ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մրգաշատում 50-ականներին կառուցված դպրոցը տեղը զիջում է եվրոպական չափանիշներով կառուցվողին

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է նոր դպրոց, որի արժեքը ավելի քան 2 միլիարդ դրամ է: Այն նախատեսված է 451 աշակերտի համար: Եվրոպական ստանդարտներով կառուցվող դպրոցը նախատեսվում է շահագործել 2026թ հունվարին:

Մրգաշատ գյուղի 1950-ական թվականներին կառուցված թիվ 1 դպրոցի շենքից ոչինչ չի մնացել, ամբողջությամբ քանդվել ու տեղում ժամանակակից լուծումներով նորն է կառուցվում, որը դարձյալ լինելու է երկհարկանի, բայց ավելի ընդարձակ ու լուսավոր, բարեկարգ բակերով, մարզադաշտով ու խաղահրապարակով: Ընդհանուր տարածքը 3 հա 500 քմ: Թաքստոցի ու առաջին հարկի շինարարությունը գրեթե ավարտված է, շինարարական աշխատաքները սկսել են անցած տարվա դեկտեմբերից,  ասում է աշխղեկ Վիկտոր Խաչատուրյանը.

«Շատ ամուր դպրոց է, նախատեսված է 9 բալի համար, հսկայական քանակությամբ ամրաններ է օգտագործվում, պատերը միայն մոնոլիտ են: Նորատիպ կառույց է, իհարկե, տիպային, այսպիսի նախագծով հիմա հանրապետությունում կառուցվում է 5 դպրոց: Նախատեսում է 500 մարդու համար թաքստոց, մարզադահլիճ, երեխաների համար ճաշարան, ամֆիթատրոն, դահլիճ, ունի նաև 11 բաց պատշգամբ»:

Ամֆիթատրոնը կառուցվում է շենքի ներսում, որը լուսավորվելու է ապակեպատ տանիքից: Վերևից է լուսավորվելու նաև հարակից շրջանաձև ձմեռային այգին կամ ծաղկանոցը: Աշխղեկը տարաձայնություն ունի 9 մ բարձրությամբ ապակե տանիքի կառուցման հարցում:

 «Ապակե լուսավորությունը ես թերություն եմ համարում, գետնից 9մ բարձրություն ունի, դրա մաքրումը ներքևից ու վերևից ինչպես է կատարվելու: Այս ամբողջ տարածքը վերևից է լուսավորվելու: Շահագործելուց հետո ինչպես են մաքրելու ապակիները: Ես այն կարծիքին եմ, որ դա դպրոցի համար պետք չէր: Դպրոցի շահագործումը պետք է թեթև լինի»:

Վիկտոր Խաչատուրյանն այս մտահոգությունը ներկայացրել է Տարածքային զարգացման հիմնադրամին, սակայն նախագծում փոփոխություններ չեն եղել: Շենքում բոլոր պայմանները ստեղծվելու են հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների համար՝ բոլոր մուտքերում թեքահարթակներ են կառուցվում, ունենալու է վերելակ, ինչպես նաև հարմարեցված սանհանգույցներ: Մրգաշատում ընդհանուր կոյուղու համակարգ չկա, բայց շինարարները գտել են լուծումը՝ կառուցելու են հորեր ու մաքրման կայան:

«Կոյուղու համակարգը փակ է լինելու, ունենք մաքրման կայանի նախագիծ, որը պիտի կառուցենք: Կոյուղաջրերը լցվելու են հորերը, հետո մաքրվելու են, պոմպերով բարձրացվեն վերև, այդ ջուրը պետք է օգտագործվի ոռոգման նպատակով»:

Առաջին հարկում արդեն սկսել են առանձնացնել սենյակները, շինարարները միջնապատերն են շարում․ մրգաշատցիներ են, գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ նոր գործ են գտել:

Գրիշա Կյուրեղյան. «Ցեմենտ, ավազ ենք շաղում, պատ ենք շարում, առաջին հարկի սենյակները, դասարանները: Գյուղացի ենք. հող էլ ենք մշակում: Ես մասնագիտությամբ գինեգործ-գյուղատնտես եմ: Այստեղ վարձատրությունը նորմալ է, արդեն 3-4 ամիս եմ աշխատում: Կշարունակեմ աշխատել, որովհետև մեր տան մոտ է, մեր բակի հարևանությամբ ու մեզ հարմար է»:

Մարզերում ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքները Դրաստամատ Սարգսյանին մտափոխել են, ու նա հրաժարվել է Ռուսաստան մեկնելուց մտքից: Նա նույնպես Մրգաշատից է.

«Մենք բանվոր չենք, արհեստավոր ենք, գործերը վերցնում ու անում ենք: Գյուղատնտեսությամբ չեմ զբաղվում, անասնապահությամբ՝ խոզ ու ցուլիկներ եմ պահում: Ես ընդհանրապես, Ռուսաստան եմ մեկնել աշխատելու, խոպան գնացել, բայց արդեն չորս տարի դուրս չեմ գնում: Այստեղ աշխատանք կա ու աշխատում ենք: Չորս հոգով բրիգադ ենք կազմել ու հարմարվել»:      

Բացի մարզի բնակիչներից, շինարարությունում նաև այլազգիներ կան, սկզբում հնդիկներ են աշխատել, հիմա՝ նաև պարսիկներ:

Մրգաշատի դպրոցը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ընդհանուր արժեքը գերազանցում է 2 միլիարդ դրամը: Նորակառույց դպրոցը նախատեսվել է 451 աշակերտի համար: Անցած ուսումնական տարում Մրգաշատի թիվ 1 դպրոցը կիսվել էր երկու մասի, այս տարի նույնպես կշարունակեն այդ կերպ հաճախել դասի՝ ասում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը.

«Այստեղ մենք այլ լուծում գտանք. դպրոցի տարրական հատվածը հաճախում է համայնքի երաժշտական դպրոց՝ առաջին հերթով: Մրգաշատի 2-րդ դպրոցը ունի մի մասնաշենք, որը մենք կարողացանք ազատել՝ նեղություն տալով մյուս դպրոցին, և մյուսները հաճախում են այդ դպրոց: Այսինքն՝ մեկ հերթով ենք մենք դպրոցը սպասարկում»:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Մրգաշատի թիվ 1 դպրոցի շախմատի ուսուցիչ Նվեր Հովհաննիսյանը երաժշտական դպրոցի շենքում ազատ սենյակ էր փնտրում շախմատի դասարան ձևավորելու և կահավորելու համար: Մինչ այդ դասերն անցկացրել է դասասենյակներում, շախմատի շարժական ու մագնիսային տախտակների վրա:

«Մեր դպրոցը շախմատից բարձր ցուցանիշներ ունի, ունենք 6 աշակերտներ, որոնք տարբեր կարգայիններ են՝ երկրորդից մինչև 4-րդ կարգ: Միայն անցյալ տարի 7 աշակերտ հաճախեց շախմատի դպրոց, առաջիկայում նրանք նույնպես կարգ կստանան: Երեխաները սեր ունեն շախմատի նկատմամբ ու առաջ գնալու հակում: Այս ամռանը 4 աշակերտներ Վրաստանում մասնակցել են շախմատի մրցումներին, որակավորվել են ու ստացել կարգեր»:    

Նոր ուսումնական տարում դպրոցը նորից կշարունակի դասերն անցկացնել իրարից հեռու կիսված հասցեներում, քանի որ շինարարության ավարտը նախատեսվել է մինչև 2026թ հունվարին:

Back to top button