ԿարևորՀասարակություն

Կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը

89 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նրա երեք երեխաների համատեղ հայտարարությունը։

Նշվում է, որ նա մահացել է ֆրանսիական Դուշի կոմունայի իր տանը՝ շրջապատված երեխաներով ու ընտանիքով։

Ալեն Դելոնը ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասան է, կինոպրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։ Նա համարվում է ոչ միայն եվրոպական կինոյի աստղ ու սեքս խորհրդանիշ, այլև «կինոյի պատմության ամենագեղեցիկ կինոդերասան»։

Դերասանն իր կարիերան սկսել է 1957 թվականին։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են՝ «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում)։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։

1990-ականներից ի վեր նա հազվադեպ է երևացել էկրաններին, վերջին անգամ հանրությանը ներկայացել է 2019 թվականին՝ Կաննի կինոփառատոնին «Ոսկե արմավենու ճյուղը» ստանալու ժամանակ։

Վերջին տարիներին Դելոնը հազվադեպ էր լքում իր կալվածքը։ Դերասանը 2019 թվականին կաթվածից հետո առողջական խնդիրներ ուներ։

Կարդացեք նաև

Back to top button