Հրապարակախոս, մեկնաբան Արայիկ Մանուկյանը խոսում է «Երվանդ Քոչար․ Փոխակերպումներ» կրթամշակութային նախագծի, արվեստի ու մշակութային կրթության կարևորության մասին։
Երվանդ Քոչարի 125-ամյակի առիթով ներկայացված «Երվանդ Քոչար․ Փոխակերպումներ» և «Երվանդ Քոչար․ Ռեֆլեքսիաներ» նախագծերը, որոնց հեղինակը Արայիկ Մանուկյանն է, ուսումնասիրելով Երվանդ Քոչարի ժառանգությունն ու արվեստը, նպատակ ունի դարձնել այն նոր սերնդի սեփականությունը։
«Մենք ու նաև աշխարհը շատ չունի քոչարներ և նման արվեստագետի մասին մեր գիտելիքները չպետք է սահմանափակվի մեկ երկու քանդակներով, այլ պիտի փորձենք նրա ժառանգությունը դարձնել մշակութային կրթության համար առանցքային», – ասում է Արայիկ Մանուկյանը։
Նախագծերն ունեն տեսական մաս, որը կազմված է ծանոթությունից Քոչարի արվեստին, արվեստագետների հետ հանդիպում քննարկումներից, ֆիլմերի դիտումներից, ընթերցանությունից, թանգարաններ այցելություններից և աշխատարանից, որտեղ երեխաները ոգեշնչվելով Քոչարի արվեստից փորձում են ստեղծել իրենց ստեղծագործությունները։
«Քոչարը պիտի մտնի իրենց մեջ և փոխակերպված դուրս գա։ Ստեփանավանի և Օձունի երեխաներն ամեն օր չէ, որ տեսնում են վիդեոարտ և ինստալացիաներ, արվեստագետների հետ խոսում են Քոչարի մասին։ Նրանք արդեն ստեղծել են տարածական նկարչության մի մոդել, որտեղ իրենց գույներն են, իրենց ձևերն ու ֆորմաները։ Ինձ համար սա բացառիկ հետաքրքիր է։ Սրանից ավելի լավ մշակութային կրթություն դժվար է պատկերացնել», – ասում է Արայիկ Մանուկյանը։
Մանուկյանը նշում է, որ եթե մարդը ներաշխարհ ու ինտելեկտ չունի այդ մարդուն ոչինչ չի փրկի։ Առանց արվեստի կրթության հնարավոր չէ մարդուն մարդ դարձնել։ Մշակույթը պետք է ձևավորել մարդու մեջ և դարձնել այն կենսակերպ։