Սեպտեմբերի 6-8-ը յոթերորդ անգամ մեկնարկելու է Գրքի Երևանյան միջազգային փառատոնը: Այս տարի այն տեղի է ունենալու Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում։ Գրքի Երևանյան միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը խոսում է փառատոնի այս տարվա առանձնահատկությունների մասին։
Փառատոնի գլխավոր ձեռքբերումներից մեկը Արմեն Սարգսյանը համարում է փառատոնի միջազգայնացումը. ընդգրկումը Եվրոպական միության փառատոնների ընտանիքին, լինելու Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» ծրագրի փառատոններից մեկը, որը թույլ է տալիս Հայաստան հրավիրել Եվրոպական միության մրցանակակիր գրողների, հայ գրողների համար հնարավորություն ստեղծել մասնակցելու Եվրոպական փառատոններին՝ աջակցություն ստանալով ծրագրերից, որ իրականացնում է Ստեղծագործ Եվրոպան:
Այս տարի ծրագրում նախատեսվում է շուրջ 32 միջոցառում. հայ ժամանակակից գրողների գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական ստենդափ, բաթլներ, թատրոն, երաժշտություն, փիչինգ, պոեզիայի ընթերցումներ, գրքի տոնավաճառ (20-40% պարտադիր զեղչ) և այլն։
«Գրքի երևանյան փառատոնը արվեստների երկխոսության հարթակ է: Փառատոնը ուշադրություն է հրավիրում նաև մշակութային տարածքների վրա և մարդիկ երեք օր ներկա գտնվելով Պատկերասրահի տարածքում՝ զուգահեռ հնարավորություն կունենան ծանոթանալ նաև այդ տարածքում գտնվող երեք թանգարանի՝ Ազգային Պատկերասրահին, Պատմության թանգարանին, Գրականության ու արվեստի թանգարանին», — ասում է Արմեն Սարգսյանը:
Փառատոնը, ինչպես յուրաքանչյուր տարի կամփոփվի մրցանակաբաշխությամբ, հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։
«Հայաստանում կա գրական կյանք և շատ ակտիվ, տարեկան շուրջ 2500 գիրք է տպագրվում, ունենք գրողներ որոնք 7-15 լեզուներով թարգմանվել և հրատարակվել են արտերկրում, 20 տարի առաջ մենք այդ հնարավորությունները չունեինք: Գրահրատարակչական ոլորտն այսօր ամենազարգացող ոլորտներից է, փառատոնի շուրջ հետաքրքրությունն էլ է այդ մասին խոսում, քանի որ երեք օրերի ընթացքում մենք շուրջ 15000 այցելու ենք ունենում: Եվ դա հրաշալի ցուցանիշ է», — ասում է Արմեն Սարգսյանը:
Փառատոնի ծրագիրը այստեղ՝ https://www.evnbookfest.com/




