
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ բավականին անանկնկալ հոդվածով օրերս հանդես եկավ Ստամբուլում հրապարակվող «Թարաֆ» թերթը: Թուրքական պարբերականը հայտնել էր, թե նախագահի պաշտոնին հավակնող վարչապետ Էրդողանը հանձնարարական է տվել՝ սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ: Թեպետ թուրքական իշխանությունները հերքեցին լուրը, այնուամենայնիվ փորձագիտական շրջանակներում չեն բացառում, որ թերթի հրապարակումը անհիմն չէ։
Արդեն 7 տարի Ստամբուլում մոտ 80 հազար տպաքանակով լույս տեսնող «Թարաֆ» թերթի տեղեկատվական այդ արտահոսքի իսկությունը թեև հերքվեց պաշտոնական աղբյուրների կողմից, այնուամենայնիվ, ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում: Թուրքագետ Արտակ Շաքարյանը խոստովանեց, որ «Թարաֆին» տեսականորեն վստահելու հիմքեր ունի։ Միևնույն ժամանակ՝ սեպտեմբերին սահմանի բացումը կասկածելի է փորձագետի համար: Այս հրապարակումը նա կապում է հաջորդ տարի նշվելիք Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ։
Ժամանակ առ ժամանակ թուրքական մամուլում հայտնվում են հրապարակումներ սահմանամերձ տրանսպորտային ենթակառուցվածքների վերանորոգման, տարածքների ականազերծման մասին, սակայն դրանից հետո չի հետևում սահմանի բացումը: Շաքարյանը ընդգծեց, որ սահմանը փակ է թուրքական կողմից։ Եթե նույնիսկ սահմանը բացվի, ապա որոշ ժամանակ անց այն նույնպես անակնկալ կերպով կարող է փակվել՝ ամենաչնչին իսկ առիթի դեպքում։
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2015 թվականին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու Թուրքիայի նախագահին հասցեագրած հրավերին՝ Շաքարյանը կարծիք հայտնեց, որ այն կմերժվի թուրքական կողմից: Դրա համար ամենահարմար առիթը Գալիպոլիի թերակղզում 1915 թվականի ապրիլի 25-ին տեղի ունեցած ճակատամարտում թուրքերի հաղթանակի 100-ամյակն է։
Բուն հրավերը ևս ունի թերի կողմեր, նշեց թուրքագետը: Ըստ նրա՝ օգոստոսի 10-ին ընտրվելիք Թուրքիայի ապագա նախագահը, ամենայն հավանականությամբ՝ գործող վարչապետ Էրդողանը, եթե ընդունի հրավերն ու այցելի Երևան, ապա կարող է հանդես գալ հայկական կողմի համար ոչ ընդունելի հայտարարություններով։ Արդեն նախագահի կարգավիճակում Էրդողանը կձգտի ուժեղացնել սեփական դիրքերը երկրի կառավարման գործում, սակայն որևէ մեծ զիջումներ չարժե ակնկալել այդ հավակնոտ քաղաքական գործչից։




