ԿարևորՄիջազգային

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Թեհրանում սպանվել է, հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։

«Պաղեստինյան ՀԱՄԱՍ դիմադրության շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,- ասվում է հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանում նրա նստավայրի վրա հարձակում է եղել, որի ժամանակ զոհվել է նաեւ Հանիեի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնական հայտարարությամբ ընդունել է քաղբյուրոյի ղեկավարի մահը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիեն մասնակցել է Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը:

CNN-ը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը՝ ասելով, որ իրենք «չեն արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրություններին»։

«Իսրայելական զինվորականները CNN-ին հայտնել են, որ չեն արձագանքում արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին այն բանից հետո, երբ իրանական պետական ​​լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Իրանում», — ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում:

Back to top button