Դիվանագիտական գործ

Հայ-արաբական հարաբերությունների սկիզբը. ինչպե՞ս ԱՄԷ-ի էմիրը վերանորոգեց Հաղարծինի վանական համալիրը․ «Դիվանագիտական գործ»

Արաբական երկրների և Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի միջև հարաբերություններն անցել են առնվազն մի քանի փուլով և միայն վերջերս Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական կապեր հաստատելով  ամբողջական դարձել:

Հանրային ռադիոն շարունակում է ճամփորդել Երրորդ հանրապետության առաջին դիվանագետների ներկայացուցչական երկրներով և ձեզ ներկայացնել ժամանակի փոշուց մաքրված պատմություններ:

Այսօրվա հաղորդումից դուք կիմանաք, թե Աբու Դաբիում ճամփորդելիս որտեղ պիտի գնաք հայկական շունչ զգալու համար և թե ինչպես Հայաստանը ճանաչելի դարձնել, եթե հանգամանքների բերումով տվյալ երկրում հայեր քիչ կան:

Դիվանագիտական գործ N1

Դատարկ սենյակ եմ մտել, որտեղ աշխատակից չկար, մի հոգի կար՝ Սարմեն Բաղդասարյանը, չկային այդ տեխնիկական հնարավորությունները, որոնք հիմա տեսնում և ուրախանում եմ, այդ ժամանակ մենք դա չունեինք: Մի երկու տող գրելու համար մեքենագրուհիներ կային, որոնք որ մեքենագրում էին, այդ գրածը պիտի սրբագրեիր, խմբագրեիր։ Մի խոսքով՝ դժվարություններ:

1993 թվականի հունվարից Արշակ Փոլադյանին ԱԳՆ-ում վստահվեց արաբական երկրների բաժինը:  

Նոր անկախություն ձեռքբերած Հայաստանի համար արաբական երկրները դիտարկվեցին որպես խիստ կարևոր տարածաշրջան՝ անվտանգային, տնտեսական և մշակութային իմաստներով, և մեկնարկեց այդ երկրներից յուրաքանչյուրի հետ կամաց-կամաց կապ հաստատելու գործընթացը:

Մեր ջանքերի շնորհիվ տարբեր երկրների հետ տարբեր թվականներին սկսեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Եմենի հետ՝ 1994-ին, Կատարի հետ՝ 1996-ին,  Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1998-ին: Գրեթե բոլոր երկրների, բացի Սաուդիան Արաբիայից:

2023-ին Սաուդյան Արաբիայի հետ ևս հաջողվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել և դրանով ամբողջացավ արաբական աշխարհի բոլոր 22 երկրների հետ դիվանագիտական կապերի  հաստատումը։

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ արաբական երկրներից առաջինը Սիրիա կատարած պաշտոնական այցելությունը Արշակ Փոլադյանն արդեն 30 տարի է չի մոռանում:

Ուղղակի տեսնել էր պետք, թե Դամասկոսի և Հալեպի փողոցներում անծանոթ արաբների հսկայական բազմությունն ինչպես էր դիմավորում նախագահին և մեծ դեր ուներ մեծ համայնքը, դա անմոռանալի այց էր: Ես հիշում եմ նախագահ Հաֆեզ ալ-Ասադի կողմից տրվող ճաշը, թեպետ սկզբում որոշվեց, որ ճառեր պիտի չլինեն, բայց որոշվեց ելույթներ ունենալ, որը հեռարաձակվեց հեռուստատեսությամբ, մամուլով և այլն, պարզապես ցնցող տպավորություն թողեց:

***

Երբ առաջին անգամ եղել էի Սիրայում, դա 97-98 տարին էր, մի 4-5 տարի անցել է, բայց դեռ դրանից հետո բոլորը հիշում էին, որ Հայաստանի նախագահը արաբերեն է խոսել և բոլորը տպավորված էին:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, Արշակ Փոլադյանի նախկին ուսանող Հայկ Քոչարյանն առաջիններից է եղել, որը, շնորհիվ հայ-սիրիական կրթական համագործակցության, սովորել է Սիրիայում: Սեփական փորձով գիտի հայ-արաբական համագործակցությունների հաջողված օրինակների մասին:

-Որպես ամբիոնի վարիչ, կարող եմ ասել, որ հաջողված օրինակներն են կրթական համագործակցությունները, շնորհիվ մեր դեսպանների, որոնք հետամուտ էին այդ կապերը հաստատելու, որովհետև արաբական երկրներում մասնագետները փորձում են իրար հետ աշխատել: Այդ երկրի սպեցիֆիկան այն է, որ նրանք սիրում են ինստիտուցիոնալ պետության ներկայացուցչի՝ այսիքն դեսպանության հետ աշխատել:

Մեր դիվանագիտական հարաբերությունները արաբական երկրների հետ, Հայկ Քոչարյանի բնորոշմամբ, մի քանի փուլերով են զարգացել և էապես նպաստել, որպեսզի այս կամ այն չափով մեղմվեին այն կոշտ ձևակերպումները, որն առաջ էր բերում Ադրբեջանը Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում:

Սկզբում այն երկրներն էին, որտեղ կային հայ համայնքներ, օրինակ Սիրիա, Եգիպտոս, Լիբանան։ Այստեղ բացառություն է Իրաքը, որովհետև դա արդեն Իրաք- Քուվեյթ պարտերազմ է, միջազգային սանկցիաները հայ-ամերիկյան, հայ-իրաքյան հարաբերությունների կոնտեքստում։ Այդ հարաբերությունները սկզբնավորվում են 2006-ին:

Հաջորդ փուլը 2000-ականներին էին: Այսինքն՝ ում հետ որ չէինք հասցրել 90-ականներին  հարաբերություններ հաստատել, շարունակեցինք արդեն 2000-ականներին:

Էմիրությունները, որ վերցնենք 90-ականներին, ինքն էլ նոր ձևավորված պետությունն էր, 20 տարվա պետություն։ Այսինք էն էմիրությունները չէր, որ տեսնում եք և այն հավակնությունը չուներ, որ ունի այսօր տարածաշրջանում և համաշխարհային հարթակում:

Հայկ Քոչարյանը ենթադրում է, որ գուցե սրանով է պայմանավորված, երբ արդեն ավելի ուշ Էմիրություններն էլ սկսեցին վերադիրքավորել դիվանագիտական քարտեզի վրա և ձևակերպել իրենց շահերն ու հարաբերություններն աշխարհի ու տարածաշրջանի երկրների հետ: Հենց այս փուլում էլ  էմիրությունների իշխանությունները հողատարածք են տալիս Հայաստանի Հանրապետությանը, որտեղ գտնվում է մեր դեսպանությունը:

-Եթե գնաք Աբու Դաբի՝ մեր դեսպանատուն, ինքը բավականին մեծ տարածք է՝ հարևանությամբ Միացյալ Նահանգների։ Այդտեղ դիվնագիտական թաղամաս է, մեր տարածաշրջանի երկրների հարևանությամբ, երբ կողքով անցնում եք, դրոշից ու տուֆից հասկանում եք, որ ինչ որ հարազատ բաներ կան էդ շենքում:

Դիվանագիտական գործ N2

Ես այդ ժամանակ նախագծողներին գործուղեցի Հայաստան, որպեսզի առաջին դեսպանությունը ծոցի տարածաշրջանում իր ճարտարապետական ոճով որոշ առումներով նմանվի հայկական ճարտարապետությանը: Մարդիկ դա կատարեցին անվճար: Եվ եթե դուք առիթ ունենաք գնալու, կտեսնենք Թամանյանի ճարտարապետական ոճը, մեր այսօրվա կառավարության շենքի նմանությունը և տուֆը, որը զարդարում է այդ շենքը:

Արաբական Միացյալ Էմիրությունների փոքրաթիվ հայ համայնքի մեծ կամքով այնտեղ առաջին անգամ դեսպան նշանակված Արշակ Փոլադյանի ցանկությունը ֆինանսավորվեց՝ կառուցվեցին և դեսպանության շենքը և դեսպանի նստավայրը:

Գտնվեցին երկու անհատներ՝ ճարտարապետ-նախագծող Պերճ Աբրահամյանը և լիբանանցի Սալլահ Հարիրը, որոնք շուրջ երկու շաբաթ Հայաստանում շրջագայելուց հետո կարողացան այդ նախագծին հայկական շունչ տալ և դա անել անվճար:

Այդ շենքերը Հայաստանի Հանրապետության  սեփականությունն են։

Մշակութային առումով մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Շարժան, որի էմիրը իմ լավ բարեկամ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասիմն է, որի այցը Հայաստան ես կազմակերպեցի 2005 թվականին։ Այդ մարդը շուրջ 7 միլիոն դոլար նվիրաբերեց Հաղարծինի վանական համալիրը վերանորոգելու համար:

Արշակ Փոլադյանի բնորոշմամբ՝ Շարժան Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային մայրաքաղաքն է, այնտեղի մարդիկ էլ՝ մշակույթի պահպանման առաջմարտիկ:

Դրանում համոզվել ենք նաև մենք՝ հայերս, երբ բարեկարգված ճանապարհով անցել ենք  Հաղարծին վանքի կողքով, կարդացել վանքի վերականգման պատմությունն ու  Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասիմի անունն այդ պատմության ներքո:

Անձնական գործ

-Դիվանագիտության ոլորտում ես հենց այնպես չեմ հայտնվել, ունենալով որոշակի կարողություն, հմտություն, որպես արևելագետ, արաբագետ ինձ առաջարկվեց աշխատել ԱԳՆ-ում:

Այդ ժամանակ գիտական բուռն գործունեւոթյամբ զբաղվող Արշակ Փոլադյանին արտաքին կապերը չէին գրավում, գիտական կապերն էին գրավում:

Ես բավականին դժվարությամբ որոշում կայացրի, այդ առաջարկն ինձն ավելի շատ հետ էր պահում իմ գիտական հետաքրքություններից և որոշեցի համատեղել՝ ինստիտուտում կես հաստիքով մնացի որպես առաջատար գիտաշխատող:

Հետագայում ևս դիվանագետ Արշակ Փոլադյանը չդադարեց գիտական գործունեությամբ զբաղվել և դրանով իսկ դիվանագիտական խնդիրներ լուծել ասենք Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ես որ Էմիրատներ էի գնացել, այնտեղ գաղափար չունեին հայերի մասին, և այնտեղ ինձ օգնեց իմ գիտական պոտենցիալը: Ամբողջ մամուլում այն ժամանակվա, կենտրոնական պաշտոնական թերթերում լայնածվալ հոդվածներ եմ տպագրել հայարաբական հարաբերությունների մասին, գիտական կենտրոնններում դասախոսություններ եմ կարդացել։

Բոլորին էր հետաքրքիր, թե ով է այդ դեսպանը, որն արաբերենով հայ-արաբական հարաբերությունների մասին շուրջ հինգ գիրք է հրատարակել, այդ թվում նաև իսլամի մասին, որն իրենց համար նորություն էր:

Ինչոր դիվանագետ հանկարծ իսլամի մասին գիրք է գրում, մեծ քանակով իմ գրքերը տպագրվեցին հայարաբական հարաբերությունների մասին, իսլամի մասին և դա բացեց դռները դեպի արաբական աշխարհ:

Կարդացեք նաև

Back to top button