Դպրություն

Ինչպիսի՞ն է այսօր մեր հանրապետությունում բժշկական կրթության որակը․ «Դպրություն»

Բժշկական կադրերի պատրաստումը երկարատև բարդ ու պատասխանատու գործընթաց է։  Իսկ կրթական գործընթացի որակի հիմնական պատասխանատուն և ապահովողը ուսումնական հաստատություններն են: Առողջապահության ազգային ինստիտուտը  փնտրում է լավագույն կադրերին՝ լավագույն մասնագետներ պատրաստելու համար։

«Ես չէի ուզենա առանձնացնել բժշկական կրթությունը մյուս ոլորտներից, որովհետև և՛ կրթական խնդիրները, և՛ առօրյան, և՛ ընդհանուր միջավայրը կարծում եմ մեր երկրում նույնն է և կարող եմ ասել, որ լավը չէ՛։ Վերջին ամսվա ընթացքում շատ է խոսվում բուհ–երում թափուր մնացած տեղերի մասին։ Ես, եթե անկեղծ ասեմ՝ թափուր տեղերից բացի, առկա ուսանողների մեջ շատ մեծ սելեկցիա կանեի, որովհետև քանի մենք, ներեք կոպիտ արտահայտության համար, «գլխաքանակով» ենք ամեն ինչ որոշում, մենք ոչ մի լավ բան չենք ունենալու։ Ոչ ոք հարց չդրեց օրակարգ, թե այդ ուսանողների քանի՞ տոկոսն է հետագայում դառնում որակյալ մասնագետ, քանի՞ տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ, քանի՞ տոկոսն է իր դիպլոմը օգտագործում որպես օժիտի մաս կամ հետո գնում զբաղվում լրիվ այլ գործունեությամբ, և հետո ստացվում է, որ այդ տարիները անիմաստ էին և՛ իր համար, և՛ բուհ–ի համար, և՛ ընդհանրապես՝ երկրի ու հասարակությամ համար», – ասում է ՀՀ Առողջապահության նախարարության  Առողջապահության ազգային Ինստիտուտի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Վահե Տեր-Մինասյանը։

«Անչափ կարևոր է, թե որ ուսումնական հաստատությունից է գալիս ուսանողը։ Եվ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչ պատրաստվածության են դասախոսները, ինչ մոտիվացիա ունեն ուսանողներին կրթություն տալու, դաս անցկացնելու։ Շատ կարևոր են պրակտիկ հմտությունները, որովհետև թեորիան, ինչ որ իրենք անցնում են՝ լավ, վատ, ինչ որ տարբերակներով քննությունը մի կերպ հանձնելուց հետո՝ արդյունքում առընչվելու են բուժառուի հետ և ամենամեծ դժվարությունը գալիս է, երբ մնում են մեն–մենակ հիվանդի հետ։ Եվ շատ հաճախ, երբ անցնում են պրակտիկ բժշկությանը և խնդիրներ են առաջանում նույն բուժառուի մոտ, հնարավոր է, որ հետագայում նույնիսկ չկարողանան աշխատել, որակը չեն կարող ապահովել։ Ավաղ, ինչը հաճախ հանդիպում է պրակտիկայում», – ասում է ՀՀ Առողջապահության նախարարության  Առողջապահության ազգային Ինստիտուտի  Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, բժշկուհի Իրինա Սահակյանը։

Back to top button