ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Մարգարայի անցակետը պատրաստ սպասում է քաղաքական որոշման

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, բայց կսպասարկի, երբ համապատասխան քաղաքական որոշում կայացվի՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Երևանն ու Անկարան 2022 թվականի հուլիսին էին պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Դրանից հետո հայկական կողմը սկսել էր անցակետի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն ավարտվել են։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ սահմանի բացման հարցում հայկական կողմը սպասում է Անկարայի քայլերին։

Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՊԵԿ նախագահը։

Ռուստամ Բադասյանից լրագրողները հետաքրքրվել են, թե այդ դեպքում ինչու կյանքի չի կոչվում Երևանի և Անկարայի միջև դեռևս 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։

«Կետը, այսպես, թե այնպես, պետք է կառուցվեր՝ կառուցվել է, որովհետև եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել։ Հիմա, երբ քաղաքական որոշումը կլինի, պատրաստ կլինենք սպասարկելու։ Իրենց կողմից աշխատանքներ արվում են, թե ոչ՝ տեղեկություն չունեմ։ Միգուցե, իրենց կետը, օրինակ, կարիք չունի լրացուցիչ աշխատանքների կամ ունի, չեմ կարող ասել»։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Sabah օրաթերթին տված հարցազրույցում, հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացով։

«Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կարող ենք բացել սահմանը։ Պետք է պատրաստենք սցենար գործընթացի դրական ավարտի դեպքում»։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբինյանն ու Քըլըչի հուլիսի 30-ին տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին, որում ընդգծել էին հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու հանձնառությունը։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով՝ այն, ինչ ասում է Անկարան այդ հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց, ոչ թե նախապայման է, այլ պահանջ։

«Նախապայման չկա արդեն, ճիշտ է ասվում։ Նախապայմանն ի՞նչ է՝ ինչ-որ մի բանի համար նախապայման։ 30 տարի շարունակ Թուրքիան նախապայման էր դնում. ասում էր՝ այս-այս բաները կանես, հետո ես քեզ հետ դիվանագիտական հարաբերություն կարող է ստեղծեմ, սահմանները բացեմ և այլն։ Այսօր այդպիսի բան չի ասում Թուրքիան։ Դրա համար՝ այսօրվանները նախապայմաններ չեն, պահանջներ են։ Այսինքն, մենք պիտի կատարենք պահանջները, իրենց կողմից ոչ մի բան չկա։ Չի ասում, որ դրա փոխարեն ես էլ այսինչ բանը կանեմ։ Մեզնից պահանջ ունեն միայն։ Ասում է՝ գնա, Ադրբեջանի հետ հարցերդ լուծիր, հետո կգաս ինձ մոտ»։

Հուլիսի 30-ի հանդիպման ավարտից հետո X-ի իր միկրոբլոգում Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրել էր, որ Սերդար Քըլըչի հետ լավ հանդիպում է ունեցել ունեցել հայ-թուրքական սահմանին։

«Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները և համաձայնեցրել վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման համար»,- գրել էր Ռուբինյանը։

Հայկական փորձագիտական շրջանակներում, սակայն, լավատեսություն չունեն, որ հայ-թուրքական սահմանը կարող է մոտ ապագայում բացվել։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյան. «Ավելի տարածված վարկածն այն է, որ ոչ մի բան էլ չի լինելու, ոչ մի բանի էլ չենք հասնելու և բանակցությունները շարունակվելու են բանակցությունների համար։ Սա, միանշանակ, ընդունելի տեսակետ է։ Բայց, ես կարծում եմ, որ իրականում իրավիճակն այդքան պարզունակ չէ, որովհետև այս բանակցությունների ետևում կանգնած են Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնպես, ինչպես նրանք կանգնած են հայ-ադրբեջանական բանակցությունների ետևում։ Եվ այս կարգավիճակում ԱՄՆ-ն փոխարինել է Ռուսաստանին»։

Ի դեպ, ԱՄՆ պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին բանակցությունները մեկնաբանելուց։ Պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի բանագնացների 5-րդ հանդիպման և, ընդհանրապես, բանակցությունների վերաբերյալ լրագրողների հարցին, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում ասել է.

«Մեկնաբանություններ չունեմ։ Ես երկու շահագրգիռ երկրներին հնարավորություն կտայի՝ խոսել այս հարցի շուրջ»։

Դավիթ Ստեփանյանի համոզմամբ՝ բոլորը սպասում են ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյուքներին։ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում իր խնդիրները դիտարկում է Ռուսաստանի հետ պայքարի համատեքստում՝ ասում է վերլուծաբանը։ Իսկ այստեղ հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը ոչ միայն անհրաժեշտ, այլև հիմնական գործոնն են։

Back to top button