
«Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի նախնական տարբերակի շուրջ քննարկումները հասել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչություն։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դասագրքի այդ տարբերակի գործածությունը, քանի որ ըստ ռուսական կողմի, խեղաթյուրվում են 1826-28 թթ․ ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։ Հայկական կողմը, պարզվում է, ավելի վաղ էր վերանայել դասագրքի խնդրահարույց հատվածը։
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երեկ ուշ երեկոյան «Անտիֆեյք» հեշթեգով Հայաստանի իշխանություններին հորդորեց թույլ չտալ, որ 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը հասնի դպրոցներին՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» վերտառությամբ հատվածը որակելով սադրիչ և փաստերը հեղաթյուրող։ Այս հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է խմբագրել վիճահարույց հատվածը։ Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ այս փոփոխությունն առանց Ռուսաստանի հուշումների է արվել։ «Ռադիոլուր»-ին ԿԳՄՍ նախարարությունից փոխանցեցին՝ վերանայման որոշումն ավելի վաղ էր կայացվել, լրատվամիջոցներից մեկն առնվազն նախորդ շաբաթասկզբին գիտեր այդ մասին։ Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն էլ մեր հարցմանն ի պատասխան գրեց՝ դիտարկումներն ու քննարկումները վերաբերում են դասագրքի նախնական տարբերակին, վերջնական տարբերակը դեռ հանրությանը ներկայացված չէ․
«Մասնագետների բազմակի ստուգումներից և փորձագիտական հանձնաժողովի դիտարկումներից հետո անցած ամիսներին դասագիրքը մանամասնորեն լրամշակվել է։ Այն շուտով հասանելի կլինի հանրությանը»։

Թեպետ թեման քննարկումների կիզակետում հայտնվեց Ռուսաստանի հայտարարությունից հետո, «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» ձևակերպման՝ վիճելի ու խնդրահարույց լինելը պարզ էր նաև դրա՝ դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում հայտնվելուց հետո։ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը լրատվամիջոցներց մեկին ասել է՝ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել ու դիմել հեղինակներին՝ առաջարկելով վերանայել վերնագիրը։
«Մենք ունեցանք ահազանգեր այն մասով, որ գլուխներից մեկը, որը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» իր մեջ որոշակիորեն բացասական երանգ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դերի տեսանկյունից։ Տարբեր ահազանգեր ենք ստացել, այդ թվում՝ տարբեր գործընկերների կողմից։ Մենք հեղինակների հետ կապ հաստատեցինք, առաջարկեցինք վերանայել այդ վերնագիրը և այնպիսի մոտեցում ցույց տալ, ինչպիսին ներկայացված է Հայոց պատմության առարկայական չափորոշիչներում»։
«Բռնակցում» բառը լեզվաբանները բացատրում են 3 կերպ՝ մի երկրի բռնի միացումը մեկ այլ երկրի, մի պետության տարածքի բռնի միացումը այլ պետության և օտար պետության սահմաններում ժողովրդին՝ բռնի ուժով պահումը։ 3 բացատրություններում էլ առանցքային է «պետություն» բառը, իսկ այդ ժամանակաշրջանում Հայաստանն անկախ պետականություն չուներ՝ բացատրում է պատմաբան Աշոտ Մելքոնյանը․
«Մենք այդ ժամանակ չունեինք պետականություն, Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետության տակ էր, և Արևելյան Հայաստանի գրավումը ռուսների կողմից ու Պարսկաստանի տիրապետությունից անցումը Ռուսական տիրապետության Հայաստանի համար չի կարող դիտարկվել որպես բռնակցում»։

Բառընտրությունը ոչ թե գիտական, այլ քաղաքական է՝ ուղիղ արձագանք հայ-ռուսական լարված հարաբերություններին՝ կարծում է Մելքոնյանը։ Վկայակոչում է նախորդ դասագրքերը՝ 90-ականներից սկսած ռուս-պարսկական պատերազմից հետո Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանի անցումը Ռուսական կայսրությանը բնութագրվում էր որպես միացում, գրավում, սակայն ոչ բռնակցում։
«Մենք գործածել ենք Արևելյան Հայաստանի միացումը, գործածել ենք նաև գրավում բառը, բայց բռնակցումը, բնականաբար, վերաբերում է պետականությանը և այս դեպքում անընդունելի է, և նաև պատմական ճշմարտության դեմ մեղանչում է այն իմաստով, որ Արևելյան Հայաստանի միացումը բոլոր դեպքերում Ռուսաստանին, դա դրական երևույթ էր պարսկաթուրքական տիրապետության համեմատությամբ»։
Թե երբ նոր դասագիրքը կներկայացվի հանրությանը, հայտնի չէ։ ԿԳՄՍ-ից փոխանցում են, որ դասագիրքը ուղարկվել էր կրկնակի փորձաքննության, քանի որ չէր համապատասխանել հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի հաստատած գնահատման սանդղակին։ Լրամշակման արդյունքում դասագիրքը համապատասխանել էր չափորոշչի պահանջներին, սակայն գիտականության վերաբերյալ ներկայացվել էին դիտարկումներ։ Նոր փոփոխություններով դասագիրքը կրկին ներկայացվել էր փորձաքննության, արդյունքում այն հաղթահարել է գնահատման համար սահմանված անցողիկ շեմը։ Այժմ մրցույթի ընթացքում ներկայացված և փորձաքննության փուլերը հաղթահարած ուսումնական նյութերը հրապարակվում են ԴՇՀ պետական հարթակում՝ հնարավորություն տալով ուսուցիչներին հրապարակման օրվանից հաշված 14 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական նյութի վերաբերյալ կարծիք հայտնելու:




