ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանի կոյուղացանցը վթարավտանգ է․ քաղաքային իշխանությունը կառավարության օգնությունն է խնդրում

Մայրաքաղաքի կոյուղացանցը վթարավտանգ իրավիճակում է ու հրատապ արդիականացման ու փոփոխման կարիք ունի։ Քաղաքապետարանը նախորդ ամիսներին ուսումնասիրել ու գույքագրել է Երևանի ջրահեռացման համակարգի խնդիրներն ու պարզել՝ մայրաքաղաքի 340 հասցեում շուրջ 70 կմ կոյուղագիծ անհետաձգելի փոխարինման կարիք ունի։ Բացի դրանից՝  Երևանում դեռ կան հասցեներ, որոնք առհասարակ կոյուղի չունեն։ Քաղաքային իշխանությունը, սակայն, ահազանգում է՝ սեփական միջոցներով խնդիրը լուծել չեն կարող՝ Կառավարության, պետական բյուջեի ու «Վեոլիա ջրի» օգնության կարիքն ունեն։

«Քայքայվածությունը, վթարները շատ են, մաշվածության աստիճանը՝ բարձր, բացասական ազդեցությունը շենքերի ու շինությունների ու ենթակառուցվածքների վրա՝ մեծ»։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մայրաքաղաքի կոյուղացանցի մասին է խոսում, ընդգծում՝ ջրահեռացման համակարգի արդիականացումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է, բայց առկա խնդիրներն ու հնարավորությունները միշտ չէ, որ համընկնում են։ Համայնքային բյուջեով այս տարի 1 միլիարդ 730 միլիոն դրամ է հատկացվել առաջնահերթ փոխարինման ենթակա կոյուղագծերի հարցը լուծելու համար։

«Ծրագիրն այսքանով երբեք լուծում չի ստանա, մայրաքաղաքի խնդիրները շատ մեծ են։ Չեմ ուզում տագնապահարույց հայտարարություն անել, բայց ժամ առաջ պետությունը նաև այլ աղբյուրներով պետք է միջամտի այս աշխատանքներին, որովհետև մաշվածության ու քայքայվածության աստիճանը շատ մեծ է, հետագա շահագործումը շատ ավելի մեծ ծախսեր կպահանջի, քան նորի կառուցումը»,-ասում է Արեյանը։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյան

Ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի կոյուղացանցն ամբողջությամբ ուսումնասիրվել ու գույքագրվել է․ մայրաքաղաքի 340 հասցեներում շուրջ 70 կմ կոյուղագիծ անհետաձգելիորեն պետք է փոխարինվի։

«Քաղաքապետի հանձնարարությամբ բյուջետային հայտ ենք ներկայացրել կառավարություն, որովհետև համայնքի բյուջեն երբեք չի կարող այդ բեռն իր ուսերի վրա վերցնել․ ծավալները շատ մեծ են՝ մոտ 10 միլիարդ պետք է այդ 70կմ–ի խնդիրը լուծելու համար»։

Այս տարի քաղաքապետարանը նախատեսում է փոխել 29 հասցեների, իսկ սպասարկող «Վեոլիա ջուրը» շուրջ 22 հասցեների կոյուղագիծ։ Ծրագիրը բոլոր վարչական շրջաններն է ընդգրկում․ Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Ռոման Ալոյանն ասում է՝ բազմաբնակարանները սպասարկող ու հիմա փոխվող կոյուղին, որպես կանոն, հենց շենքերի հետ խորհրդային տարիներին է կառուցվել, այս ընթացքում էլ մաշվել, ավազով ու աղբով լցվել։

«Բացի քաղաքապետարանի ծրագրից, մեր վարչական շրջանի ծրագրով փոփոխելու ենք Անաստասավան թաղամասի Պարսեղովի փողոցի կոյուղին։ Կոյուղագիծն այստեղ ամբողջովին շարքից դուրս է եկել, արդեն մասնավոր տների հիմնատակեր է լցվում, ուստի պահանջը կար, ու մենք մոտ 10 օրից մեկնարկը կտանք ու կփոխենք 250 գծամետր խողովակաշար»,– ասում է Ռոման Ալոյանը։

Փոխվող կույուղագծերը ֆիզիկապես մաշված են, այլևս անօգտագործելի, վթարների ու շենքերի նկուղային հարկերում ու միջբակային տարածքներում կոյուղաջրերի կուտակումներ պատճառ են դառնում։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասում է՝ այս տարվա ծրագրերի ծավալն աննախադեպ է։

«Եթե 2019-2022թթ մայրաքաղաքում կառուցվել ու վերակառուցվել է ընդամենը 11 կմ կոյուղագիծ, ապա 2023թ «Վեոլիա ջրի» հետ միասին վերանորոգել ենք 13 կմ, իսկ այս տարի արդեն՝ 16 կմ․ կարող եք համեմատել մեկ տարվա ծավալը նախորդ 4 տարիների հետ»։

Մայրաքաղաքի խնդիրները, սակայն, սրանով չեն ավարտվում․ Երևանում կան առհասարակ կոյուղի ու ջրահեռացման համակարգ չունեցող հատվածներ, Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում ավելի քան12 հազար շահառու կոյուղի չունի․ այս հարցը լուծելու համար հավելյալ 100 կմ կոյուղի պետք է կառուցվի։

«Խնդիրը հիմնականում սեփական սեկտորին է վերաբերում, օրինակ՝ Ներքին Շենգավիթի 12-րդ, 13-րդ փողոցները, Հաղթանակ թաղամասը, Ներքին Չարբախը։ Մասնավոր տնատիրություններ ունեցող գրեթե բոլոր վարչական շրջաններում կան չկոյուղացված թաղամասներ ու փողոցներ։ Սա արդեն գերակա խնդիր է, և այստեղ, իհարկե, համայնքային բյուջեն երբեք չի բավարարելու»,– ասում է քաղաքապետի խորհրդականը։

Մայրաքաղաքում օր օրի ավելացող շինարարությունը, նոր բազմաբնակարանների կառուցումը ևս լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Կառուցապատողներն, իհարկե, լրացուցիչ կոյուղիներ են կառուցում, բայց դրանք միանում են մայրաքաղաքի՝ տասնամյակներ առաջ կառուցված ցանցին։

«Այն համակարգը, որին պետք է միանան նորակառույց շենքերը, իր թողունակությամբ այլևս չի բավարարում։ Որոշ հատվածներում «Վեոլիա ջուրը», դա հաշվի առնելով, վերատեղադրում, շրջանցում և թողունակության վերանայում է իրականացում»։

Սպասարկող «Վեոլիա ջուր» ընկերությունը գործող պայմանագրով քաղաքի կոյուղացանցն ընդլայնելու պարտավորություն չունի։ Սա ևս բարդացնում է գործընթացը։ Քաղաքապետարանը ծրագրում է վերանայել պայմանագիրը ու «Վեոլիա ջրի» համար պարտավորություններ նախատեսել կոյուղացանցի սպասարկումից բացի նաև ներդրումներ անելու ու նոր կոյուղագծեր կառուցելու համար։

Կարդացեք նաև

Back to top button