ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայ գերիներից կորզված ցուցմունքները հերքվելու են միջազգային ատյաններում․ միջազգային իրավունքի մասնագետ

Ադրբեջանում տեղի է ունեցել Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը, նա կեղծ մեղադրանքներով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին անցած տարի օգոստոսի 1-ին, նա ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էր եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։

Միջազգային իրավունքի մասնագետները, խոսելով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին, որոշ հստակեցումներ են անում և վստահեցնում, որ գերության մեջ գտնվողի ցուցմունքները միջազգային հարթակներում սովորաբար արժանահավատ չեն համարվում։

Գերության մեջ գտնվող 61 ամյա Ռաշիդ Բեգլարյանը շինծու մեղադրանքներով Ադրբեջանում դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ 5 տարին Բեգլարյանը կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում։ Բաքուն Ռաշիդ Բեգլարյանին մեղադրում է 90-ականներին գերիների խոշտանգելու, անօրինական զինված խմբավորումների անդամակցելու մեջ։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ նա ցուցմունքներ է տվել իբր «Խոջալուից դուրս եկած և սպանված հարյուրավոր խաղաղ բնակիչների մասին»։

Անցած տարի օգոստոսի 1-ին, Ռաշիդ Բեգլարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էր եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանn ասում է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերը դատավարությունների ժամանակ վկաներ հրավիրելու հնարավորություն չունեն, և ստացվում է, որ նրանց միայն մեղադրանքներ են ներկայացվում։

Ադրբեջանում այս պահին 23 հայ գերի կա` ներառյալ Արցախի քաղաքական ղեկավարությունը։

«Մենք ունենք այդ 23-ի մեջ մի քանի մեծահասակ անձ, որոնց մեղադրում են 90-ական թվականենրին ցեղասպանություն կատարելու կամ դրան աջակցելու մեջ, նաև պատերազմական այլ հանցագործություների մեջ․ դա Վագիֆ Խաչատրյանն է, Ռաշիդ Բեգլարյանը և Մադաթ Բաբայանը, ում գործը կարծես դեռ դատարան չի հասել»։

Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ ուղարկվել է դատարան։ 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ուշադրություն է հավիրում Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությունների ակնհայտ խախտումներին՝ փաստաբանները դատապարտվող անձի կողքը չեն, և ապակու հետևից չեն լսում անգամ նրանց խոսքը, ակնհայտ է նաև, որ դատապարտյալից բավականին հեռու գտնվող թարգմանիչը չի կարող լսել այսպես ասած «մեղադրյալի» խոսքը և թարգմանում է այն, ինչ թելադրված է։ Առջևում մի շարք դատավարություններ են սպասվում և Բաքվին լուրջ քննություն է սպասվում, ասում է Արա Ղազարյանը։

«Հարուցվել են քրեական գործեր, և դրանք դատարան պետք է մտնեն, և դատարանում ադրբեջանցիները լուրջ քննություն պետք է հանձնեն, քանի որ նրանք արդեն մոռացել են, թե ինչ է նշանակում արդար դատավարության էլեմենտներ։ Մենք պետք է տեսնենք, որ փաստաբանները նրանց կողքն են նստած և ոչ թե ապակու հետևում են նստած։ Մենք պետք է տեսնենք, որ նրանք կարողանում են հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Սրանք արդեն նախադեպային դրույթներ են, որոնք Եվրոպական դատարանը սահմանել է, բայց վստահ եմ, որ այդ ամենը չի լինի, որովհետև, եթե այդ ամենը եղավ, դատավարությունը վերահսկողությունից դուրս կգա, ուստի Ադրբեջանը ինչ-որ տեղ ռիսկի է դիմում, երբ նման քայլի է դիմում, բայց ուզի, թե չուզի պետք է այդ դատավարություններն իրականացնի։ Հերթական ձախողումն է լինելու՝ ապահովելու այդ մարդկանց արդար դատավարությունը»։

Ադրբեջանը, ըստ Արա Ղազարյանի, խուսափում է իրավական գործընթացներից ու պահանջում է Հայաստանից դիմումները հետ վերցնել, քանի որ իրավական դաշտում ավելի շատ է պարտվել, քան Հայաստանը: Դրա համար ուզում է հարցը ռազմաքաղաքական դաշտում լուծել.

«Ադրբեջանի սուվերեն տարածքն է և սուվերեն իրավունքն է մարդկանց դատել։ Միջամտությունը քաղաքական միջամտություն է։ Որքան գիտեմ՝ նրանց հարազատները չեն դիմել միջազգային ատյաններ, որովհետև, եթե դիմած լինեին, առնվազն կալանքով, վաղուց արդեն արագացված ընթացակարգով այդ գործերը կամունիկացված կլինեին, քանի որ Ադրբեջանի քրեական դատարանն ինքնին չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, երբ կալանքը 4 ամսով է տրվում։ Կա հանձնարարական, որ կալանքի ժամկետը պետք է երկու ամիս լինի։ Զարմանալի է, բայց կարելի է նաև հասկանալ, թե ինչու հարազատները չեն դիմել, և միայն Ռուբեն Վարդանյանի հարազատներն են դիմել, այն էլ միայն խոշտնգման դեպքերից հետո։ Կարծում եմ՝ ինչ որ պայմանավորվածություններ եղել են, որ միջազգային գործընթացներ չսկսեն, բայց դատավարություններից հետո կարելի է սկսել, երբ հասկանան, որ էլ կորցնելու բան չունեն»։

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ ակտիվություն պետք է դրսևորեն մասնավոր խմբերը և պետք է շատ գանգատներ ներկայացնեն միջազգային ատյաններ, մոնիտորինգային զեկույցներ ներկայացնեն, և դա պետք է լինի անկախ կառավարությունից:

Արա Ղազարյանը նաև պարզաբանում է, որ սխալ է Ադրբեջանում գտնվող Արցախի ղեկավարությանը կոչել ռազմաքաղաքական ղեկավարություն, քանի որ այդպիսով հիմք է ստեղծվում ռազմական գործողությունները քաղաքականի հետ կապելու և մեղադրանքներն ըստ այդմ սահմանելու, ինչը ադրբեջանական շահերից է բխում, և այդ ձևակերպումը հենց Ադրբեջանն էլ տարածում է հեռահար նպատակներով։

Կարդացեք նաև

Back to top button