Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել շտապ վերսկսել բանակցությունները
Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի իշխանություններն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին կոչ են արել վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ գերեվարված իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ։
«Մենք կողմերին կոչ ենք արել օգոստոսի 15-ին Դոհայում կամ Կահիրեում շտապ վերսկսել բանակցությունները մնացած բացերը լուծելու և համաձայնագրի իրականացումը առանց որևէ հապաղման սկսելու համար», — ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Բանակցությունների վերսկսումը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և անցյալ շաբաթ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո սրացումից խուսափելու փորձ է։
Իրանի իշխանությունները և լիբանանյան «Հեզբոլլահը» խոստացել են պատժել Իսրայելին, որը չի ընդունել իր մասնակցությունը Հանիեի մահվանը։
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն այս շաբաթ դիմել է Իրանին և Իսրայելին Մերձավոր Արևելքում էսկալացիայից խուսափելու ուղիղ կոչով:
BBC-ի փոխանցմամբ՝ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Սպիտակ տունը սաստիկ զայրացած է Հանիյեի սպանությունից հետո՝ համարելով, որ դա կարող է ձախողել Գազայում զինադադարի բանակցությունները, որոնք առաջընթաց են գրանցել:
«Մեր երեք թիմերը երկար ամիսներ անխոնջ աշխատել են՝ հասնելու շրջանակային համաձայնագրին, որն այժմ դրված է սեղանի վրա», — ասվում է երեք երկրների հայտարարության մեջ: «Մնում է միայն լրացնել դրա իրականացման մանրամասները»։
«Մենք չենք կարող այլևս ժամանակ կորցնել և արդարացնել հետագա ձգձգումները։ Ժամանակն է ազատ արձակել պատանդներին, սկսել զինադադար և իրականացնել այս պայմանավորվածությունը»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ իսրայելական պատվիրակությունը բանակցությունների կմեկնի օգոստոսի 15-ին։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել։
Միջնորդները խոստովանել են, որ Հանիյեի մահից հետո հրադադարի հասնելը հեշտ չի լինի: