երկու անգամ է ցանում՝ գարնանն ու աշնանը: Աշնան ցանածը քաղում է ապրիլին: Պոլիէթիլային թաղանթների տակ չեն աճեցնում: Իրենց հողմասում միայն կանաչու  տեղական սորտերն են, որոնց համն ու հոտը տարբերվում է ներկրված սորտերից:

«Սա մենք գարնանն ենք ցանել, կքաղենք մինչև հոկտեմբեր, դրանից հետո էլ չի լինում, ձմռանը նստում ենք, մինչև գարունը բացվում է: Մաղադանոսը շատ ուշ է աճում՝ աշնանն էլ ենք ցանում, գարնանն էլ»:

Կանաչիների սերմերն իրենք են ստանում: Մարոն հետևում է ծիտրոնի սերմերի հասունացմանը, ասում է՝ սերմացու մշակաբույսերը չեն ոռոգում, որ սերմերը չորանան:  Ծիտրոնի սերմնացուի մարգերում մոլախոտ էր նկատել ու անհանգստացել՝ պետք է շուտ հեռացնել, այլապես ամբողջ մարգը խոտերի մեջ կհայտնվի:

Կարդացեք նաև

Back to top button