ԿարևորՀասարակություն

«Վերսկսելով Հայաստանը»․ «Ապրի Արմենիան»՝ Հայաստանի զսպման ռազմավարության մշակող

«Ապրի Արմենիան» (Applied policy research institute of Armenia) կիրառական, քաղաքական և հետազոտական ինստիտուտ է։ Հիմնադրվել է ՀԲԸՄ բարեգործական հիմնադրամի կողմից։  Ստեղծման հիմքում աշխարաքաղաքական առկա իրավիճակում Հայաստանի դերի հստակ պատկերացման հրամայականն էր։  2020թ պատերազմը խթանեց գաղափարի արագ իրագործմանը․ ուղեղային կենտրոնը ստեղծվեց 2022-ի հունիսի 22-ին։ «ԱՊՐԻ Արմենիան» դիրքավորվել է որպես անկախ և անկուսակցական ուղեղային կենտրոն։

Ժամանակագրական շղթան ձևավորվեց այսպես․ 2022-ի հունիսին «Ապրի Արմենիայի» առաջին ֆորումն էր, հուլիսին՝ ուղեղային կենտրոնի փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանի՝ Լոնդոնից Երևան մշտական բնակության տեղափոխվելը, օգոստոսին՝ աշխատանքի մեկնարկը, սեպտեմբերին՝ Ադրբեջանի հարձակումը։  Առաջին հետազոտությունն ուղղված էր Հայաստանի զսպման ռազմավարության մշակմանը։  Անահիտ Փիլիպպոսյան․

«Առաջինը դիվանագիտական զսպումն է, որի հիմքում հարցն է, թե ինչպես Հայաստանը կարող է քանակով և որակով զարգացնել  իր դիվանագիտական հարաբերությունները չորս տարբեր երկրների հետ։ Դիտարկեցինք երեք ավանդական ուղղություն և ևս մեկը, որ հիմա զարգանում է։ Ավանդական հարաբերություններն են՝ Ռուսաստան, Ամերիկա և ԵՄ, իսկ նորը՝ Հնդկաստանն է»։

Անահիտ Փիլիպպոսյանը սովորել է Սորբոնում, ապա Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, հետո աշխատել վերլուծական և ֆինանսական հայտնի ընկերություններում։

Հայաստանի զսպման ռազմավարության մշակումն ընթացքի մեջ է։ Դրա առանցքում հետևյալ հարցն է՝ ի՞նչ շահ ունի տվյալ երկիրը Հայաստանում և Հարավային Կովկասում։ Հարցի պատասխանը ձևակերպելը հնարավորություն կտա առաջարկներ մշակել, որոնք գրավիչ կլինեն այդ երկրների համար։ Հաջորդը ռազմական զսպումն է, որը ներառում է նաև արտերկրից մասնագետների ներգրավում։ Հետազոտության երրորդ առանցքն իրավաբանական զսպումն է, որը «պաշտպանելու պատասխանատվություն» կոնցեպտի իրացումն է Արցախի հայերի հանդեպ՝ իրավական հողի վրա։

Ուղեղային կենտրոնում պարզապես հետազոտություն անելը և հրապարակելը բավարար չեն համարում։ Ուզում են կոնկրետ խնդիրների վրա կենտրոնանալ և գործուն, կառուցողական առաջարկներով հանդես գալ։ Անահիտ Փիլիպպոսյան․

«Որովհետև չի բավեր հասկանալ, թե հարցն ինչ է, եթե հարց մը կա, մարդ կարդալով մի քիչ սոված կմնա։ Այո, շատ սիրուն ձևով ներկայացրեցին հարցերը, հետո ի՞նչ, ի՞նչ կրնանք անենք իբրև անհատ, կամ իբրև կառավարական մարմին, քաղաքական հասարակության անդամ,  կամ դիվանագետ, որ այս հարցը վերլուծենք կամ այս վիճակը փորձենք բարելավցնել։ Այս մշակույթը ունենք, որ միշտ որպես գործընկեր կառուցողական լինի մեր երկխոսությունը»։ 

Ուղեղային կենտրոնն այս առումով դրական օրինակ արդեն ունի։ Սև ծովով էլեկտրաէներգիա փոխանցող ստորջրյա մալուխի նախագծում ընդգրկված երկրներն են Հունգարիան, Ռումինիան, Վրաստանը և Ադրբեջանը։ Ըստ ԵՄ-ի կոնցեպտի՝ տնտեսական նախագծերի միջոցով տարածաշրջանում խաղաղության ապահովման հնարավորություն կա։ Սրանից հետևում է, որ նման հեռահար նպատակ ունենալով՝ տարածաշրջանի որևէ երկրի, այս դեպքում՝ Հայաստանին, նպատակահարմար չէ դուրս թողնել նախագծից։ Ուղեղային կենտրոնն այս ուղերձը փոխանցում է իր կազմակերպած վեբինարներից մեկի ժամանակ։ Ավելի ուշ այս միտքն արդեն հնչում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի շուրթերից։

Ուղեղային կենտրոնը գործունեություն է ծավալում  3 ուղղությամբ՝ տարածաշրջանային կայունություն, կայուն բարեկեցություն  և քաղաքացիական ներգրավվածություն։ Կենտրոնի առաքելությունն է նպաստել Հայաստանի կայուն և խաղաղ զարգացմանը։ Դա փորձում են իրականացնել երեք Հ-երի՝ Հանդիպման, Հետազոտության և Հաղորդակցության միջոցով։ Կենտրոնի հիմնադիր նախագահը դարձյալ արտերկրից  Հայաստանում հաստատված, լրագրող Լարա Սեդրակյանն է։

«Ապրի Արմենիայի» թիմում 14 հոգի են, այդ թվում՝ Կիմ Հեքիմյանը (առողջապահության նախարարի խորհրդական), Բենիամին Պողոսյանը (քաղաքագետ), Նվարդ Չալիկյանը (միջազգայնագետ), Սերգեյ Մելքոնյանը (պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան), Լեոնիդ Ներսիսյանը (ռազմական վերլուծաբան) և այլն:  

Նվարդ Չալիկյանն «Ապրի Արմենիա» հիմնադրամի միջազգային հարաբերությունների փորձագետն է, Քեմբրիջի շրջանավարտ։ Կենտրոնում ուսումնասիրում են Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության տարբեր ասպեկտները, մասնավորապես, փորձում հասկանալ, եթե խորացնում ենք հարաբերությունները Արևմուքտի հետ, ապա ինչ հնարավորություններ և մարտահրավերներ են ստեղծվում։ Հետազոտության ուղղությունները մի քանիսն են․ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ հարաբերություններ։ Նվարդ Չալիկյան․

«Հասարակության մեջ միֆոլոգիան մեծ չափաբաժնով է, որ պետք է Ռուսաստանից կտրվենք և գնանք դեպի Արևմուտք, որը մեզ կփրկի։ Սա ոչ կոռեկտ դիսկուրս է, քանի որ Հայաստանի համար շատ կարևոր են լավ հարաբերությունները հնարավոր բոլոր գործընկերների հետ։ Լինել հակառուսական կամ հակաամերիկյան հակացուցված է Հայաստանի համար։  Բոլոր այն երկրների հետ, որոնք մեզ շահակից են և կարող են օգնել, որ մեր բանակն ուժեղանա,  կարևոր են հարաբերությունները։ Բայց կարևոր է նաև հասկանալ, թե որոնք են այն սահմանները, որ ցանկացած երկիր ունենում է քեզ հետ հարաբերությունների մեջ»։

Ըստ Չալիկյանի՝ հարաբերություններ պետք է ձևավորել այն երկրների հետ, որոնց շահերից չի բխում, որ Թուրքիան կլանի Հայաստանը։ Այդ երկրներից մեկն, օրինակ, Հնդկաստանն է, որն այժմ համաշախարհային ավելի ազդեցիկ խաղացող է դառնում, քան նախկինում էր։ Հնդկաստանը սկսեց հետաքրքվել Հայաստանով այն ժամանակ, երբ Թուրքիայի և Պակիստանի միջև հարաբերությունները նոր փուլ մտան, և Ադրբեջանը նույնպես դրա մաս կազմեց։ Այդուհանդերձ, Հնդկաստանը տարածաշրջանում ֆիզիկապես ներկա չէ, սրա մասին ևս չպետք է մոռանալ՝ կարծում է Չալիկյանը։

«Հնդկաստանն, օրինակ, շատ կարևոր ուղղություն է մեզ համար, Իրանի շահերից նույնպես չի բխում այս ամենը։ Ռուսաստանի առումով շատ հակասական է, թե իրենց քաղաքականությունը մեր նկատմամբ, թե մեր քաղաքականությունն իրենց նկատմամբ։ Չեմ կարծում, որ Հայաստանում քարոզվող հակառուսականությունն առողջ է։ Միևնույն ժամանակ մենք հասկացել ենք, որ մեր անվտանգային հույսը միայն Ռուսաստանի վրա դնելը նույնպես սխալ ռազմավարություն է, դիվերսիֆիկացնելը, փորձել այլ երկրներից ստանալ ռազմատեխնիկա, ռազմական համագործակցություն, ճիշտ ռազմավարություն է, բայց վտանգն այն է, որ եթե Ռուսաստանը մեզ դիտարկի որպես թշնամի, մեզ համար շատ ավելի վատ կլինի։ Այսինքն՝ պետք է խուսափենք սուր անկյուններից։

Նախորդ տարի Հնդկաստանի ամենամեծ ուղեղային կենտրոններից մեկի՝ ORF-ի համագումարին «Ապրի Արմենիան» ոչ միայն մասնակից էր, այլև համաֆինասավորող։ Հայաստանի ԱԳՆ-ի և ORF-ի հետ համագործակցությամբ  առաջիկայում նախատեսում են Yerevan Global Dialogue-ի անցկացումը։  Այս հարթակում կարող են հանդիպել հայ-հնդկական համագործակցությամբ հետաքրքրված անձինք։

«Հնդկաստանի շահն այն է, որ Հայաստանը լինի, զարգանա և տարածաշրջանում իրականացնի իր հիմնական ֆունկցիան, որը միշտ իրականացրել է՝ զսպել թուրքական գործոնի չափից շատ մեծացումը։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ այն քաղաքականությունն է որդեգրել, որն  ուներ 100 տարի առաջ։ Նույնիսկ եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, չի նշանակում, որ այն խաղաղության է բերելու, քանի որ տեսնում ենք՝ ցեղասպանական ակտի արդյունքում Արցախին տիրանալուց հետո նրանց ախորժակը Հայաստանի տարածք է հասնում։ Դա զսպելու համար պետք է ամեն ջանք գործադրենք»։

Այս տարի «ԱՊՐԻ Արմենիայի» ֆորումի ժամանակ հայ-հնդական համագործակցությանը նվիրված պանելային քննարկումից հետո լրագրող, հեղինակավոր  Economic Times-ի հոդվածագիր Դիփանջան Ռոյ Չադրին մի քանի հոդված ներկայացրեց։ Չալիկյանի խոսքով՝ սովորաբար այդ պարբերականն ընթերցում են ազդեցիկ և որոշում կայացնող անձինք։ Հոդվածները հայ-հնդկական ռազմական համագործակցության, տնտեսական հնարավորությունների, նաև ՏՏ ոլորտում համագործակցության մասին էին։

«Լուրջ հետազոտության կարիք կա՝ վերհանելու այն ապրանքները, որ կարող ենք արտահանել, և որոնք կարող են ներմուծվել։ Ապրանքների մի շարք կա, որ ավանդաբար ներմուծում ենք Թուրքիայից, քանի որ էժան է։ Բայց եթե ուսումնասիրենք ու պարզվի, որ Հնդկաստանից նմանատիպ ապրանքների ներկրումն ավելի նպատակահարմար է, գուցե ոչ ավելի թանկ, միգուցե տրմաբանական կլինի, որ Հնդկաստանից գնենք այդ ապրանքները»։

«ԱՊՐԻ Արմենիան» դիրքավորվում է որպես անկախ և անկուսակցական ուղեղային կենտրոն։ Նմանատիպ կենտրոնները պետություններին հնարավորություն են տալիս գիտության վրա հիմնված քաղաքականության որդեգրել։ Սա ենթադրում է, որ դրանք աշխատում են կառավարության հետ, բայց ոչ կառավարության համար։

Կարդացեք նաև

Back to top button