ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ռուսաստանում դեսպան է փոխվում. ի՞նչ կանի նախկին գործարարը, որ չի արել նախկին զինվորականը

Հայաստանը փոխում է Ռուսաստանում իր դեսպանին: Սա արդեն փաստ է, որը հաստատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սակայն, ի՞նչն է դարձել Վաղարշակ Հարությունյանին հետ կանչելու պատճառը՝ հայտնի չէ և չի ներկայացվում հանրությանը: Հայաստանի նախկին պաշտպանության նախարարը Ռուսաստանում դեսպան նշանակվեց 2022-ի հունվարից:

Այն ժամանակ տեսակետ կար, որ դեսպանը իր կապերով և կեցվածքով կնպաստի հարաբերությունների լավացմանը: Մինչդեռ դեպքերի զարգացումը բերեց նրան, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները է՛լ ավելի լարվեցին, և ինչպես պաշտոնյաներն են այժմ խոստովանում՝ «ամենալավ ժամանակները չեն ապրում»:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը սպասվող փոփոխությունները գրեթե պաշտոնապես հաստատված են: Արտգործնախարարությունից առաջ ընկնելով այդ մասին հայտարարել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ասել է, որ տեղյակ է այդ մասին այնքանով, որ Մոսկվա գործուղվող պաշտոնյան այս պահին պատգամավոր է, «ՔՊ» խմբակցության անդամ:

«Հուսոմ, որ ՌԴ-ում մենք շուտով կունենանք նոր դեսպան, թեկնածությունը ներկայացված է արդեն, և մենք սպասում ենք նշանակմանը: Մնացած մեկնաբանությունների համար, կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատ ավելի տեղին կլինի»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում նախկին զինվորական Վաղարշակ Հարությունյանին կփոխարինի նախկին գործարար Գուրգեն Արսենյանը: Հայ-ռուսական լարված հարաբերություններին ի՞նչ կտա այս փոփոխությունը՝ դեռ հայտնի չէ: Կարելի է փաստել միայն, որ փոփոխության որոշումը հեշտ ընթացք չի ունեցել, տևել է մոտ մեկ տարի: Դեռ անցած տարվա ամռանից էին սկսել շրջանառվել դեսպանին փոխելու մասին խոսակցությունները, 2023-ի հոկտեմբերին արդեն պատգամավոր Գուրգեն Արսենյանն անձամբ հաստատեց՝ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու համար: Սակայն, նույն ժամանակաշրջանում նաև լուրեր էին շրջանառվում, որ Մոսկվան տևական ժամանակ համաձայնություն չի տալիս, ինչպես պահանջում է ընթացակարգը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը արդեն արձագանքել է այս հարցին՝ Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունը համարելով:

Ամեն դեպքում հավելել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից: «Նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում»,- ասել է Գալուզինը:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը այս պահի իրավիճակը հստակեցնում է. «Դեսպանների հետ կանչը կամ նշանակումը գործընթաց է, որի վերջնարդյունքի մասին պաշտոնապես հանրային իրազեկումն ապահովում են ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակման ժամանակ»:

Թեև որևէ հրապարակում դեռ չի եղել, թերևս ժամանակն է հասկանալու Գուրգեն Արսենյանի դիրքորոշումը ամենակարևոր հարցի՝ ՀԱՊԿ անգործության պատճառով հայ-ռուսական լարված հարաբերությունների առնչությամբ: Պատգամավորը մշտապես կարծիք է հայտնել, որ Հայաստանի դիվանագիտությունը չպետք է իր համար «հրաբուխներ» ստեղծի, որոնք անվտանգային և տնտեսական հետևանքներ կարող են ունենալ:

Կոնկրետ ՀԱՊԿ-ին առնչվող տարաձայնությունը և հայկական ակնկալիքները չբարարարելու փաստը, կարծում է, դեռ կառույցից դուրս գալու պատճառ չեն.

«Որովհետև ՀԱՊԿ-ից դուրս գալու համար բավարար չէ այն, ինչ հիմա դուք ասում եք: ՀԱՊԿ-ից դուրս գալը դա նշանակում է հռչակել, որ մենք փոխում ենք մեր անվտանգության ողջ կոնցեպտը: Անվտանգության կոնցեպտը փոխելուց առաջ դու պետք է ունենաս անվտանգության այլ ճարտարապետություն: Այս պահին ՀՀ-ն այլ անվտանգային ճարտարապետություն չունի: Որովհետև մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը որպես անվտանգության ճարտարապետության երաշխավոր, եթե ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, պետք է լինի ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ի հետ այդ ուղղությամբ չկա և չի եղել, և մյուս տարածաշրջանային մասնակիցը դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որը այդ դեպքում պետք է դառնա այդ անվտանգության ճարտարապետության մասնակից, մենք այդ ուղղությամբ էլ որևէ քննարկում չունենք: Հիմա դուրս գալ ՀԱՊԿ-ից, որովհետև իրենք չարդարացրեցին մի իրավիճակում մեր հույսերը և սրընթաց նետվել մի տեղ, որտեղ մենք որևէ նախապատրաստական բան չենք արել, առնվազն խելագարությանը հավասար գործընթաց կլինի»:

Դեռ մեկ տարի առաջ, արդեն երբ իշխանություններից ստացել էր ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու առաջարկը, Արսենյանն ասում էր, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի գործողություններից հետևություններ անում են, այդ հետևությունները դառնում են բանաձևեր, և այդ բանաձևերը օգտագործվում են պետական կյանքի իրականացման ընթացքում:

«Մենք քաղաքական իշխանություն ենք, շատ լավ հասկանում ենք, որ կան հույսեր և այդ հույսերի իրականացման որոշակի տոկոս, որոշակի մակարդակ: Դու կարող է ապրես քո կյանքում ծանր ժամանակներ քո և քո դաշնակիցների համար, բայց պետականության մշտականությունը հենց դրա մեջ է կայանում, որ դու այդ ժամանակները ապրես, խնդիրները տեսնես, ծանր ժամակներն էլ ապրես, լուծես ու առաջ գնաս:

Այդ թվում նաև քո դաշնակիցների հետ քո հարաբերությունները ժամանակ առ ժամանակ ճշտելով, թարմացնելով, որոշակի պայմաններ փոխելով, որոշակի քննարկումներ անելով: Ճշգրտումներ անելով, ասենք՝ իսկ այն ժամանակ ինչն էր հիմնական պատճառը, որ որոշեցիք այդ լուծումներին գալ: Խորացնելով դաշնակցային հարաբերությունները, նոր անվտանգության միջավայրերի պարագայում հնարավորություն ունենալով բաներ պայմանավորվելու, սկսելու, քննարկելու խոսելու»:

Այս փուլում Արևմուտքում համոզված են, որ Հայաստանը փորձում է ազատվել Ռուսաստանի ազդեցությունից: Մինչդեռ վերջին շրջանում Հայաստանը զուգահեռ տարբեր գործողություններ է ձեռնարկում: Օրինակ, դժգոհելով ՀԱՊԿ-ից և սառեցնելով այդ կառույցում պետության մասնակցությունը, ամեն դեպքում չի հայտարարում կառույցը լքելու մտադրության մասին: Փոխարենը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություններ չունի, թեև դիվերսիֆիկացնում է, ասենք՝ անվտանգությունը: Մեկ այլ փաստով՝ խոսում է եվրաինտեգրման մասին, բայց հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կազմակերպել:

Կարդացեք նաև

Back to top button