Ընդդեմ բիզնեսի՞, թե՞ հանուն ազնիվ բիզնեսի․ ՊԵԿ-գործարար հեռակա բանավեճ
Հարկային կարգապահությամբ գործող տնտեսվարողները հաճախ են բողոքում, որ իրենք շուկայից դուրս են մնում հարկեր թաքցնող տնտեսվարողների պատճառով․ այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում կառույցի ներկայացրած օրենսդրական նոր նախաձեռնության շուրջ առաջացած աղմուկին։ «Մանթաշյան» գործարարաների միության նախագահ Վահրամ Միրաքյանը նախաձեռնությունը բիզնեսի համար լուրջ սպառնալիք է որակել՝ ընդհուպ մինչև «երեք տարի անց Հայատսանում բիզնես չի լինի» եզրահանգմանը հասնելով։
«Մանթաշյան» գործարարաների միության նախագահ Վահրամ Միրաքայանն ու ՊԵԿ-ը բանավիճում են հեռակա՝ բացառելով խոսակցությունը դեմ առ դեմ զարգացնելու հավանականությունը։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է՝ չի պատրաստվում հանդիպել վերջին օրերին ՊԵԿ-ի հետ ունեցած խնդիրները ակտիվորեն բարձրաձայնող Միրաքյանի հետ, քանի որ վերջինի խոսքում շանտաժի տարրեր է նկատում։ Լրագրողներին, ամեն դեպքում, պատմում է՝ Քրեական օրենսգրքում ՊԵԿ-ի առաջարկած փոփոխություններն ազնիվ աշխատող որևէ բիզնեսի դեմ չեն գործելու։
Այժմ գործող օրենքով պետությանը 10 միլիոն դրամ և ավելի հարկ չվճարելու դեպքում գործարարը կարող է պատժվել 4-8 տարի ազատազրկմամբ։ Եթե գործարարը վճարում է այդ հարկը, ապա քրեական գործը չեղարկվում է։ Առաջարկվող փոփոխությունը խրախուսական այս նորմը վերացնելու մասին է։
«Մանթաշյանց» գործարարների միության նախագաhը գրառում էր արել և տեղեկացրել՝ ՊԵԿ-ն առաջարկվող փոփոխությամբ պատրաստվում է տարվա մեջ մոտ 1000 գործարարի կալանավորել ու պահել բանտում՝ նույնիսկ խախտումը վերացնելու դեպքում։
«Վստահ եմ, որ չկա մի էդպիսի միջին կամ խոշոր բիզնես, որը 5 տարիների ընթացքում 10 միլիոն դրամի խախտում չունենա, հնարավոր չէ այդքան ստիրիլ աշխատել: Եթե հարկային տեսուչները ենթադրում են, որ գործարարը 100 միլիոն դրամի հարկ չի վճարել, գործարարին բանտ են նստեցնում, գործարարը գումարը վճարում է, բայց շարունակում է մնալ բանտում: Հետո 3 տարի տևած դատերից պարզվում է, որ հարկային տեսուչները սխալվել են (այդպիսի շատ դեպքեր են լինում) գործարարին հետ են վճարում 100 միլիոնն ու բանտից ազատում են: Երեք տարի անց, արդեն բիզնես չկա»,- գրել է Միրաքայանը։
ՊԵկ նախագահը վստահ է՝ անհարկի կալանավորումներ չեն լինի, իսկ պետությանը խաբելու համար, այո, պետք է պատժվել։
«Նախ՝ կալանքը բացարձակապես էական հանգամանք չի, խափանման միջոցի ընտրության-չընտրության հարցը։ Առաջինը պետք է հասկանանք՝ ինչի մասին է հարցը։ Օրինակ՝ նույն շուկայում գործում են 2 տնտեսվարող սուբյեկտ, մեկը հարկային կարգապահության տեսանկյունից 100%-ով վճարում է բոլոր հարկերը, մյուսը խուսափում է հարկերից։ Ինչ-որ պահի ՊԵԿ-ը հայտնաբերում է իրավախախտման մի մասը, ապացուցում է դրանից էլ ավելի փոքր մասը, և էդ տնտեսվարողն ասում է՝ շատ լավ, դե ես բերեմ, գումարը վճարեմ և ազատվեմ քրեական պատասխանատվությունից։ Այսինքն՝ սա որքանո՞վ է արդար կարգապահ հարկ վճարողի նկատմամբ»։
Հարկային պարտավորություններից խուսափելը դատապարտելի է՝ վստահ է տնտեսագետ Արմեն Քթոյանը, սակայն քրեական պատասխանատվությունը չի համարում մարդկանց հարկային դաշտ բերելու գործիքներից ամենաարդյունավետը։
«Քրեական հետապնդումը, կարելի է ասել, վերջին՝ բացառիկ, ծայրահեղ գործիք է, որը կարելի է կիրառել բիզնեսի համեմատությամբ շատ խոշոր ու չարամիտ խախտումների համար։ Ինչ-որ սխալի, բացթողման կամ վրիպման արդյունքում դու կարող ես կատարել խախտում, որ այդ շեմից վեր է և այդ պարագայում դու ևս ենթակա է դառնում քրեական հետապնդման։ Օրինակ՝ հաշվարկում ես հարկման բազան, հարկման բազայից օրենքով նախատեսված են բազմաթիվ նվազեցումներ։ Այդ նվազեցումները դու հաշվարկում ես մի տրամաբանությամբ, բայց հետո պարզվում է, որ պետք է հաշվարկել այլ տրամաբանությամբ կամ քո կարծիքով ինչ-որ մի ծախս, որը կատարել ես, ենթակա է նվազեցման, որովհետեւ մտնում է հարկային օրենսդրությամբ սահմանված նվազեցումների ցանկի մեջ, բայց ՊԵԿ-ի տեսուչը համարում է, որ չի մտնում։ Ստացվում է, որ այս իրավիճակում դու ոչ միայն վճարում ես այդ հարկը, այլ նաև ենթակա ես քրեական հետապնդման, որովհետը այդ շեղման չափն ավելին է, քան սահմանված է օրենքով։ Ընդ որում՝ մենք ունենք բազմաթիվ հարկատուներ, որոնց պարագայում այդ տասը միլիոնն իրենց վճարած հարկերի ընդամենը 1%–ն է»։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնում է՝ պատահական, ոչ միտումնավոր, տեխնիկական սխալի պատճառով քրեական պատասխանատվություն չի սահմանվում։
«Այդպիսի պրակտիկա չկա, որ պատահական սխալի համար քրեական վարույթներ լինեն, հնարավոր չէ պատահական սխալով նախ հանկարծակիորեն առաջացնել միլիոնավոր դրամների հարկային պարտավորություն, բայց էդպիսի դեպքեր լինում են, որ տեխնիկական սխալ է, դրանք ծանուցումներով և այլ գործիքակազմով են լուծում։
ՊԵԿ-ին ուղղված մեղադրանքներից մեկն էլ վերաբերում է անկախ բիզնեսի շրջանառությունից համահավասար պատժի մեխանիզմ կիրառելուն։ Այսինքն՝ կարևոր չէ՝ բիզնեսը տարեկան 50 միլիոնի, թե՞ 50 միլիարդի շրջանառություն ունի։ Պատիժը նախատեսվում է 10 միլիոնի շեմը հատելուն պես։
«Ռադիոլուր»-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից տեղեկացրել են՝ ինչպես նախկինում, այնպես էլ նոր փոփոխություններով հաշվի չեն առնվում տնտեսվարող սուբյեկտների շրջանառության ծավալները: Միևնույն ժամանակ ՊԵԿ–ը չի հասկանում՝ 10 միլիոն դրամը ինչո՞ւ է համարվում ցածր, եթե գողության համար անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում 50 000, նույնիսկ 5 000 դրամի համար։ «Միգուցե, որոշ քննադատներ պետությունից գողությունը չեն համարում «մեծ մեղք»»,- գրված է կառույցի նամակում։
Ռուստամ Բադասյանը, սակայն համարում է, որ սա քննադատության միակ ողջամիտ հատվածն է, ու չի բացառում տարբեր շեմեր սահմանելու հնարավորությունը՝ կախված պետությանը պատճառված վնասի չափից։