ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Միգրանտը կպատժվի իր խախտված իրավունքի համար. ՌԴ-ն խստացնում է միգրացիոն օրենսդրությունը



«Ռուսաստանի Դաշնություն օտարերկրյա քաղաքացիների մուտքի (ելքի) և գտնվելու (բնակության) պայմանների մասին» օրենքում  փոփոխություններ են կատարվել, որոնք
էական ազդեցություն են ունենալու ՀՀ-ից ՌԴ միգրացիոն հոսքերի վրա:   2024թ. հուլիսի 23-ին    ՌԴ պետդուման ընդունել է նախագիծը։  «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Ռադիոլուրին» ներկայացրել է փոփոխությունները՝ նշելով, որ 2025թ. հունվարի 1-ից փոխվում է ՌԴ-ում առանց վիզային ռեժիմի ժամանակավոր գտնվելու ժամկետը։ Ռուսաստանում տարեկան գումարային 30 օրից ավելի գտնվող միգրանտից կպահանջվի ստորագրել «Ռուսաստանին լոյալության համաձայնագիր»՝ պարտավորություն ոչ միայն հետևելու ռուսաստանյան օրենքներին, սովորույթներին ու ավանդույթներին, այլ նաև չչարաշահելու
ՌԴ պետական ծառայողների գործողությունները բողոքարկելու իրավունքը: Փաստացի, միգրանտները զրկվելու են ՌԴ պետական ​​ծառայողների կողմից իրենց իրավունքների ցանկացած խախտում օրինական կերպով բողոքարկելու իրավունքից՝ ասում է Բեժանյանը։   

Ներդվում են «Գտնվելու վերահսկվող ռեժիմ»-ը և «Միգրացիոն հետախուզում»-ը

Կարգի հիմքում միգրանտի պարտավորությունն է՝ առանց ոստիկանության թույլտվության չլքել գրանցման վայրը։ Միգրանտը պարտավոր է գրանցվել իրական բնակության հասցեում։  Բնակության իրական հասցեում չբնակվողները կարող են մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկվել։ Մեր հայրենակիցների մուտքի արգելքի զգալի մասը պայմանավորված է  կամ ռեգիստրացիայի ժամկետի խախտումով, կամ  գրանցման հասցեում չբնակվելով։ «Սա նորմալ չէ, դրա համար են իրենք մուտքի արգելք ստանում»,– ասում է փորձագետը։ Բեժանյանի խոսքով՝ կարևոր է, որ գրանցումը լինի բնակության վայրում։ Ներդրվում է նաև «Միգրացիոն հետախուզում» (миграционный розыск) հասկացությունը: Ըստ Բեժանյանի՝ Ոստիկանությանը փաստացի իրավունք է տրվում «միգրացիոն հետախուզման կասկածանքով» մինչև 48 ժամով կալանավորելու ցանկացած անձի:

Դեպի ՌԴ միգրացիոն հոսքը նվազում է

Սա պայմանավորված է  ՌԴ–ում տիրող իրավիճակով՝ ռուբլու կուրսի առնվազն երեք անգամ անկում, սանկցիաներ, ռուս–ուկրաինական պատերազմ։ Ըստ վիճակագրության՝ աշխատանքի նպատակով 2021–ին ՌԴ է մեկնել 389 809 ՀՀ քաղաքացի , աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի առկայությամբ աշխատել է 138 946-ը, 2022–ին մեկնել է 332 199-ը, աշխատել՝ 108 128–ը,  2023–ին՝ 234 541-ը, աշխատել՝ 82 420-ը։

Միգարցիոն այլ խստացումներ նույնպես կան

Փորձագետի խոսքով՝ միգրացիոն խստացումների հետևանքով Ռուսաստանում միգրանտները փաստացի  զրկվում են անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքից։ Նրանք կարող են պատժվել վտանգավոր վարակիչ հիվանդությունների կրող լինելու, հիվանդանոցում ստացիոնար բուժում ստանալու, գործատուի կողմից հարկերը ժամանակին չվճարելու համար և այլ պատճառներով:

Կարդացեք նաև

Back to top button