ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախում մարդիկ ավելի բարձր պաշտոններ են զբաղեցրել, ավելի բարձր վարձատրվել․ հետազոտություն

2024-ի փետրվար-մայիս ամիսների ընթացքում «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն՝ Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության և աշխատանքային իրավունքների թեմայով։

Հետազոտության տվյալները փաստում են, որ մասնավոր բիզնեսի աջակցությունը բավական փոքր է եղել։ Արցախցիներն ավելի շատ աջակցություն ստացել են պետական մարմիններից, հետո միջազգային կազմակերպություններից, ապա՝ ՀԿ-ներ ից։  Բիզնեսը չորրորդ տեղում է, ինչը հետազոտության հեղինակները մտահոգիչ են համարում։

Բռնի տեղահանված արցախցիների շրջանում փետրվար և մայիս ամիսներին իրականացված հարցումները ցույց են տալիս, որ ընդամենը մի քանի ամսում իրավիճակ է փոխվել. աշխատանք գտնելու դժվարությունները նվազել են, հնարավորությունները աճել։ 

Հետազոտությունը փորձել է պարզել, թե որոնք են  արցախցիների զբաղվածությանն ու աշխատանքային իրավունքներին առնչվող հիմնական խնդիրները։ Ըստ արդյունքների՝ գյուղական բնակավայրերում չգտնելով աշխատանք՝ մարդիկ  որոշել են տեղափոխվել քաղաքային բնակավայրեր։ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» /APR Group ՀԿ-ի ղեկավար Լիանա Բալյանի խոսքով՝ հարցվածների 85 տոկոսն աշխատանք է ունեցել Արցախում և հիմնականում պետական մարմիններում, մինչդեռ ՀՀ-ում աշխատանք է գտել հարցվածների 22,9 տոկոսը։ Նրանցից միայն 20,6 տոկոսն է աշխատանք գտել պետական մարմիններում։  

«36,5 տոկոսը միջին կամ մեծ մասնավոր ընկերություններում է աշխատում, 20,6 տոկոսը՝ պետական մարմիններում։ 19,5 տոկոսն Արցախում աշխատել է կրթության ոլորտում, ՀՀ-ում՝ այս ոլորտում աշխատում է հարցման մասնակից արցախցիների 13 տոկոսը։ Պատճառն այն է, որ նույն ոլորտում աշխատելու համար ավելի բարձր են վարձատրվել Արցախում, քան ՀՀ-ում»։

Հետազոտության հեղինակներն ասում են՝ տարբերությունը մեծ է Զինված ուժերում և բանակում աշխատողների առումով․ Արցախում 18․9 տոկոսն է զբաղված եղել այս ոլորտում, ՀՀ-ում՝ միայն 2,9-ը։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Արցախում մարդիկ ավելի բարձր պաշտոններ են զբաղեցրել, գալով Հայաստան՝ ոչ բոլորն են կարողացել աշխատանք գտնել իրենց ոլորտում։ Պատասխանելով հարցին, թե ինչու Արցախից տեղահանված անձինք աշխատանք չեն գտնում,  հարցվածների 32․3 տոկոսը նշել է ցածր վարձատրությունը, 20,5 տոկոսը՝ բնակավայրին մոտ աշխատատեղ չգետնելը, 8,8 տոկոսը նշել է, որ գործատուները չեն ցանկանում արցախցի աշխատողներ ունենալ։

Շատ են նաև ինքնազբաղվածները, քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ խուսափում են գրանցված աշխատող լինելուց։  

«Հարց ենք քննարկել, թե արդյոք ունեցել եք դժգոհություն, արդյոք հայտնել եք ձեր դժգոհությունը, ինչ ընթացք է ստացել։ Ինչպես տեսնում ենք ուսումնասիրության արդյունքում, երկու դեպքում էլ դժգոհողների և չդժգոհողների համամասնությունը նույնն է։ Սակայն իրենց դժգոհությունների մասին ավելի քիչ են հակված բարձրաձայնել, քանի որ վստահ են, որո չինչ չի փոխվելու, կամ վախենում են աշխատանքը կորցնելուց»։ 

Ըստ հետազոտության արդյունքների՝ Հայաստան տեղափոխվելուց հետո արցախցիների 73 տոկոսն է աշխատանք փնտրել։ 27 տոկոսը չի էլ փնտրել։ Պատճառները դարձյալ ցածր աշխատավարձն  ու բնակավայրից հեռու գտնվելն են։ Ի դեպ՝ առաջին հարցման ժամանակ արցախցիների շուրջ 31 տոկոսը նշել է, որ եթե ՀՀ-ում աշխատանք չգտնի, տեղափոխվելու է այլ երկիր, երկրորդ փուլում 19 տոկոսն է այդ պատասխանը տվել։

Այսինքն՝ երկու անգամ նվազել է Հայաստանից մեկնել ցանկացող արցախցիների թիվը։ Կարևորելով զբաղվածության ոլորտում նման ծավալուն հետազոտության անցկացումը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատում է՝ մասնավոր բիզնեսի կողմից աջակցությունը բավական փոքր է եղել։ Արցախցիներն ավելի շատ աջակցություն են ստացել պետական մարմիններից, հետո միջազգային կազմակերպություններից, ապա՝ ՀԿ-ներից։ Բիզնեսը չորրորդ տեղում է։

«Բռնի տեղահանվածների մեծ մասը Հայաստանում բնակվելու տեսլական և հնարավորություն տեսնում է։ Այս հետազոտությունն իրավիճակի գլոբալ պատկերի վերարտադրումն է։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ զբաղվածության քաղաքականության բացակայության պարագայում նոր մարտահրավեր կա՝ հանձինս բռնի տեղահանվածների զբաղվածության խնդրի լուծման։ Փոքր և միջին բիզնեսը ևս մտնում են զբաղվածության քաղաքականության մեջ։ Արցախցիների որոշ հատված բիզնես անելու կարողություն ունի, բայց դրա համար ևս պետությունը պետք է քաղաքականություն մշակի, որպեսզի մարդիկ կարողանան ոչ թե սոցիալական աջակցության ծրագրերի վրա հույսը դնել, այլև աշխատանքային և բիզնես կարողությունները զարգացնեն»։ 

Հետազոտությունները վկայում են, որ սթրեսային իրավիճակի որոշակի նվազում կա և ինտեգրման տենդենց, բայց զբաղվածության ապահովման տեսանկյունից պետությունը դեռ անելիք ունի՝ կարծում է Արթուր Սաքունցը՝ ընդգծելով, որ զբաղվածության քաղաքականություն է պետք մշակել, որտեղ հստակ ամրագրված կլինեն նաև աշխատանքային իրավունքները։

Կարդացեք նաև

Back to top button