ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախի գաղթը չեմ նկարել, չուզեցի ողբի վավերագրողը դառնալ․ զրույց լուսանկարիչ Արեգ Բալայանի հետ

Արեգ Բալայանը Հայաստանի, մի ժամանակ նաև Արցախի պատերին բլոճիկներ էր նկարում։ Դրանք, ասում է, բոլոր մարդկանց ներսի անտրոհելի միավորներն են, երեխաների նման հետաքրքրասեր, պրպտող, լուսավոր։ Բլոճիկների նման լուսավոր օբյեկտներ գտել է նաև ամենածանր իրադարձություններում։ Լուսանկարել է քառօրյա, 44-օրյա պատերազմները, աշխատել գերիների, անհետ կորածների, զոհվածների ընտանիքների հետ։ 2016-ին ՄՈԲ-ի զինվոր էր, առաջին անգամ արձակուրդ գալիս տնից տեսախցիկ վերցրեց, սևուսպիտակով լուսանկարեց դիրքապահներին։ Հետո 2020-ին, որպես ՀՀ կառավարության լուսնկարիչ, գնաց Արցախ։ Հիմա ասում է՝ բարոյական ոչ մի իրավունք չգտավ արցախցիների վերջին գաղթը նկարելու։ 

Ձեզ ճանաչում են որպես պատերազմի լուսանկարիչ ու բլոճիկների հեղինակ։ Ժամանակային առումով այս երկուսից ո՞րն է ավելի շուտ եղել ձեր կյանքում:

-ժամանակային ու անգիտակցական առումով բլոճիկներն իմ ներսում ավելի շուտ էին՝ դեռ չձևակերպված։ Ձևակերպում ստացած ու մարմանավորված՝ ֆոտոն ավելի շուտ է եղել, բլոճիկնները ավելի մեծ ճանաչելիություն 2018-ից հետո ստացան։

Մի առիթով ասել եք, որ ոչ թե պատերազմի լուսնկարիչ եք, այլ լուսանկարիչ, որը հայտնվեց պատերազմում։ Ի՞նչ տարբերություն կա այս երկուսի միջև:

-Հա, իրականում, ռազմական լուսանկարչությունը առանձին մասնագիտական ճյուղ է լուսնկարչության մեջ, որը կամ սովորում ես` ինչ-որ նախապատրաստական փուլ անցնելով, ինչի արդյունքում կարող ես համարվել որակավորված ռազմական լուսանկարիչ, կամ այնպես է ստացվում, որ հայտնվում ես պատերազմում ու գնալով քո փորձը և հմտությունները ավելանում են, իմ դեպքում երկրորդն էր։ 1998-2000-թվականներին ծառայում էի բանակում, 2016-ին մոբիլիզացվել էի որպես զինվոր ու ինչ-որ կետից հասկակցա, որ չեմ կարող չլուսանկարել։ Հենց սկզբից ուզում էի լուսանկարել, բայց, բանակը հրաժարվեց թույլտվություն տալ։

Ի՞նչ նկարեցիք առաջինը պատերազմի ժամանակ։

-2016-ի ապրիլին մոբիլիզացվեցի ու գնացի Արցախ։ Բայց մինչև ինձ մոբիլիազացնելը, ամբողջ ցերեկը ՝ մինչև ժամը գիշերվա 11-ը ես Ստեփանակերտում էի, ու մինչև մութը ընկնելը ես նկարել եմ, առաջին ֆոտոներս, որ պաշտոնապես Արցախից դուրս են եկել, «PAN»-ը հրապարակել է և ուղարկել միջազգային մամուլին, դրանք այն երեխեքի նկարներն էին, որ Մարտունիում զոհվել ու վիրավորվել էին։ Գնացի հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունքից նկարեցի։ Էդ ժամանակ ոչինչ պարզ չէր, հետո, երբ գիշերը գնացինք զորամաս, ես արդեն լուսաբացին եմ նկարել։ Մեր տեղափոխվելը՝ զորամասից դեպի դիրքեր, ճանապարհին եմ նկարել, հետո մինչև հասանք տեղ, դե հոսանք չկար, հեռախոսի մեջ մի քիչ լիցք կար, հույս ունեի, որ կկարողանամ կապ հաստատել մերոնց հետ՝ ասելու կամ, կամ՝ չկամ, բայց կապ ընդհանրապես չկար, ու էդ լիցքը, որ մնացել էր, որոշեցի ֆոտո անել, մի հատ խմբակային ֆոտո եմ արել մեր պոստի տղերքին, բոլորին։ 

Վավերագրողները ձգտում են նաև գեղեցիկ նկարել։ Գեղեցիկն ու պատերազմը աղերսներ ունե՞ն։

-Նախ պետք է պատերազմը անջատել մարդուց, այսինքն՝ եթե մենք ընդհանուր պատերազմի մասին ենք խոսում՝ առանց բաղադրիչների բաժանելու, պատերազմը մարդու ստեղծած չարիքն է, բայց մյուս կողմից՝ պատերազմը միջավայր է, ինչպես մնացած բոլոր ժամանակները։ Դու կարող ես մարդուն սիրուն նկարել, որը պատերազմի ներսում է, կարող ես մարդկային հարաբերությունները սիրուն նկարել, որ պատերազմի ներսում են, կարող ես մարդ-կատու հարաբերությունները նկարել, այն, ինչը ինձ համար կարևոր էր, ինչը ինձ փրկում էր խավարից, ես նկարում էի։

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում ՀՀ կառավարության լուսնկարիչն էիք։ Դուք էի՞ք որոշում ինչ նկարել և ինչպե՞ս, թե՞ ամեն դեպքում գործում էիք՝ ըստ կարելիների ու չի կարելիների։

-Ամեն դեպքում վավերագրողներ էինք, լինում էին դեպքեր, որ մեզ ասում էին կոնկրետ այս բանից ֆոտո ա պետք, լինում էր էդպես, բայց մյուս կողմից էլ մենք նկարում էինք էն, ինչ կատարվում էր, շատ բաներ մենք արել ենք, որովեհտև կարողացել ենք անել, շատ բաներ պետք էր, բայց չենք կարողացել, օրինակ՝ ռազմական հոսպիտալ, էդ երկու ամսվա մեջ չթողեցին մեզ մտնել, հիվանդանոց էլի չէին թողնում, այսինքն՝ մենք օրերով քաղաքում նստած ոչ մի բան չէինք կարողանում անել։ Ամեն վայրկյան ասեին՝ այ հիմա եկեք նկարեք, վազելով գնանք նկարենք, մի քանի օր կորցրինք սպասելով, որովհետև անհաղորդակցություն կար, մեկը մի բան էր ուզում, մյուսը՝ ուրիշ։Մենք իրականում կատարվածի շատ փոքր տոկոսն ենք նկարել։

Ի՞նչ տեսաք 2020-ին, որ 2016-ին չէիք տեսել։

-Էնտեղ, որտեղ ես էի 2016 թվին, դա «Եղնիկներ»-ի ամենավերջին դիրքերից էր, երեք դիրք հետո արդեն Հայաստանի սահամանն էր սկսվում, մեզ մոտ հասնելը շատ դժվար էր։ Դրա համար, «ՄՈԲ»-ը յուրահատուկ էր, որովհետև ես ներսից էի նկարել, ոչ մեկ չուներ այդ հնարավորությունը ներսից նկարելու։ Առաջին հերթափոխը, որ եղավ, ես եկա տուն, հետս կամեռա տարա, էնտեղ արդեն ինձ վստահում էին տղերքը, սպայական անձնակազմից գիտեին, որ ես ոչ մի վատ բան չէի անի։ Հակառակը՝ մի բան էլ ինձնից էին ուզում շատ նկարել։ Բայց դա էլ էր խնդիր, ունեի 4 մարտկոց ու դրանով պիտի 20 օր նկարեի, իսկ էդ անհնար էր ես շատ ժլատ էի, ինչ-որ բան պիտի լիներ, որ նկարեի, կամեռան միշտ հետս չէր, ես ուրիշ ֆունկցա ունեի, նկարելը չէր իմ գործը էնտեղ, ես քնիս հաշվին էի նկարում։ 2020 թվին ուրիշ էր, բայց էդտեղ էլ, անձնական գործոնը շատ մեծ է, որովհետև նույն հիվանդանոց էլի շատ մարդու չէին թողնում, ինձ մի քանի անգամ հաջողվել է նկարել նախավիրահատական վիճակներ, որովհետև ինձ ճանաչում էին, 2020 թվին շատ բան կար, նկարել եմ, բայց քիչ մարդիկ են դա տեսել։ Ինչին հասանելի էի, կարողանում էի, նկարում էի, բայց հետո էդ նկարները կամ հրապարակվում էր կամ չէ, այսինքն՝ առաջինի դեպքում ես ֆիլտրացիան անում էի նկարելուց առաջ։

44-օրյայի ընթացքում Շուշիի Ղազանչեցոցի ֆոնին լուսանկարել էիք երեք ժպտացող երեխաներին։ Այդ լուսանկարը միանգամից մեծ տարածում ունեցավ, մինչ օրս լրագրողները նյութեր են պատրաստում այդ տղաների մասին, մարդիկ փորձում են գտնել, օգնել իրենց։ Լուսանկարն անելու պահին կանխատեսո՞մ էիք այսպիսի արձագանք։

-Ամեն անգամ, որ տեսնում եմ, ջղայնանում եմ, որովհետև էդ ֆոտոն ունի հետպատմություն, պատերազմի ժամանակ ինչը դառնում է սիմվոլ, բոլորը կենտրոնանում են դրա վրա, երբ դու հայտնի մեկին ես օգնում, օգնածդ ավելի տեսանելի է դառնում, քան երբ ուղղակի օգնում ես։ Ամեն ֆոտոն էլ էդ պահին ուրիշ ազդեցություն ունի, հետո կարողա ուրիշ ազդեցություն ունենա, բայց ամեն դեպքում ինքը դառնում է վիճակագրություն, պատմություն, թվեր կամ ինչ-որ տեքստեր։ էդ պահին ոնց որ պահանջ լիներ երեխա նկարելու, որովհետև երեխեքին հանել էին շատերը ու տպավորություն էր, որ Արցախը դարձել է մի մեծ զորամաս, ուզում էի ցույց տալ, որ զորամաս չի, էդտեղ ապրում են մարդիկ, ովքեր պատերազմի ուղղակի մասնակից չեն։

Պատերազմի ավարտից հետո էլ շարունակում եք պատերազմի ծանր հետևանքները ֆիքսել։ Մի քանի ամիս առաջ Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ անհետ կորածների ընտանիքների սպասման մասին ֆոտոշարք ստեղծեցիք։ Ծա՞նր չէ։

-Ինձ համար այդ ընտանիքների հետ աշխատելը մարտահրավեր էր, ցավի այս տեսակի հետ չէի շփվել, չգիտեի ոնց վարվել, ընթացքում սովորում էի, քննարկում էինք՝ ինչի կարող է բախվեմ, ինչի մասին կարելի է խոսել, ինչի մասին՝ ոչ։ Ինչ-որ առումով բթանում է ծանրությունը, դու սովորում ես չնույնականացվել էդ ցավի հետ, բայց մեկ է, մի քանի տեղ եղել ա, որ փլվել եմ , 19 պատմություն էր՝ 18 ընտանիք, մի երկու-երեք ընտանքում փլվել եմ, բայց տեղեր են եղել, որ բացարձակ ոչինչ չեմ զգացել, այսիքն՝ նաև ընտանիքի անդամների անկեղծությունից էր դա գալիս։

Հիմա կա՞ն թեմաներ, որոնցով չեք աշխատի։

-Օրինակ՝ գաղթը, որ եղավ, ես ոչ մի բան չեմ նկարել, դրսից են գրել, զանգել, ներսից, բոլորին ասել եմ չէ՝ սկզբունքորեն, ավելին ասեմ, ինչ-որ առումով մեղադրում էի այն մարդկանց, ովքեր գնում են նկարելու։ Ես չկարողացա ոչ մի ձևով հիմնավորել ինչ-որ բարոյական իրավունք՝ դա նկարելու, եթե ես ինքս գաղթողներից մեկը լինեի, կնկարեի, բայց Երևանից նկարել Արցախից եկող իմ հարազատներին, ես չկարողացա։ Ի՞նչ էր դա տալու, հերթական անգամ վավերագրել մեր թշվառ լինե՞լը, հերթական անգամ վավերագրել ցավ, որը ծնվել է հիմարությունից, մեր հիմար լինելուց, մեր կարճատես լինելուց, 100 տարի առաջ էլ էին նկարել մարդիկ նախորդ գաղթը, ի՞նչ արեցինք մենք դրա հետ։ Մինչև հիմա ուղղակի լացում ենք, ցույց ենք տալիս նկարներ, լացում։ Պատերազմը ուրիշ է, պատերազմի ժամանակ դու կռվում ես, կամ կհաղթես կամ կպարտվես, ես մեջն էի, ես էն մարդն էի, որ կզոհվեր կամ ոչ, դրա համար հավասար մյուսների հետ նկարում էի։

Զրույցի սկզբում ասացիք, որ ժամանակային ու անգիտակցական առումով բլոճիկները լուսանկարներից շուտ կային, բայց դեռ ձևակերպում չունեին։ Ե՞րբ ձև ու բովանդակություն տվեցիք բլոճիկներին։

-Մի քանի տարի իմ խզբզիկներին բոճիկ եմ ասել։ Շատ ուշ հասկացա, որ երբ փոքր էի, տատս պապս ինձ բողոճ էին ասում՝ Լոռվա բարբառով ու հավանաբար էդտեղից է եկել, երբ ես սկսեցի ձևակերպում տալ, թե իրենք ով են, ինչ են, տեսնել՝ ի՞նչ ազդեցություն են ունենում իմ վրա, մարդկանց վրա ու ես իրենց նկարելուց ինչ եմ զգում, էդ ժամանակ սկսեցի ձևակերպումներ տալ, միշտ խզբզում էի՝ տետրերում, լեկցիաների կողքերը, դպրոցում, հետո դե դրանք ավելի մեծ տարիքում սկսեցին դառնալ պատկերներ պատերին։

Առաջին բլոճիկը ո՞ր պատին ու ե՞րբ հայտնվեց։

-Ինձ հրավիրեցին Բեռլին՝ «Street art» ֆեստի՝ միջոցառում էր փառատոնի նման։ Ասեցի՝ բայց ես պուճուր թղթից ավելի մեծ նկարած չկամ, ասեցին՝ չե՞ս ուզում, ասեցի՝ ուզում եմ։ Հետո ես էլ սիրահարվեցի այդ արվեստին, նյութերը բերեցի հետս, ու սկսեցի։ Դրանից հետո ավելի շատ մարդ իմացավ, առաջ միայն իմ ընկերները գիտեին ։

Ո՞վ կամ ի՞նչ է բլոճիկը։

-Դա այն անտրոհելի միավորն է մեր ներսում, որ երբ մենք ծնվում ենք, ինքը մեզ հետ ծնվում է, ու էդ են երեխեն ա մեր միջի, ով չի կորցնում իր հետաքրքրությունը, հետաքրքրասիրությունը, անընդհատ փորձում է ճանաչել, տեսնել, շատ ուշադիր է։

Կարդացեք նաև

Back to top button