Դիվանագիտական գործ

Հայ-բրիտանական հարաբերություն. դիվանագիտական ծառայություն մեկնարկած տնից․ «Դիվանագիտական գործ»

Միացյալ Թագավորության հետ Հայաստանի երրորդ հանրապետությունն իր դիվանագիտական հարաբերություններն սկսել է 1992թ․-ից: Գուցե այդքան էլ հայտնի փաստ չէ, բայց այդ ժամանակներում բրիտանացի փորձառու դիվանագետները մեծապես օգնել և ուղղորդել են հայ դեռևս անփորձ գործընկերներին:

Հանրային ռադիոն կրկին իր տաղավարն է տրամադրում դիվանագիտական ծառայություն մատուցած մարդկանց, որոնք չեն վախեցել հարաբերությունների սկզբից և անորոշությունից:

Այսօրվա հաղորդումից կիմանաք, թե ինչպես է Անգլիայում անցել դեսպան Արմեն Սարգսյանի  հավատարմագրերի հանձնման արարողությունը, ո՞ւմ բնակարանում է սկսվել  Մեծ Բրիտանիայում ՀՀ դիվանգիտական աշխատանքը և ովքե՞ր են Լոնդոնում գործող հայկական գրադարանի ընթերցողները

Դիվանգիտական գործ N1

-Դեսպան դառնալու ճանապարհին Արմեն Սարգսյանը պիտի իր հավատարմագրերը հանձներ թագուհուն, պայմանավորվեցինք և մի օր այդ թագավորական կառքը եկավ դեսպանության դռանը: Տեր և տիկին Սարգսյանները նստեցին և նրանց տարան պալատ, դրանով էլ հետ բերեցին: Դա մեզ համար անսովոր էր, առաջին անգամ էինք նման բան տեսնում:

Մեծ Բրիտանիայում ՀՀ առաջին դեսպան  Արմեն Սարգսյանի դիվանագիտական ծառայությունը հենց այսպիսի թագավորական շքեղությամբ է մեկնարկել: Դրան ականատես է եղել Մեծ Բրիտանիայում ՀՀ պատվո հյուպատոս Ռուբեն Գալչյանը:

-Բավականին երկար պատմեց, թե ինչ շքեղություն էր տիրում, ինչքան պատվով էին իրեն ընդունել։ Հետո եղավ դեսպանատան բացումը, Արման Կիրակոսյանը դրոշակը բարձրացրեց երևի մի 200 հոգի ներկա էին, սկսեցինք դիվանագիտական գործը:

Հաջորդ փուլի դիվանագիտական կարևոր առաջադրանքը Հայաստանի անկախության տարելիցը Մեծ Բրիտանիայում նշելն էր՝ պետք էր հասկանալ՝ սուղ ֆինանսական պայմաններում որտեղ նշել և ում հրավիրել.

-Հրավիրել ենք առաջին հերթին այն դեսպաններին, որոնք ընդունել են մեր անկախությունը, հյուրանոցի համար մոտեցանք մեր մեծահարուստներից մեկին և ասացիք, որ մեր միջոցառումը ծախսի հետ կապ ունի, եթե կարող եք բյուջե հատկացրեք:

Արդյունքում միջոցառումը տեղի ունեցավ Ռոյալ Գարդեն հյուրանոցում, որտեղ և ընդունելությունից հետո պաշտոնական հյուրասիրություն եղավ:

-Պարսկաստանի դեսպանը, որն արդեն Իսլամական Հարապետություն էր ներկայացնում, ներս մտավ, պարոն Սարգսյանին բարևեց, մի քանի բառ փոխանակեցին, հետո կողքը Նունե Սարգսյանն էր կանգնած, նա ձեռքը երկարեցրեց, որ բարևի, այս մարդը ձեռքերը հետ տարավ, քանի որ իրենց իսլամական սովորության համաձայն կնոջ ձեռքը չես թոթափում։ Հետո ես կամացուկ Նունեին ասացի՝ մի անհանգստանա, սովորություն է:

Միջոցառման հաջորդ օրը դեսպանատան դուռը զանգեցին ու ասացին, որ իրանական դեսպանատնից կապոց կա:

— Տեսա պարոն դեսպանի անունով, Արմենը եկավ, բացեցինք, տեսնենք մի հատ գորգ՝ բավականին սիրուն գործ, ու երկտող՝ շատ կներեք, որ ես չկարողացա ձեր կնոջ ձեռքը թոթափել:

Դիվանագիտական գործ N2

Մեզ շատ օգնեց Անգլիայի առաջին դեսպանը, որ եկավ Հայաստան՝ Դևվիդ Միլլերը, նա շատ օգտակար մարդ էր և շատ լավ խորհուրդներ էր տալիս տարբեր կապեր հաստատելու համար:

Նոր մեկնարկող հատկապես պետական ծառայությունը բնականորեն փորձի պակաս ունի: Մեծ Բրիտանիայում մեր դեսպանությունն իր անփորձությունը հաղթահարում էր բրիտանացի  փորձառու գործընկերների միջոցով:

-Դևվիդ Միլլերը մի օր ինձ զանգեց, ասաց՝ ես ուզում եմ  ԱԳՆ-ի իմ գործընկերների համար Հայաստանի մասին պատմող նկարների ցուցադրություն անել։ Ես ինչ ունեի տվեցի, այս մարդը մի 7-8 տեղ էդ ցուցահանդեսը կազմակերպել էր:

Իսկ երբ Դևվիդ Միլլերը մահացավ, անձնական հսկայական գրադարանը նվիրեց Մեծ Բրիտանիայում գործող Հայկական ինստիտուտին:

***

-Իր մահից հետո ես, բնականաբար, գնացի հուղարկավորությանը Ռուբեն Գալչայնի հետ միասին: Իր մահից հետո կինը կապվեց մեզ հետ և առաջարկեց՝ այցելենք իրեն և վերցնենք այն գրքերը, որ իրենց տանն էր մնացել։ Մենք ստացանք հայագիտությանն առնչվող Դևվիդ Միլլերի գրքերը, մեծ մասամբ անգլերեն, մի քանիսը ռուսերեն, որովհետև ինքը շատ լավ ռուսերեն գիտեր:

Գագիկ Ստեփան-Սարգսյանը Լոնդոնի Հայ Հիմնարկի (Armenian Institute) հիմնադիր հոգաբարձուներից է, արխիվների պատասխանատուն և գրադարանավարը, հայագիտական հետազոտությունների խորհրդատուն և հայերենի ուսուցման համակարգողը:

Նրանից հետաքրքրվում եմ, թե հայագիտությանն առնչվող ինչպիսի գրքեր կային Դեյվիդ Միլլերի գրադարանում

-Մեկ երկուսը հայերեն ինքնուսուցման գրքեր էին, մյուսները բնականաբար հին, նորագույն, ժամանակակից պատմության, Արցախի խնդրին, ցեղասպանությանը առնչվող, որովհետև ինքը մեծ նյութեր էր հավաքել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի արխիվից ցեղասպանությանը վերաբերող:

Դևվիդ Միլլերը նպատակ է ունեցել անգամ ցեղասպանության մասին աշխատությունն գրել իր թոշակից անցնելուց հետո, բայց չի հասցրել:

Գագիկ Ստեփան-Սարգսյանի համար Մեծ Բրիտանիան վերջին 50 տարիների աշխատանքային միջավայրն է, իսկ հայ ինստիտուտը՝ իր կեցության միջավայրը:

-Հայ հիմնարկի գաղափարն առաջացավ 2001-ին։ Մի խումբ հայ և հայությամբ հետաքրքրվող ոչ հայ մտավորականները Լոնդոնում պակասը զգացին մի կազմակերպության, որը կկարողանար հայկական մշակույթը ներկայացնել անգլախոս հայությանը Բրիտանիայում և նաև ոչ հայերի:

Մինչ այդ, Լոնդոնում շատ միջոցառումներ էին կազմակերպվում, սակայն դրանք անցկացվում էին հայերենով և բրիտանահայության մի ստվար զանգվածի՝ ժառանգները այն հայերի, որոնք 19-րդ դարում էին հաստատվել Մեծ Բրիտանիայում, այդ միջոցառումները հասու չէին:

-Ես ավելի ուշ միացա այդ խմբին, մտավորականների խումբը որոշեց հիմնել այդ հիմնարկը, որպեսզի կարողանան հայկական մշակութային ժառանգությունը դարձնել այժմեական մի բան, և ոչ անցյալի մեջ կորած, ներկայիս գոյություն չունեցող մի երևույթ:

Հայ Հիմնարկը հիմնվեց 2001-ի հունիսին: Այս 23 տարիների ընթացքում այնտեղ կազմակերպվել է գրեթե 700 միջոցառում՝ դասախոսություններ, գրքի շնորհանդեսներ: Հիմնարկում դասավանդում են նաև հայերեն:

-Բրիտանացիների հետաքրքրվածությունը հայկական մշակույթի նկատմամբ ես չէի ասի, որ շատ մեծ էր բայց այն զանգվածը, որը հետաքրքրվում է հայկական մշակույթով, դա անում է շարունակաբար:

Բրիտանացիները հետաքրքվում են մեր մշակույթի ամենատարբեր երեսակներով՝ պատմություն, լեզու, ավանդական հագուստ։

Տարիներ առաջ թագավորական օպերայի զգեստների պատասխանատուն եկավ մեզ մոտ, երկու, երեք շաբաթ աշխատեց, որովհետև ուզում էր ներշնչվել հայկական տարազներով՝ ստեղծելու Տուրանդոտ օպերայի նոր բեմադրություն՝ Լոնդոնի թագավորական օպերայի համար։ Ու այդպես էլ եղավ:

Տարիներ առաջ մի անգլիացի վիպագիր էլ ցանկացել է իր վեպում նկարագրել մի հայ ընտանիքի՝ Իզմիրից:

Հանդիպում է հայ հիմնարկի ներկայացուցիչների հետ, քննարկում 19-րդ դարի հայկական իրականությունը և վերջնական ուղղումների համար վիպագիրը սևագիր տարբերակն ուղարկում է հայ հիմնարկին:  

-Մենք նկատեցինք, որ այն անունները, որ նա տվել էր ընտանիքի անդամներին, ծնողներին, հարազատներին, գուգլից վերցված անուններ էին, որ 19-րդ դարի Զմուռնիայում անհնար էր, որ մեկը իր աղջկան ու տղային օրինակ Նաիրի անվաներ։ Մենք օգնեցինք իրեն, նայեցինք Զմուռնիայի թերթերի, հանդեսների էջերը, հանեցինք անուններ, որոնք առկա էին Զմյուռնիայի հայ համայնքում:

Անձնական գործ

-Հետո մի օր պարոն Սարգսյանը զանգահարեց ու ասաց, որ պետք է Լոնդոնում Հայաստանի դեսպանություն բացվի, ես էլ հավատարմատարն եմ լինելու, մինչև որ դեսպան նշանակվի, և չգիտեմ՝ ինչ անել, որտեղից սկսել:

Մեծ Բրիտանիայում ՀՀ առաջին հյուպատոս Ռուբեն Գալչյանը Արմեն Սարգսյանին հյուրընկալելու առաջին փորձն ուներ դեռևս նախքան այս զանգը: Քեմբրիջում դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակում Լոնդոն ժամանելիս Արմեն Սարգսյանը մնում էր Ռուբեն Գալչյանի տանը, նրա տղայի սենյակում, որն այդ ժամանակ այլ քաղաքում էր սովորում:

-Ասացի՝ այն սենյակը, որտեղ Դուք գալիս և մնում էինք, կարող եք այդ սենյակի անունը դեսպանություն դնել և մեկ հատ ֆաքսի մեքենա գնեցիք։ Բարեբախտաբար երկրորդ հեռախոսի գիծ ունեի, այդ գծի անունը դրեցինք Հայաստանի դեսպանության գիծ և մի երկու ամիս, էդ սենյակը իր ֆաքսով՝ մեր տան ննջարաններից մեկը, դեսպանություն էր:

Բնականաբար,  որպես հյուպատոս Ռուբեն Գալչյանի թեկնածությունն ամենանպատակահարմարն էր:

Բայց ես չգիտեի ինչ պետք է անել, խոսեցի ԱԳՆ-ի հետ այդ ժամանակ, ասացին՝ կուզես պատվո հյուպատոս դարձիր, պատվո անունը դրեցին վրան, քանի որ ես անվճար էի աշխատում:

Շուրջ 8 տարի, երեկոյան ժամերին՝ 4-ից 8-ը Մեծ Բրիտանյում ՀՀ հյուպատոս աշխատած Ռուբեն Գալչյանը թերևս ամենալավն է պատկերացնում, թե ինչպես են մեկնարկում դիվանագիտական հարաբերությունները հենց քո տանից:

-Տարուց ավելի հաճախ զանգ էր գալիս այդ հեռախոսով  թե սա հայկական դեսպանությունն է, ասում էի՝ չէ փոխվել է, արդեն ուրիշ համար կա հայկական դեսպանության:

Back to top button