Հասարակություն

Մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը։ Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

«Համաշխարհայնացման այս դարաշրջանում մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնադրսևորման, բարեկամական կապերի ամրապնդման և ազգը ճանաչելի դարձնելու լավագույն միջոցն է: Ես շնորհակալ եմ ձեզ, որ ապրելով Սփյուռքում դուք մեծ առաքելություն եք իրականացնում՝ արվեստի շնորհիվ ոչ միայն պահպանելով ձեր ազգային նկարագիրը, այլև հարստացնելով ձեր բնակության երկրի մշակութային խճանկարը: Ձեր մասնակցության շնորհիվ այս դահլիճումհամախմբվել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի արվեստասեր հանրությունը: Այս եռամիության մեջ է մեր հաջողության միակ  գրավականը: Միայն  միասնության շնորհիվ մենք ի զորու ենք հաղթահարելու համայն հայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները», դիմելով մասնակիցներին ասել է կառավարության ղեկավարը:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև համագործակցության ընդլայնումը, երիտասարդ հայ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, ժամանակակից հայ արվեստի զարգացումն ու տարածումը: Փառատոնի շրջանակում մայր հայրենիքում ցուցադրական ելույթներով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայկական պարախմբերն ու երգչախմբերը, հայ դուդուկահարներն ու անհատ կատարողները, լրագրողները:

Back to top button