Դիվանագիտական գործ

Ինչպես Հնդկաստանը այլ երկրում փակեց իր դեսպանությունը և այն բացեց Երևանում. «Դիվանագիտական գործ»

Հայ-հնդկական հարաբերությունների նոր փուլի մասին երևի միայն ալարկոտն է, որ չի խոսում: Հնդկաստանի դրոշը ժամանակ առ ժամանակ հայտնվում է մեր լրատվադաշտում զենքի հերթական քանակի կամ հայ-հնդկական նոր համագործակցության համատեքստում: Իսկ ինչպիսի՞ն էին այդ հարաբերությունները ամենասկզբում:

Հանրային ռադիոն շարունակում է պատմել Հայաստանի երրորդ հանրապետության առաջին դեսպանների մասին` թույլ չտալով, որ մոռացության վարագույրն այդ արժեքավոր պատմությունների վրա ստվեր նետի:

Այսօրվա հաղորդումից մենք կիմանանք, թե դիվանագիտական ինչպիսի՞ հնարքներ պետք է բանեցնել Հնդկաստանի հետ բարեկամանալիս և բանակցելիս:

Դիվանագիտական գործ N1

— Հնդկական դիվանագիտությունը երկու կարևոր ոճի միաձուլում  է՝ ուղիղ ոճը, մյուսը՝ անուղղակի ձևով նպատակին հասնելու ոճը: Հաջողության հասնելու համար պետք է հասկանալ և ընդունել Հնդկաստանը:

Հնդկաստանում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Բայբուրդյանը լավագույնս տիրապետում է Արևելքի հետ բանակցային դաշտի նրբություններին ու նրբերանգներին: Չէ՞ որ այս հարցում իր  խորհրդատուն հայրն է՝ Իրանում Հայաստանի առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը:

Այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Արմեն Բայբուրդյանի հետ հարցազրույցը վարում եմ տեսազանգի միջոցով:

Երբ որ ես հորս ասացի, որ այսպիսի տարբերակ կա, որ ես գնամ Հնդկաստան որպես դեսպան, հայրս քաջալերեց և ասաց, որ Հնդկաստանն այն եզակի երկրներից է, որ դիվանագետի, դեսպանի համար բացառիկ փորձառության երկիր է:

Այժմ Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Արմեն Բայբուրդյանի կոչն իր ուսանողներին ու ապագա դիվանագետներին շատ պարզ է՝ եթե տվյալ երկրի և նրա բանակցային ոճի մասին բավարար գիտելիք չունեք, ապա այդ երկիր ոտք մի դրեք:

Հնդկաստանի դիվանագիտական ոճի կարևոր բաղադրիչներն են նաև սերնդեսերունդ փոխանցվող դիվանագիտական ավանդությունների պահպանությունն ու անձնական կապերի գնահատումը: Այս մասին Արմեն Բայբուրդյան հրաշալի գիտեր ու այդ ուղղությամբ քայլեր էր ձեռնարկում:

Հաճախ կարելի էր ինձ տեսնել տարբեր միջոցառումներին՝ գոլֆ ակումբներից սկսած  երեկոյան կամ առավոտյան շատ շոգ ժամի՝ հինգին, շոգ պայմաններում հինգից էին սկսում  և այդ միջոցառումներում միակ օտարը ես էի, օտարազգին իրենց համար:

***

-90-ականներին, եթե մենք անդրադառնանք Հնդկաստան-Հայաստան քաղաքականությանը, նախ պետք է հիշատակել, որ 1992-ին հաստատվեցին դիվանագիտական  հարաբերությունները, բայց այդ ժամանակահատվածը պասիվ  էր ու դա տրամաբանական էր, քանի որ այդ ժամանակում կային տարածաշրջանային խաղացողներ. դա ՌԴ-ն էր, ԱՄՆ, ԵՄ-ն:

Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Երեմ Վարդազարյանը հայ-հնդկական հարաբերությունների մասին խոսելիս շեշտում է, որ Հնդկաստանը ևս պետք է որոշակի փուլեր անցներ Հայաստանի հետ կայուն և դինամիկ հարաբերություններ կառուցելու համար:

-Միշտ ավանադական կապերը եղել են, պարզապես Հնդկաստանը գտնում էր հեռավորության վրա, և Հայաստանը դեռևս արտաքին քաղաքականության փորձ չուներ, և պրոբլեմները ավելի շատ նեղ տարածաշրջանային են:

Երեմ Վարդազարյանի խոսքով՝ այդ ժամանակ Հայաստանում բազմավեկտոր քաղաքականություն դեռևս մշակված չէր: Այն  եղավ ավելի ուշ՝ 1998-ին՝ Վարդան Օսկանյանի ժամանակ: Եվ շատ շուտով տարածաշրջանից դուրս գտնվող երկրների հետ բալանսավորված հարաբերություններ ունենալու մղումը Հնդկաստան հասավ:

-Նախևառաջ  պետք է նշել, որ Հնդկաստանը իր ներքին խնդիրներով և քաղաքական առումով նման է բարդ խճանկարի, կոնկրետ Հայաստանի հետ հարաբերությունները սկսեցին սերտանալ արցախյան հակամարտությունից հետո, մասնավորապես՝ ստրատեգիական առումով  համագործակցությունը:

Երեմ Վարդազարյանը, ուսումնասիրելով նաև հնդկական քաղաքական էլիտայի մոտեցումները, արձանագրում է, որ Հնդկաստանում Հարավային Կովկասի նկատմամբ դեռևս չկա մշակված միասնական արտաքին քաղաքականություն, ինչպես օրինակ Արևելքի նկատմամբ: Հարավային Կովկասի ամեն երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները Հնդկաստանն առանձին-առանձին է դիտարկում:

Դիվանագիտական գործ N2

-Առասպելներ կան  Հնդկաստանում հայերի հարստությունների մասին: Երբ նոր էի գնացել, բավական ժամանակ տրամադրեցի էդ հետազոտության վրա և Հնդկաստանի կառավարությունն էլ ինձ աջակցեց: 

Արմեն Բայբուրդյանը, որպես դիվանագետ Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունից  խնդրեց իրեն ամբողջական տեղեկություն տրամադրել Հնդկաստանի հայ համայնքի մասին, որպեսզի որպես գիտնական ուսումնասիրի այս լեգենդների իսկությունը:

Հնդկաստանի փոխվարչապետը ՀՀ դեսպան Արմեն Բայբուրդյանին է հանձնում «Լավագուն դեսպան» մրցանակը

Պարզվեց, որ իրականում ֆինանսական ռեսուրսներ ունի Կալկաթայի սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին, որն այդ մեգապոլիսի քրիստոնեական ամենահին եկեղեցին է:

2001-ին սկսեցի ջանքեր գործադրել, որ առանձին շենք ունենանք, և այնպես եղավ, որ Հնդկաստանի  արևմտյան շրջանում երկրաշարժ տեղի ունեցավ՝ շատ ավերիչ երկրաշարժ: Այդտեղ հայեր չէին ապրում: Ես դիմեցի որպես ՀՀ  դեսպան եկեղեցական կոմիտեին, ասելով, որ մարդկային ողբերգությունը ողբերգություն է և թեև հայեր չկան այնտեղ, բայց այս երկիրը մեզ ապաստան է տվել դեռևս 400 տարի առաջ, հիմա մեր հերթն է, և եթե ինչ-որ ձևով կարող ենք աջակցություն ցուցաբերել տուժածներին, ես շատ երախտապարտ կլինեմ, և հնդիկ ժողովուրդը նույնպես դա կգնահատի:

Եկեղեցական կոմիտեն որոշում է 50 հազ․ դոլար նվիրաբերել երկրաշարժից տուժածներին: Հաջորդ օրերին հնդկական մամուլն ու հեռուստատեսությունը գրում ու պատմում էին հայերի մեծահոգության ու մարդասիրության մասին:

-Երկրաշարժի էպիկենտրոններից մեկում կառուցվող  հիվանդանոցի մի ահռելի մաս, որը հաստատ ավելին է արժեցել, քան 50 հազ․ դոլարը, կոչվեց հայկական եկեղեցու անունով  և վարչապետն էլ անձամբ նամակ գրեց հայկական եկեղեցուն և խնդրեց, որ ես փոխանցեմ:

Դրանից հետո Կալկաթայի եկեղեցական կոմիտեն դիմում է Արմեն Բայբուրդյանին՝ առաջարկելով, որ դեսպանության համար շենք կառուցեն։

Ցանկությունը, ինչ խոսք, առավել քան դեսպանի սրտով էր, բայց նախքան կյանքի կոչվելը, Արմեն Բայբուդյանը երկու պայման է առաջ քաշում՝ դեսպանությունը պետք է լինի դիվանագիտական անկլավ կոչվող թաղամասերից մեկում, որտեղ բոլոր դեսպանություններ են և ունենա հայկական ոճ:

Այդպես էլ եղավ, եկեղեցին գնեց մի հողամաս, ինչ-որ խարխուլ տուն էր և բոլորովին նոր, գեղեցկագույն հայկական ճարտարապետության շինությամբ 3-4 հարկանի: Հետաքրքիրն այն է, որ ճարտարապետը հնդիկ էր: Հայաստանից շատ գրքեր բերեցի, եղբայրս էր ուղարկել, տարա, տվեցի իրեն:  Հրաշալի հայկական ոճ է, բայց համեմված վիկտորիական անգլիական ոճի հետ:

Անձնական գործ

-Հնդկաստանի մասին շատ գրքեր էի կարդում, և երբ որ ԱԳՆ-ում էի աշխատում՝ արտաքին գործերի փոխնախարարն էի, և մի քանի ուղղությամբ կուռացիա ունեի՝ ներառյալ նաև Հնդկաստանը:

ԱԳՆ-ում այն ժամանակ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան: 1998 թվականին Հնդկաստանի միջուկային փորձարկումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մի հայտարարություն տարածեց, որն արտահայտում էր ՀՀ դիրքորոշումն այդ թեմայի շուրջ: Հայտարարության հեղինակը Արմեն Բայբուրդյանն էր, հայտարարությունում էլ ասվում էր՝

-ՀՀ-ն  դեմ է միջուկային զենքի տարածմանը, բայց հասկանում և ըմբռնումով է մոտենում  Հնդկաստանի միջուկային մտահոգությունները և Պակիստանի հետ  հավասարակշռելու ձգտումները, որը Հնդկաստանն ուներ:

Հնդկաստանում դա շատ մեծ ոգևորությամբ ընդունեցին՝ դա մի լսելի ձայն էր միջազգային պատժամիջոցների հորձանուտում: Արմեն Բայբուրդյանի հետ հանդիպելու ցանկություն հայտնեց նաև Հայաստանում հավատարմարգրված Հնդկաստանի դեսպանը, որի նստավայրը Կիևում էր:

Հանդիպման ժամանակ դեսպանը նշել էր, որ Հնդկաստանի կառավարությունը շատ բարձր է գնահատում այդ քայլը և որոշել է անմիջապես դեսպանություն բացել Երևանում:

Հանդիպում Հնդկաստանի ԱԳՆ պետական նախարար Դիգվիջեյ Սինգհի հետ

Եվ քանի որ բյուջետային  տարվա կեսն է դեռևս, որոշել են փակել Հնդկաստանի մեկ դիվանագիտական ներկայացուցչություն և այդ ռեսուրսներն ուղղել Երևանում բացելու Հնդկաստանի դեսպանություն և շատ կուզենային ինձ տեսնել Հնդկաստանում առաջին դեսպանը: Ես դա ծիծաղով ընդունեցի:

Բայց արդեն 2000 ականներին դեսպանություն բացելու հարց առաջացավ և Արմեն Բայբուրդյանին դեսպան դառնալու առաջարկ եղավ:

Նյու Դելի մեկնեց կնոջ, երկու դստրերի և մանկահասակ որդու հետ, որի մասին մի խիստ հետաքրքրաշարժ պատմություն կա:

— Տղաս արդեն երկուս ու  կես տարեկան է, չի խոսում, մենք նույնիսկ անհանգստացել էինք, որ սովորաբար տղաները երկու տարեկանում արդեն խոսում են, իսկ նա չի խոսում:

ՀՀ դեսպանի կեցավայրի անվտանգությունն այդ ժամանակ ապահովում էր մի հնդիկ զինվոր:

Եվ մի օր աղջիկս վազելով եկավ, ասաց՝ հայրի՜կ, Դավիթը խոսում է, վազեցինք տեսնենք խոսում է այդ զինվորի հետ, բայց խոսում է հինդի, և երբ որ մենք զարմացած բացականչում էինք՝ վերջապես, վերջապես, էդ զինվորը շատ զարմացած ասաց ի՞նչ է պատահել, ասացինք Դավիթը խոսում է, ասաց՝ բայց դա նոր չէ, նա վաղուց  է խոսում:

Կարդացեք նաև

Back to top button