Պետդեպը պահանջում է արժանապատիվ վերաբերմունք Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ
Վաշինգտոնը խորապես ներգրավված է Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակը։ Մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ նշել է Վեդանտ Պատելը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱՄՆ վարչակազմը կարող է օգնել Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը։ Կարևորելով նման հայտարարությունները՝ հայ իրավապաշտպանները կարծում են, որ գերիների խնդրի լուծման համար միաժամանակ պետք է ինտենսիվացնել բոլոր ուղղություններով ջանքերը՝ օգտագործելով հնարավոր բոլոր գործիքակազմերը։
ԱՄՆ պետքարտուղարը և պետքարտուղարությունը շարունակում են ակտիվորեն զբաղվել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդրով՝ Հարավային Կովկասում ստեղծված ավելի լայն իրավիճակի համատեքստում։ Այս մասին ճեպազրույցում վստահեցրել է ԱՄՆ պետդեպի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Պատասխանելով Բաքվի բանտերում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հարցին՝ պետդեպի փոխխոսնակը միևնույն ժամանակ ընդգծել է, որ գործընթացի հետ կապված նորություն չունի։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը նկատում է.
«Քաղաքական գործընթացներն իրականում կարող են ապահովել գերիների ազատ արձակումը, սակայն, դրանք կարող են նաև չապահովել՝ հաշվի առնելով, որ այս խնդիրը դարձել է սակարկությունների առարկա և Ադրբեջանը գերիներին, ըստ էության, պահում է որպես պատանդներ՝ իշխանությունների, ինչու ոչ՝ նաև հասարակության վրա ճնշում գործադրելու նպատակով»։
Պետդեպում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողը շեշտել է՝ արդեն չորս տարի Ադրբեջանի բանտերում հայ ռազմագերիներ են պահվում և շուրջ մեկ տարի է, ինչ Բաքվի բանտերում են նաև Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական գործիչները։ Նա նաև հղում է արել Freedom House-ի վերջին զեկույցին՝ նշելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Ղարաբաղի տարածքն ամենաանազատն է աշխարհում և այդ առումով գերազանցում է անգամ Հյուսիսային Կորեային, Վենեսուելային, Սիրիային ու Աֆղանստանին, ինչպես նաև հետաքրքրվելով, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և կարող է արդյոք ԱՄՆ վարչակազմն օգնել Բաքվում կալանավորված հայերի ազատ արձակմանը։ Մեջբերում Պատելի պատասխանից.
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը և պետքարտուղարը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները»։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Ազգերն անցումային շրջանում» 2023-ի զեկույցում, անդրադառնալով Արցախում տեղի ունեցած զարգացումներին, Ադրբեջանի սեպտեմբերի հարձակումը որակել է էթնիկ զտում։ Նշվում է, որ Բաքուն հարձակումն իրականացրեց ամիսներ տևած շրջափակումից հետո, որի ընթացքում Արցախի բնակչությունը զրկվել էր կենսաապահովման պայմաններից։ Զեկույցում ընդգծվում է, որ ռուս խաղաղապահները քայլեր չձեռնարկեցին՝ հայերի էթնիկ զտումը կանխելու համար, ինչի հետևանքով 120 հազար հայ բնակիչներ ստիպված էին լքել իրենց բնակավայրերը։ Ֆրիդոմ Հաուսը նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ՝ օկուպացված պահելով նրա մի շարք տարածքներ։
Նշենք, որ պաշտոնապես Ադրբեջանը հաստատում է միայն 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կալանավորումը, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են ևս 80 հայ գերիների մասին: 11 ամիս Բաքվի բանտերում են նաև Արցախի ութ նախկին բաձրաստիճան պաշտոնյաները։ Սիրանույշ Սահակյանը նկատում է, որ Ադրբեջանում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չեն համարվում ոչ գերիներ, ոչ ռազմագերիներ, որովհետեւ նրանց ազատությունից զրկելը որեւէ առնչություն չունի մարտական գործողությունների կամ դրանց արդյունքի հետ:
«Նրանք քաղաքական պատվերի հիման վրա ձեևբակալված, այս պահին էլ ապօրինաբար պահվող անձինք ենք, ովքեր պատժվում են թերևս իրենց արտահայտած կարծիքների, գործունեության եւ ինչու ոչ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի այացման ներդրման համար եւ կարելի է ասել, որ նրանց ապօրինի անազատության մեջ պահելը ունի նաեւ սիմվոլիկ նշանակություն: Հասկանալի է, որ ուժի գործադրմամբ Արցախի ինքնորոշման իրավունքը խեղդված է, խիստ անհայտ է դրա վերակենդանացման հնարավորությունները եւ այս անձանց ազատազրկելով նաեւ այս իրավունքն է ազատազրկվում անորոշ ժամանակահատվածում: Հասկանալի է, որ այն ձեւով, որ նշված անձինք ձերբակալվել են կամ ապագայում կանգնելու են անազատության մեջ, կամ կանգնելու են դատարանի առջեւ, նաեւ ազգային արժանապատվութունը ստորացնող տարրեր են պարունակում իրենց մեջ»։
Հետևաբար, ըստ Սիրանուշ Սահակյանի, ընդհանրապես Բաքվում պահվող գերիների խնդիրների լուծմանը հասնելու նպատակով կարևոր զսպաշապիկ են իրավական գործընթացները։
«Ազդակ են Ադրբեջանին, որ եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի քաղաքական ճանապարհով հօգուտ մարդասիրական հարցերի, ապա դրանք փակուղում չեն և խնդիրն իր հանգուցալուծումը ստանալու է դատական գործընթացներում և, ժամանակային առումով, Ադրրբեջանը հայտնվում է սահմանափակումների մեջ։ Հարցն ունենալու է իր իրավական լուծումը, եթե քաղաքական առումով այն չհանգուցալուծվի»։
Մինչ այդ, քաղաքական ինտենսիվ աշխատանքներ նույնպես անհրաժեշտ է զուգահետ տանել՝ օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները՝ ասում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահը։
«Կարելի է Ադրբեջանի նկատմամբ ճնշում գեներացնել միջազգայնորեն, եթե մենք ունենանք դատապարտող կոչեր, բանաձևեր, զեկույցներ, որոնք ընդունվում են միջազգային կառույցների, առանձին պետությունների կամ միջազգային հասարակական կառույցների կողմից»։
Սահակյանը կարծում է, որ պետք է օգտվել նաև Բաքվում սպասվող կլիմայի փոփոխությանն առնչվող միջոցառումից և դրա շրջանակներում խնդրի վրա ուշադրություն հրավիրել։ Նա կարծում է, որ մինչ այժմ այս գործընթացներում սահմանափակ միջազգային ներկայություն է եղել, մինչդեռ պետք է ապահովել ինտենսիվ միջազգային ներկայություն։ Դա պետք է արվի նաև հանրային դիվանագիտության շրջանակներում՝ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանությունները կոչ-նամակներով ողողելով։