«Ռեֆլեքսներ ըստ Երվանդ Քոչարի» արվեստանոց աշխատարանը, բազմակողմանիորեն բացահայտում է Երվանդ Քոչարին ու նրա ստեղծագործությունները։
Ծրագրի նախաձեռնող նկարիչ, քանդակագործ Նարեկ Հայրապետյանը խոսում է արվեստի կրթության իր մեթոդների ու մոտեցումների մասին։ Նարեկ Հայրապետյանն ասում է, որ կերպարվեստն առհասարակ սովորեցնում է ճիշտ սովորել, օգնում է գիտելիքը յուրացնել և փոխանցել։
Կերպարվեստի ուսուցման իր մեթոդները, հնարավորություն են ստեղծում դուրս գալ արվեստանոցի տարածքից, ընդլայնել գիտելիքները օրինակ գրականության, աստղաֆիզիկայի և այլ ոլորտներում, սովորել առհասարակ մտածել, ինքնուրույն բացահայտումներ անել։
Սովորղը ծանոթանում և ուսումնասիրում է Երվանդ Քոչարի ստեղծագործությունները ոչ միայն արվեստանոցի ներսում, այլև քաղաքում և թանգարանում։ Այցելում է Քոչարի քանդակներին, իրականացնում Քոչարյան ընթերցումներ, մասնակցում դասախոսությունների, դիտում Քոչարի մասին նկարահանված վավերագրական ֆիլմեր, ֆիլմի հեղինակների հետ զրուցում Քոչարի արվեստի ու ժամանակի մասին։
Այս ծավալուն և հետաքրքիր էքսկուրսիան ավարտվելու է Քոչարի ստեղծագործության մոտիվներով «ռեֆլեքսիաների» արտահայտմամբ, այսինքն՝ նկարչությամբ, այնուհետև խմբային մեծ ֆլեշ մոբով։




