
Հակառակ նախկինում հնչող կասկածների՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հաջողվեց Վաշինգտոնում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Վերջին շրջանում Ադրբեջանն ակնհայտ փորձում էր խուսափել արևմտյան հարթակներում նման հանդիպումներից։ Այս անգամ էլ մինչև վերջին պահը հայտնի չէր, թե արդյո՞ք Ադրբեջանը կընդունի հրավերը և կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Հայաստանը միանգամից արձագանքել էր հրավերին և տվել իր համաձայնությունը։ Թեև նաև Հայաստանի ԱԳՆ-ից էին նշում, որ Միրզոյան-Բայրամով հանդիպում Վաշինգտոնում ծրագրված չէ։ Փաստորեն, կարելի է ենթադրել, որ արտգործնախարարների Վաշինգտոնում գտնվելու մեկ օրվա ընթացքում հաջողվել է հասնել նման համաձայնության և հաջորդ օրը կազմակերպել եռակողմ հանդիպում։
Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս մեկը ավելի փակ է եղել, շատ քիչ ինֆորմացիա է հասանելի հանդիպման արդյունքների մասին։
Վաշինգտոնյան բանակցությունների ընդամենը վեց մասնակից գիտի հանդիպման մանրամասները, մնացածը պետք է բավարարվեն պաշտոնական սուղ հաղորդագրութուններից ենթադրություններ անելով։ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ՝ այդքան է հանդիպման մեկնարկի ու ավարտի մասին Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունների «ժամանակային հեռավորությունը»։
Բանակցություններին երեքական մասնակից է եղել բոլոր կողմերից։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղեկցել են փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ Բլիքենի կողքին նստած էր վերջին օրերին տարածաշրջանային ակտիվ այցեր կատարող և ուղերձներ փոխանցող պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։
Հանդիպման սենյակ վերջինը մտել է Հայաստանի պատվիրակությունը։
Սրանք մանրուքներն են, որոնք պետական արարողակարգը թույլ տվեց նկատել։ Հանդիպումից հետո պետքարտուղարությունը տարածեց երեք նախադասություն, որոնց ընդհանուր բովանդակությունը հետևյալն է․ «Պետքարտուղար Բլինքենը քննարկել է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել՝ գործարքը որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնելու համար»։ Ըստ հաղորդագրության՝ Բլինքենը նաև ընդգծել է խաղաղության կարևորությունը «տարածաշրջանային կապի խթանման գործում, որն օգուտ կբերի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին»: Հանդիպման նախաբանում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել էր․
«Շուրջ մեկուկես տարի Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու շուրջ բանակցությունների ուղղությամբ։ Սա երկարատև և արժանապատիվ գործընթաց է և բացառիկ հնարավորություն է երկու երկրների և տարածաշրջանի համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար: Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգներն աջակցել է իր օգնությամբ, աջակցել է Եվրամիության և եվրոպական բազմաթիվ այլ գործընկերների հետ միասին։ Այսօր հնարավորություն է ստեղծվել, ամբողջացնելու առաջընթացը, որ ձեռք է բերվել, ավարտին հասցնել, այն, ինչ մնացել է։ Ես հավատում եմ, որ երկու երկրներն էլ շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության, դրան ԱՄՆ-ը շատ-շատ է աջակցում։ Այսօր կտեսնենք, թե էլ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները` օգնելու հասնելու համաձայնության»։
Հանդիպումից հետո արդեն Բլինքենը X-ի միկրոբլոգում արդյունավետ է գնահատել այն։ Հայկական կողմի արձագանքը նույնպես կարելի է գտնել նույն սոցցանցի՝ Արարատ Միրզոյանի միկրոբլոգում։ Նրա գրառման մեջ ասված է՝ «Հայաստանն ունի քաղաքական կամք` հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր»։ Ավելի վաղ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը երևանյան այցից հետո հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է «խիզախ քայլերի»։

Խաղաղության օրակարգը Վաշինգտոնում քննարկվել է նաև առանց կողմերի մասնակցության։ Մասնավորապես այն օրակարգային թեմա է դարձել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հանդիպման համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած հանդիպումը, հույս է հայտնել, որ նորմալացման գործընթացը կտա իր պտուղները և վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը և երկկողմ հարցերի կարգավորումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա։
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և հարատև խաղաղության պայմանագրի կնքմանը. Իր հերթին X-ի միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Վաշինգտոնյան հանդիպումներին զուգահեռ զարգացումներ են տեղի ունենում նաև տեղում՝ Հայաստանում։ Մասնավորապես, եռակողմ հանդիպումից և Բլինքենի՝ «էլ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները օգնելու հասնել համաձայնության» ձևակերպումից ժամեր անց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակը։ Բացի այդ, վերջին շրջանում հաճախակիացել են Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Հայաստան։ Հունիս-հուլիս ժամանակահատվածում Հայաստանում են եղել պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը, կոնգրեսականներից և սենատորներից բաղկացած պատվիրակությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։ ԱՄՆ պետքարտուղարի ևս մեկ տեղակալ ժամանելու է օրեր անց։
ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյան Հայաստանում է լինելու հուլիսի 13-ից 16-ը։ Հայաստանում նա կքննարկի հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման և իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ասպարեզում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների առաջ մղման հարցերը։ Երևան նա կժամանի Թբիլիսիից։
Արևմուտքի հետ սրընթաց զարգացող հարաբերություններն ու շփումներն անհանգստացնում են հայաստանյան ընդդիմությանը։ Տարբեր երկրներում նախկին դեսպան Վահագն Մելիքյանը համոզված է, որ տեղի է ունենում վեկտորի փոփոխություն։
«Այս ամեն ինչը, բնականաբար, ուղղակիորեն սպառնում է Հայաստանի՝ չեմ ասում անվտանգությանը, այլ Հայաստան պետության գոյությանը, առանց չափազացնելու։ Տարածաշրջանում, իսկապես, ինտենսիվ են պրոցեսները, շատ ավելի բարդանում է միջազգային իրավիճակը, տարբեր ճամբարներում տեղի են ունենում լուրջ վերադասավորումներ։ Հայաստանի կողմից շարունակվում է շեշտադրված ձևով և արագ քայլերով այսպես կոչված վեկտորի փոփոխության քաղաքականությունը, որքան էլ մերժել, հրաժարվել են դրանից։
Այնուամենայնիվ, վեկտորի փոփոխության շատ վտանգավոր քաղաքականություն է վարվում դեպի Արևմուտք»։
Վտանգն իրականում գալիս է Ռուսաստանից, կարծում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Նա պնդում է, որ Հայաստանի դե յուրե դաշնակիցը ամեն ինչ անելու է գործընթացը խոչընդոտելու համար։ Սարգսյանը պնդում է, որ այս ուղու կողմնակիցները պետք է ազնիվ լինեն և խոստովանեն, որ Ռուսաստանի նպատակն է Հայաստանի պայմանական «բելառուսացումը»։ Նախկին վարչապետը «Factor»-ի հետ զրույցում խոսել է նաև արևմուտքի իրական նպատակների մասին, որոնք բացահայտել է վերջին մի քանի օրվա ընթացքում բրիտանացի տնտեսագետների հետ շփումների ժամանակ։ Երբ արևմտյան գործիչները, մասնավորապես, Բլինքենը խոսում է տարածաշրջանային կապի խթանման մասին, որն օգուտ կբերի ողջ Հարավային Կովկասին, խոսքը գազատարի մասին է, կարծում է Արամ Սարգսյանը։ Արևմուտքը փորձում է հրաժարվել ռուսական գազից։
Թուրք-ռուսական գազային հաբի գաղափարից արդեն հրաժարվել է, քանի որ կա նոր հեռանկար․
«Երեք տարի առաջ Թուրքմենիայում հայտնաբերվեց մի հանքավայր, որի անունը «Գալկանիշ» է, որը 5 տրիլիոն խորանարդ մետր գազ ունի։ «Գժական» պաշարների մասին է խոսքը։ Խնդիր կա այդ գազամուղը տեղափոխել դեպի Եվրոպա։ Ուկրաինա-ռուսական պատերազմը Սև ծովը դարձրել է բավականին ռիսկային։ Այս ճանապարհի դեպքում գազամուղը նստում է 15-16 միլիարդ։ Անգլիացիները, քանի որ իրենք էլ են ուզում այդ նախագծին մասնակցեն, հաշվարկել են, որ մյուս ճանապարհը, որը գազամուղը Կասպից ծովից մտնում է Ադրբեջան Լենքորանի հարթավայր ու միանգամից իջնում է Արաքս գետի վրա։ Դաշտավայրային գետ է, մեծ արագություններ չունի, բարձունքներ չունի, չի բարձրանում, չի իջնում, այսինքն՝ ուղիղ գծով, առանց բարդության գազի խողովակաշարը գալիս է Հայաստան, Մեղրիով՝ էլի Արաքսի ափով մտնում է Նախիջևան, մտնում է Թուրքիա, գնում, միանում է Բուլղարիա՝ Բուրգաս։ Գինը գիտե՞ք ինչքան է, 5-6 միլիարդ։ Պրոյեկտի գինը 10 միլիարդ էժանանում է»։
Ըստ Արամ Սարգսյանի՝ սա է իրական պատճառը, թե ինչու է Արևմուտքը հետաքրքրված տարածաշրջանում տևական խաղաղությամբ։ Քաղաքական գործիչը համոզված է, որ այս դեպքում Հայաստանի իշխանությունները մեկ գիշերում կարծիք չեն փոխի, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններում բազմաթիվ կամուրջներ արդեն այրվել են և Հայաստանի քաղաքական վերնախավը գիտակցում է, որ ՌԴ-ն դա այլևս չի ների։




