Վերնատուն

«Տեսնելու ցանկությունը ոչնչացնում է խավարը». Աշոտ Աշոտի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը. «Վերնատուն»

Օրերս ՆՓԱԿ-ում բացվեց ֆրանիսիայում բնակվող արվեստագետ Աշոտ Աշոտի «Տեսնելու ցանկությունը ոչնչացնում է խավարը» ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը և համանուն ալբոմի շնորհանդեսը: Գիրք-ալբոմը, ինչպես արվեստագետն է ասում, իր հետահայաց վերապրումներն են, ստեղծագործական ուղու վերաիմաստավորումները՝ 80-ականներից մինչև մեր օրերը:

Աշոտ Աշոտը խոսում է իր արվեստի առանձնահատկություններից, Աստծո և Վան Գոգի հետ իր հարաբերություններից, մարմնի լեզվի և լուսանկարչության, վայելքի փիլիսոփայության մասին:

Ասում է, որ մի քիչ մեծամիտ է, հասարակության կարծիքը հաշվի չի առնում, քանի որ մարդը սխալական է, իսկ Աստծո կարծիքը՝ կարևոր, քանի որ այնտեղ է բացարձակը: Խոսելով Վան Գոգի մասին՝ նշում է, որ նրա համոզմունքներն ավելի շատ է հավանել, քան գեղանկարչությունը:

«Ոչ մի գաղափար չունեի նկարել Վան Գոգի նման կամ ազդվել Վան Գոգից: Ես 120 աշխատանք եմ ստեղծել Վան Գոգի կողմից և համարում եմ, որ դրանք նրա աշխատանքներն են, ստեղծել եմ նաև՝ Վան Գոգի ու իմ փոխհարաբերությունները: Ժամանակը մի բան է, որ թույլ է տալիս խաղալ պատմության հետ, ես փորձեցի ինձ տեղադրել Վան Գոգի ժամանակի ու ժամանակակիցների միջև: Շատ հետաքրքիր շղթա ստեղծվեց. իմ հարաբերությունները Վան Գոգի հետ, նրա հարաբերություններն ինձ հետ և մեր հարաբերությունները Աստծո հետ», — ասում է արվեստագետը:

Հարցին, թե Վան Գոգն արդյո՞ք կհավաներ իր նկարները, եթե տեսներ, ասում է՝ կհավաներ, քանի որ Վան Գոգն իր նամակներում խոսում է ապագայի նկարչության մասին, ճշգրիտ նկարագրելով նոր մոտեցումներն արվեստում, ինչը հետո արեցին նկարիչները 20-րդ դարի երկրորդ կեսին:

Խոսելով մերկ մարմնի մասին, ասում է մերկ մարմինը իր ստեղծագործության մեջ  փիլիսոփայական նշանակություն ունի: Մարմնի իմաստն առհասարակ հաղորդակցվելու հնարավությունն է:

1988 թվականին գրելով պերմանենտ արվեստի մանիֆեստը, սկսել է աշխատել կրկնողության վրա: Արվեստագետը գտնում է, որ կրկնությունն ապահովում է գոյությունը. կրկնվող օրերից մինչև կրկնվող սխալներ, կրկնվող աղոթքներ, նույնիսկ իր անունը՝ Աշոտ Աշոտ:  

Back to top button