
Հանրային խորհուրդը կվերակազմավորվի, դրա կազմում կստեղծվի փաստահավաք խումբ։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծին։ Փաստահավաք հանձնաժողովը, ըստ հիմնավորման, ուսումնասիրելու է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք մարդու իրավունքների հիմնարար ու պարբերական խախտումների պատճառ են դարձել։ Նման կառույցները միջազգային պրակտիկայում սովորաբար ճշմարտության կամ հաշտեցման հանձնաժողովներ են անվանում: Նման հանձնաժողովի ձևավորումը և քաղաքական հանձնառություն է և անհրաժեշտություն՝ Կառավարության նիստին ասել է վարչապետը և նշել, որ հարցը վերջին 6 տարիներին պարբերաբար քննարկվել է։
Նոր ստեղծվող փաստահավաք հանձնաժողովը կունենա 7 անդամ, որոնք ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից։ Հանձնաժողովը կգործի 2 տարի և կառավարությանը զեկույց կներկայացնի՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների նպատակահարմարությունը գնահատելու համար։
Նախաձեռնությունը բխում է անցումային արդարադատության և փաստահավաք գործունեության վերաբերյալ քաղաքական խոստումից և ընդգրկվել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում։ Անդրադառնալով փաստահավաք հանձնաժողովի ձևավորմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը թե՛ քաղաքական հանձնառություն է, թե՛ անհրաժեշտություն։
«Ես գիտեմ, որ նաև կլինեն քննադատություններ, որ սա ուշացած որոշում է, և այդ քննադատությունը ոչ օբյեկտիվ անվանել դժվար կլինի»։
Ըստ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի՝ նախագիծը քննարկվել է քաղաքացիական հասարակության, միջազգային փորձագետների, Մարդու իրավունքների պաշտպանի և պետական տարբեր մարմինների ներկայացուցիչների հետ։
«Նախագծի հիմնական նպատակը՝ Հանրային խորհրդի կազմում ձևավորել նաև փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թ. ներառալ ժամանակահատվածում, որոշակի մարդու իրավունքների հիմնարար և պարբերաբար խախտումները և դրանց վերաբերյալ կկազմի փաստահավաք զեկույց»։
Փաստահավաք հանձնաժողովի ուշադրության կենտորում են լինելու համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և հանրաքվեները, հետընտրական շրջաններում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքի զրկելու այլ դրսևորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերն ու հավաքների ազատության իրավունքների խախտումները։ Արդարադատության փոխնախարարը մանրամասնում է, թե ինչպես է գործելու հանձնաժողովը։
«Իր առջև դրված նպատակների իրականացման համար Փաստահավաք հանձնաժողովն իրականացնելու է տարբեր գործառույթներ։ Օրինակ՝ տեղեկությունների հավաքագրում, նյութերի ուսումնասիրություն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպումներ, հանրային լսումների կազմակերպում, հարցազրույցների անցկացում և այլն»։
Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում փաստահավաք գործառույթ ունենալու քաղաքական կամքի հետ որևէ խնդիր չեն ունեցել, սակայն հանձնաժողովի ձևավորման հետ կապված «ինստիտուցիոնալ բնույթի պրոբլեմներ» են եղել, մասնավորապես՝ ինչպե՞ս և ո՞ր մարմնում ձևավորել, որպեսզի լեգիտիմության հետ կապված խնդիրներ չառաջանան։ Նման հարցերն են հանգեցրել որոշման հետաձգմանը։
«Մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ այն փաստերը, որոնք ենթադրաբար պետք է ուսումնասիրի հանձնաժողովը, իրենց տեղում են։ Այսինքն, դրանք երեք տարի առաջ էլ են նույն տեղում, որտեղ հիմա են։ Այդ փաստերը ոչ ոք չի վերցրել և «ա» կետից «բ» կետ չի տեղափոխել»։
Փաստահավաք հանձնաժողովն ունենալու է 7 անդամ՝ ընտրված Հանրային խորհրդի կողմից։ Նրանցից կպահանջվի լինել ոլորտի փորձառու և հեղինակավոր մասնագետներ, որոնք երբեք չեն զբաղեցրել քաղաքական պաշտոններ և քաղաքական չեզոքություն են դրսևորել։ Կատարված աշխատանքը ներկայացվելու է միջանկյալ և եզրափակիչ զեկույցներով, որոնցից վերջինը պարտադիր է հրապարակել հանձնաժողովի կազմավորումից հետո 2 տարվա ընթացքում, սակայն հնարավոր է ժամկետը երկարաձգել մեկ տարով։
«Զեկույցը, մշակվելուց հետո, ներկայացվելու է կառավարություն՝ վերջինիս իրավասությունների շրջանակներում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարություններ և գործողությունների շրագրերի նպատակահարմարությունը ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու համար»։
Փաստահավաք հանձնաժողովը ձևավորվելու է նոր Հանրային խորհրդի կազմում, ինչը, Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի համոզմամբ, «նոր շունչ կհաղորդի Հանրային խորհրդի գործունեությանը», հաշվի առնելով, որ այն երկար ժամանակ արդյունավետ չի գործել։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իրավասու մարմինները նոր Հանրային խորհրդի կազմավորման համար ունեն 3 ամիս։
Հանրային խորհուրդը շուրջ 3 տարի չի գործում ։ 2021 թվականի մայիսից այն նախագահ չունի, թափուր են 45-ից 10 անդամների տեղերը։
Հանրային խորհրդի վերջին նախագահը Ստյոպա Սաֆարյանն էր, որը 2021 թվականին հրաժարվեց պաշտոնից ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։




