Դպրություն

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում․ «Դպրություն»

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում:

Օլիմպիադային մասնակցել է 88 երկրի 327 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:

ՀՀ թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտներ Արման Խառատյանը (11-րդ դասարան) և Արտավազդ Արաբաչյանը (12-րդ դասարան), Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը և Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Բենիամին Հայրապետյանը (Արցախ)։ Թիմը ղեկավարել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը։

«Բնագիտական առարկաները իրենց բնույթով շատ հետաքրքիր են, բայց ոչ բոլոր աշակերտները կարող են դրանք յուրացնել։ Հետաքրքրվել կարող են բոլորը, բայց ոչ բոլորը ունեն անհրաժեշտ մտավոր ունակություններ, մի քիչ ավելի տաղանդավոր աշակերտներ են պետք դրա համար։ Քիմիա սովորելու համար, իմ համոզմամբ շատ կարևոր է լավ ուսուցիչ ունենալը, այստեղ նրա դերը շատ մեծ է։ Սա խնդիր է և ոչ միայն մեզ մոտ։ Սա համաշխարհային խնդիր է։ Բոլոր երկրներն էլ բողոքում են քիմիայի լավ ուսուցչի պակասից։ Բայց կա այստեղ փաստ, որ ով հանդիպում է այդ լավ ուսուցչին, նա չի կարողանում կտրվել քիմիայից։ Քիմիան այդպիսի առարկա է։ 56–րդ օլիմպիադայում մեր հաջողությունը մեր երկրի համար այդքան էլ վատ արդյունք չէ։ Սակայն լավ աշխատանքն ու նվիրումը ցույց է տալիս, որ երկրի մասշտաբները և բնակչության թիվը այդքան էլ կարևոր չեն հաջողության հասնելու համար», – ասում է թիմի ղեկավար, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը։

Back to top button