Գազայի հատվածում 2023թ․–ի հոկտեմբերից ի վեր 39 790 պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 39790-ի, վիրավորվել է 92002 մարդ։ Այս տվյալները Telegram ալիքում հրապարակել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը
Գերատեսչությունը նշել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի տարբեր հատվածներում Իսրայելի ուժերի հրթիռակոծությունների հետևանքով 40 պաղեստինցի է զոհվել, 140-ը վիրավորվել է»։
Առողջապահության նախարարությունը դեռ պաշտոնական տվյալներ չի տրամադրել Գազա քաղաքի ալ-Թաբիին դպրոցի վրա հարձակման զոհերի մասին։
Իսրայելական ինքնաթիռն այսօր առավոտյան երեք հրթիռ էր արձակել Գազայի Ալ-Թաբիին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար: Ըստ նախնական տվյալների, զոհվել է 100 մարդ։ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի գրոհայինները։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական ավանների վրա։