
Հայաստանում այս պահի դրությամբ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 41-ը հոսպիտալացված են, 4 հոգու վիճակը ծանր է, հետազոտությունը հիվանդության հարուցիչ հայտնաբերել է Արագածոտնի մարզում փոխանցողների՝ մոծակների շրջանում:
Մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:
«Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում են հիմնականում 3 մարզ՝ Արագածոտնի, Արմավիրի և Արարատի, որտեղից ակնկալում ենք, որ փոխանցողները կարող են լինել: Սակայն մինչև այժմ փոխանցողների մեջ հարուցիչ հայտնաբերել ենք միայն Արագածոտնի մարզից»,-ասել է նա:
Ըստ Աթոյանի՝ այս հիվանդության համար հատուկ դեղամիջոց չկա: Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի լավացմանը: Արևմտյան Նեղոսի տենդը նույնպես ունի սեզոնայնություն: Հիմանական սեզոնը հունիսից հոկտեմբեր ժամանակահատվածն է, առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, օգոստոսի 7-ին` առաջին դեպքը գրանցվելուց հետո, նախարարությունը կրկնահաստատման հետազոտություն է արել, և արդեն օգոստոսի 12-ին իրազեկել բոլոր բուժկենտրոններին, մարզպետարաններին` զգոնության բարձրացման վերաբերյալ:
Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված Առողջապահության նախարարությունը առողջապահական համակարգի զգոնությունը բարձրացրել է դեռ հուլիսի վերջից:
Մեկ տարի շարունակ միջատների շրջանում հետազոտությունների արդյունքում` այս տարվա հուլիսի վերջին Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտաբերված Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչը Առողջապահության նախարարության համար եղել է ահազանգ, որ կարող են դեպքեր գրանցվել նաև մարդկանց շրջանում:
Անմիջապես կապ է հաստատվել Երևանի և մարզերի բուժկենտրոնների հետ, օպերատիվ կերպով իրազեկում է եղել բուժաշխատողների շրջանում, որ նման կլինիկական պատկերով հիվանդների դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Արևմտյան Նեղոսի տենդի վարկածը և ուղղորդել հետազոտության:
Քննարկումներ են եղել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես արձանագրել են ամբողջ աշխարհում այս հիվանդության դեպքերի աճ:




