Ավելի քան 300 մլն դրամ՝ աղետից տուժած բիզնեսին ու գյուղոլորտին. ովքե՞ր են շահառուները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը:
Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը:
Քարկոփում Գագիկ Սիրադեղյանի մի քանի հեկտար տարածք ընդգրկող այգուց աղետից հետո միայն ծառերի արմատներն են մնացել։ Բազմաթիվ ծառերից միայն մեկն է դիմադրել տարերքին ու նորից աճել. քարերի միջից օրերս նորից թզենու տերևներ են հայտնվել։ Մայիսի վերջին տեղի ունեցած աղետը տարավ Սիրադեղյանի ամբողջ տարվա ունեցվածքը։ Այգուց բացի, նաև անասնագոմն ու անասունները ջրին զոհ գնացին։
Դեռ ցավում է, որ չկարողացավ գոնե խոզերին փրկել, որոնք փակված մնացին անասնագոմում։ Ծանր տեխնիկան աշխատում է այգում՝ տարածքը մաքրում են չորացած արմատներից։
«Անասնագոմը՝ անասունները մեջը, եկավ ու ջուրը տարավ։ Գիշերը ժամը 1:30 էր, տղաս ասաց՝ զարթնի։ Վեր կացա՝ գոմը մինչև տանիքը ջրի մեջ էր։ Սառոչկես հանեցի, որ խոզերին փրկեմ, տղես ասաց՝ թող։ Խոզերը ճղճղում էին։ Ընենց այգի ունեի՝ ամեն ինչ կար»։
Կառավարությունը կփոխհատուցի աղետից տուժած գյուղացիական տնտեսություններին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հստակեցնում է.
«Նախագծով աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում, նաև «Անի Պաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված կենդանիների համար գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ Մեկ գլխի համար ցուլ՝ 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար դրամ, խոզ՝ 100 հազար դրամ, խոճկոր՝ 400 հազար դրամ, ոչխար և այծ՝ 50 հազար դրամ, գառ՝ 40 հազար դրամ, ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար դրամ, ճագար՝ 3 հազար դրամ, հավ՝ 2․5 հազար դրամ, բադ՝ 4 հազար դրամ, սագ՝ 5 հազար դրամ, հնդկահավ՝ 7 հազար դրամ, մեղվափեթակ՝ 60 հազար դրամ, ծիծածանափայլ իշխանի մայրական կազմ՝ 1 հատը 2․4 հազար դրամ»։
Համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված կենդանիների դեպքում գնահատված արժեքի 50 տոկոսի չափով, բացառությամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիների և ծիծածանափայլ իշխանի մայրական կազմի. դրանք հաշվառված չլինելու դեպքում փոխհատուցում չի տրամադրվում։ Տնամերձ հողամասերին անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում կտրամադրվի 150 հազար դրամ՝ միանվագ։
«Գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակված լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ Օրինակ՝ մեկ հատի հաշվով աղետի հետևանքով ոչնչացված պտղատու ծառը՝ 8500 դրամ, աղետի հետևանքով վնասված պտղատու ծառը՝ 1500 դրամ, պտղատու տնկանյութի դեպքում՝ 300 դրամ, մեկ քառ․ մետրի հաշվով հատապտղի թուփը՝ 450 դրամ»։
Դեբեդի վարարման հետևանքով տուժած բիզնեսը նույնպես աջակցություն կստանա։ Էկոնոմիկայի նախարարը հստակեցնում է՝ վնասները գույքագրվել են, օբյեկտիվ ու համարժեք աջակցություն տրամադրելու նպատակով տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ տեղում են գնահատում կատարել։ Արդյունքում տնտեսվարողների վնասվածությունը ցածր, միջին ու բարձր աստիճանի են առանձնացրել։ Աջակցություն կտրվի՝ հաշվի առնելով նախ մակերեսն ու վնասվածության չափը.
«Ցածր՝ մեկ քմ համար՝ 6600 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, միջին՝ 14 900 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, բարձր՝ 1 քմ՝ 24800 դրամ՝ 1 մլն 200 հազար դրամ։ Շուրջ 150 տնտեսվարողի կտրամադրվի աջակցություն, ընդհանուր գումարը՝ մոտ 140 մլն դրամ»։
Կախված տնտեսվարողի՝ 2023-ի պետբյուջե վճարված հարկերից, նույնպես աջակցություն կտրամադրվի։
«Ցածր՝ 2023-ի հարկերի չափով վերադարձ՝ ԱԱՀ կամ շրջհարկ՝ 50 տոկոսը, նվազագույնը՝ 200 հազար դրամ, առավելագույնը՝ 5 մլն դրամ։ Միջին՝ 2023-ի չափով վերադարձ՝ 70 տոկոս, նվազագույնը՝ 200 հազար դրամ, առավելագույնը՝ 10 մլն դրամ, և բարձր՝ 100 տոկոսի վերադարձ՝ առավելագույնը՝ 15 մլն դրամ։ 150 տնտեսվարող աջակցություն կստանա, գումարը՝ մոտ 150 մլն դրամ»։
Աջակցությունից օգտվելու համար դիմումները կընդունվեն օգոստոսի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ օնլայն տարբերակով։
Վարչապետը հիշեցնում է՝ երբ տնտեսվարողներին կառավարությունը հորդորում էր հարկ վճարել, ստվերից դուրս գալ, այս իրավիճակի մասին է նաև խոսքը.
«Այս աջակցությունից օգտվող քանի տնտեսվարող, մասնավորապես հարկերի մասով, որ մասը կհամարի արդարացի, որ մասը՝ ոչ, բայց կարծում ենք, որ արդարացի է։ Հարկերը հավաքվում են նաև նրա համար, աստված մի արասցե, նման իրավիճակում կառավարությունը աջակցելու հնարավորություն ունենա։ Սա շատ կոնկրետ այն դեպքն է, երբ ասում ենք՝ մի ընկալեք վճարած հարկերը ուրիշին տալու պրոցես, այլ՝ ընկալեք մի գրպանից հանելու, մյուսը դնելու պրոցես»։
Կառավարության ղեկավարը բացառում է ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծում է՝ շատ դեպքերում տնտեսավարող սուբյեկտները տեղեկացված չեն, որ հարկային հաշվետվության ձևերը պարունակում են այնպիսի հնարավորություն, որ տնտեսավարողները ճիշտ տվյալներ ներկայացնեն իրենց ապրանքային պաշարների վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը նշում է. «Ես չեմ կարծում, թե մենք կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում: Ամենայն հարգանքով՝ ես բացառում եմ դա: Մենք 6 տարի է, ինչ խնդրում, աղաչում ենք օրենքով սահմանված ձևով հաշվարկել: Բացառված է բանավոր խոսքի հիման վրա որևէ բան փոխհատուցելը։ Որևէ մեկը թող ակնկալիք չունենա, որ կարող է միայն խոսքով ասել, որ պահեստում, օրինակ, 15 մլն դրամի ապրանք է ունեցել: Երբ կհիմնավորվի, կառավարությունը համապատասխան վերաբերմունք կորդեգրի»:
Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի համար փոխհատուցում նույնպես կտրամադրվի: Այս պահի դրությամբ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցներ, որոնք աղետի հետևանքով վնասվել են: Փոխհատուցման շահառուներն այն անձինք են, որոնց անունով գրանցված է տրանսպորտային միջոցը։
193 տրանսպորտային միջոցներից 152-ի մասով արդեն իսկ կան վերջնական փորձագիտական եզրակացությունները: Քաղաքացիները հնարավորություն կունենան դիմում ներկայացնելու օգոստոսի 26-ից։