ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

2036 թվականին նոր ատոմակայանը պետք է պատրաստ լինի․ ինչպիսին կլինի այն՝ պարզ չէ

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները համակարգելու, մասնագիտական եզրակացություններ տալու համար փակ բաժնետիրական ընկերություն է ստեղծվել։ Կառավարությունը շատ ժամանակ չունի՝ 2036 թվականին արդեն պետք է նոր ատոմակայանն աշխատի։

Թե ինչ տիպի ատոմակայան ենք ունենալու, փնտրտուքները շարունակվում են։ Այս պահին հայտնի է, որ «Ռոսատոմը» սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունների գնահատումը։

Աշխատանքներն իրականացվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նախապատրաստական ​​աշխատանքների շրջանակներում։ Ատոմային էներգետիկայի մասնագետները միաբերան պնդում են՝ Հայաստանին հզոր ատոմակայան է պետք։ Սա առաջինը ազգային անվտանգության համար է։

ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման համար «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն է ստեղծվել։ Այն կաշխատի Ատոմային միջազգային գործակալության ուղեցույցի համաձայն։  Գործող բլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան․ «Ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի միջոցներով, այս ՓԲԸ-ն կգործի մեր նախարարության համակարգման ներքո։ Նպատակը հետևյալն է՝ կադրերի համալրումից, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումից հետո, այս կառույցի գործընկերները կառավարությանը եզրակացություն կտան, թե ինչպես շարժվել առաջ՝ հզորության, շինարարության սկսման ու մնացած առումներով։ Կառավարության որոշումից հետո այս կազմակերպությունը կդառնա այն կառույցը, որը կիրականացնի ամբողջ շինարարության պրոցեսը՝ որպես իրականացնող պատվիրատու և հսկող մարմին։ Այս կազմակերպությունը կհանդիսանա նոր ատոմակայանի շահագործողը նաև»։

Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե։ Անհրաժեշտ կլինի տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող 50-60 մասնագետներով համալրված անձնակազմ: Ակնկալվում է, որ տվյալ կազմակերպության ստեղծումից և համապատասխան անձնակազմի համալրումից հետո 1,5-2 տարվա ընթացքում այն կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ: Նոր ստեղծվող կազմակերպության բյուջեն, ըստ նախնական գնահատականի, 2024թ. համար կկազմի 200 մլն դրամ։

«Ռոսատոմը» սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունների գնահատումը։ Աշխատանքներն իրականացվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նախապատրաստական ​​աշխատանքների շրջանակներում։

«Ռոսատոմ սերվիսը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորային անոթում վկաների նմուշներ է տեղադրել։ Ստացված տվյալները կօգտագործվեն էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը երկարացնելու վերաբերյալ որոշում կայացնելիս։ Մետաղի փաստացի բնութագրերի փոփոխություններին հետևելը (ուժ, փխրունություն և այլն) իրականացվում է ռեակտորի նավին նույնական մետաղից պատրաստված հատուկ նմուշների տեղադրման միջոցով:

Նմուշները տեղադրվում են ռեակտորի անոթում՝ հատուկ տարաներով։ Քանի որ ատոմակայանը գործում է, այդ նմուշները հանվում են լաբորատոր վերլուծության համար։ Հայկական ԱԷԿ-ում հետազոտական ​​նպատակով տեղադրված նմուշների բեռնաթափումը կսկսվի 2025 թվականին և կիրականացվի ամեն տարի։

Ատոմային էներգետիկայի մասնագետները միաբերան պնդում են՝ Հայաստանին հզոր ատոմակայան է պետք։ Սա առաջինը ազգային անվտանգության համար է։

ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը նկատում է՝ Հայաստանում նոր կառուցվող ատոմակայանի տեխնոլոգիաների ընտրությունը պետք է բավարարի «100 ռեակտոր» սկզբունքին․ «Ինչպիսի տեխնոլոգիա էլ ուզում եք ընտրել, այդ տեխնոլոգիան պետք է բավարարի, եթե խոսքը մեկ ռեակտորի մասին է, 100 տարի անընդհատ, հուսալի, շահավետ ու անվտանգ շահագործմանը։ Եթե տասը ռեակտորի մասին է խոսքը՝ 10 տարի»։

«ՀայԱտոմ» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանի տեղեկացմամբ, ընդունելի առաջարկներ կան, բայց դրանք նախագծեր են, քննարկումների մակարդակում․

«Քաղաքականությունը մեծ դեր է խաղում՝ ինչպես բաշխել 1200 ՄԳՎՏ-ը։ Եթե կարողանան լավ համաձայնագիր կնքել, օրինակ, տարբերակներից մեկով դեպի հարավ իջեցնել 600 ՄԳՎՏ-ը, իսկ մյուս 600 ՄԳՎՏ-ը թողնել Հայաստանին, դա իմ կարծիքով շատ լավ առաջարկ է։ Այդ 600 ՄԳՎՏ-ի չափով էլ մեր հարավային հարևանները մասնակցեն։ Հյուսիսային հատվածում կա էներգետիկայի պակաս։ Իրենք էլ, ոնց որ թե նման ցանկություն ունեն։ Մնում է, որ հայկական, ռուսական ու մեր հարավային հարևանը՝ Իրանը, կարողանան համաձայնության գալ։ Եթե կարողանան ու, եթե ձեռնտու է, մենք ասելիք չունենք»։

Ինչ հզորության ատոմակայան պետք է ունենա Հայաստանը 2036 թվականից հետո։ Ընտրել ռուսակա՞ն առաջարկը, թե՞ գնալ ամերիկյան տարբերակի՝ մոդուլային ատոմակայնների ուղղությամբ։ Այս հարցերի պատասխանները կառավարությունը դեռ չունի։

Կողմնորոշվելու համար, ըստ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, դեռ պետք է աշխատեն․ «Այժմ մենք այդ աշխատանքների ընթացքի մեջ ենք, որպեսզի չսխալվենք ու հասկանանք՝ ինչպիսի բլոկ պետք է կառուցենք»։  

Դեռ պաշտոնական հայտարարություններ չկան, բայց քննարկումների առանցքում նաև փոքր մոդուլային ատոմակայաններն են, դրանց արդյունավետության մասին բազմաթիվ ապացույցների ներկայացումները։ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ էներգետիկ անկախության տեսանկյունից ատոմային էներգաբլոկի առկայությունը Հայաստանի էներգետիկ համակարգում առանցքային նշանակություն ունի։

Այժմ սպասում են, որ կառուցվող էներգաբլոկի հզորությունը, տեսակը որոշի կառավարությունը․

«Միջազգային շուկայում փոքր մոդուլային ռեակտորների հետ կապված այժմ արագ զարգացումներ են ընթանում։ Իմ կարծիքով՝ ավելի նորարարական են։ Կան նաև մեծ հզորությամբ միջուկային բլոկների առաջարկներ։ Երբ որ կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը կկողմնորշվեն՝ ինչպիսի հզորություն է պետք, կընտրեն, այդ ընթացքում կոմիտեն կդիտարկի՝ անվտանգության տեսանկյունից որքանով են դրանք համապատասխանում անվտանգությանը, ՀՀ օրենսդրությանը, հանդես կգա համապատասխան եզրակացությամբ»։

2023 թվականի հունիսին ստեղծվել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Back to top button